Ռուբիկոն

Աշոտ Ոսկանյան. ՈՒԽՏԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, կամ կոլեկտիվ ներկայության պարադոքսները

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Ներածություն.

ՄԵԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Հայերին Լեոն է հնարել: Մինչև Լեոն, սուտ է, հայեր չեն եղել: …Մերանը Լեոն գցեց: Մածունը ոնց են սարքում, կաթի մեջ մերան են գցում, դառնում է մածուն, Լեոն հայերին այդպես է հնարել:»

«Թուրքերն եկան, ասում էր ձիապանը: Չկային, է, չկային: Քսան թվին ստեղծվեցին: Սերգեյ Միրոնովիչ Կիրով, ասում էր  ձիապանը: Երեսուն տարում ոնց ժողովուրդ դարձան: Սոցիալիզմի  մերը չմեռնի, ապա մի ասա սոցիալի՜զմ»:

Հ. Մաթևոսյան

Եվ այսպես` չե՛ն եղել: Ո՛չ մեկը, և ո՛չ էլ մյուսը: Հայերին հնարել է Լեոն, իսկ ադրբեջանցիները ժողովուրդ են դարձել սոցիալիզմի շնորհիվ, երեսուն տարվա ընթացքում:

Ազգերի ձևավորման խնդիրներով զբաղվող եվրոպացի գիտնականը պետք է որ ոգևորությամբ ընդուներ մաթևոսյանական հերոսի վերը ներկայացված վարկածը, որպես հայոց ձիապանների պատմա-մեթոդաբանական բարձր մակարդակի դրսևորում: Չէ՞ որ ժամանակակից հասարակագիտությունն իսկապես խոսում է ազգային պետությունների ծագման երկու հիմնական ուղիների մասին: Մի դեպքում` վճռորոշ են համարվում պատմական ավանդությունը, ցեղային հարազատությունը, ընդհանուր ճակատագիրը, մյուսում` պետական կառույցը, հասարակության գործունեության իրավական կարգավորումը, կոլեկտիվի համակեցության մեխանիզմների ստեղծումը: Յ.Հաբերմասն այդ կապակցությամբ հիշեցնում է, որ առաջին տիպի պետության ստեղծողները եղել են գրողները և պատմաբանները, երկրորդինը` իրավաբանները, դիվանագետներն ու զինվորականները:1 Այնպես որ, այդ ենթադրյալ հետազոտողը պետք է որ պատմաբան Լեոյի և պետական գործիչ Կիրովի հիշատակումը ձիապանի խոսքում միանգամայն տեղին համարեր: Ուրիշ բան է, որ նա երևի նաև ենթադրեր, թե հայերը որքան էլ հին և պատկառելի, միայն պատմության և մշակույթի շնորհիվ չէ, որ ազգ են դարձել, իսկ ադրբեջանցիները, որքան էլ խորհրդային նպատակասլաց պետական շինարարության արդյունքում կերպափոխված, զուրկ չեն եղել սեփական մշակութային-պատմական արմատներից: Հետևաբար, նրանք էլ իրենց «լեոներն» են ունեցել և երևի այսօր էլ ունեն, ինչպես որ հայերը, ի դեմս Ալեքսանդր Մյասնիկյանի կամ Աղասի Խանջյանի, իրենց «կիրովներն» են ունեցել, և, պետք է որ հուսար նշյալ գիտնականը, դեռ ունենալու են:

Այլ էր լինելու հայոց ավտոքտոնության, այսինքն` էն-գլխից-և-հավերժ-հենց-այսպես-գոյության  թեզը դեռևս ութսունականներին իր հոգևոր սեփականությունը դարձրած «հայ-մարդու»2  արձագանքը: Նրա ուշադրությունը ոչ թե սեփական հասարակությունը բնորոշող ինտեգրատիվ բաղկացուցիչների բացորոշման խնդիրն էր գրավելու, այլ առաջին հերթին, ազգի «ձեռակերտ», այսինքն`երբևէ ստեղծված լինելու մասին չարամիտ ենթադրությունը: Իր գնահատականներում դասականի նկատմամբ լոյալություն պահպանելու հրամայականով կաշկանդված հայ-մարդը չեր համարձակվի մեղադրել գրողին,3 բայց պետք է որ փորձեր հարթել թյուրիմացությունը, ցույց տալով, օրինակ, որ այդ օտարահոդ մեկնաբանությունն անհարիր է դասական տեքստին և նենգափոխում է այն: Նշյալ նենգափոխումը մերկացնելու համար նա կարող էր, ասենք, հարց դնել այն մասին, թե ինչ նկատի ուներ մեթոդաբանության մեջ խորացած ձիապանը, հայերիս երևան գալը Լեոյի գործունեության հետ կապելով: Պատմաբանի ջանքերով մեզ հասցված իրական անցքերի եղելությու՞նը, թե՞ այդ անցքերը ժողովելու, նրանցից ընտրություն կատարելու, պակասը լրացնելու, եղածը կերպափոխելու, այսինքն անցյալի մասին խոսելու և գրելու որոշակի կերպի շնորհիվ ձևավորված տեքստերի հավաքականությունը:

Այլ կերպ ասած, պատմությա՞ն, թե՞ պատմագրության արդյունք է հայ ժողովուրդը:

Հասկանալի է, որ առաջին պատասխանի դեպքում կարելի կլիներ վիճակը գոնե հարաբերականորեն փրկված համարել: Հայ-մարդն, իհարկէ, ստիպված էր լինելու հրաժարվել պրիմoրդիալիզմի կենսաբանական մոդելից (օրինակ, ազգային գենետիկական կոդի մասին հայտնի շաղակրատանքից), բայց փոխարենը կվկայակոչեր ազգիս երեք,,, չորս… հինգ… կամ… ութ, և այսպես, ըստ տրամադրության, …հազար տարիների ճաճանչափայլ պատմությունը: Մանավանդ, որ այդ միտումն էլ խորթ չէ միևնույն հեղինակավոր տեքստին: Չէ՞ որ մեջբերված վիպակի հերոսը` Մեսրոպը, «հարևան ուրթին» օրվա իր վերաբերմունքից կախված, «Հայոց պատմության սկիզբը մեկ քշում, տանում չորս հազար տարվա խորք էր իջեցնում, մերթ ծլեցնում էր երեկվա միջից…»:4

Բայց դասականը, շեշտելով Մեսրոպի հակասական կեցվածքը, նրա արծարծած երկու «պատմամեթոդաբանական վարկածներն» էլ փաստորեն օժտել է հավասարազոր լրջմիտ ինքնուրույնությամբ: Ըստ այդմ, առաջին վարկածն իր raison d’être գտնում է հայերի բազմահազարամյա պատմության մեջ, իսկ երկրորդը, նրանում, որ «մերանը Լեոն է գցել»: Մերանի մասին այդ հիշատակումը երկիմաստության տեղ չի թողնում. ինչպես մինչև մերանը գցելը կաթը դեռևս մածուն չէ, այնպես էլ մինչև ազգի պատմությունը գրելն ազգը ազգ չէ: Պատմագրության անհրաժեշտությունն ինքնին ակնհայտ է և կասկածի տեղիք չի տալիս, խնդիրը, սակայն, պատմության ինչպե՛ս գրելն է:Հենց այդ «ինչպեսն» է, որ կազմում է ձիապանի պատմա–փիլիսոփայական հղացքի կորիզը.

«Հովհաննես Թումանյանի Շունն ու կատուն – ոչ կատուն է արհեստավոր եղել, ոչ էլ շունը` անգլխարկ, գլխարկը շան ինչի՞ն է պետք, այտա, Հովհաննես Թումանյանը նստել ու երեխեքի համար հնարել է, կարդում են: Էն է մյուս սեղանին էլ Լեոն է նստել ու մեր հայերիս պատմությունըհնարել: Զարմայր նահապետ, չէ՞ մի – զահրումար նահապետ:»5

Պատմաբանի և գրողի ստեղծագործական գործառույթների այս մերձեցումն է, եթե ո՛չ նույնացումը, որ խառնաշփոթ է առաջացնում պատմագրության մասին ավանդական պատկերացումներում: Մեր հայրենասեր գիտնականն առավել պիտի շփոթվեր, եթե լսած լիներ ամերիկահայ հայտնի հայագետի6 կեսկատակ անդրադարձը մաթևոսյանական ձիապանի թեզին.

«Իսկապես, Լե՞ոն: Իսկ ես մինչ այժմ կարծել եմ, որ հայերին Րաֆֆին է հնարել»:

Այս արձանագրությունը, մի կողմից` հաստատում է գրողների և պատմաբանների դերի վերաբերյալ հաբերմասյան դրույթը, մյուս կողմից` հիշեցնում, որ ազգային ինքնության ձևավորման վրա վճռական ազդեցություն ունեցած տեքստերը կարող են նաև գեղարվեստական հորինվածքներ, ֆիկցիաներ, լինել: Եվ եթե Րաֆֆու և Լեոյի պարագայում գրողը դեռ տարբերելի է պատմաբանից, ապա ո՞վ կարող է համարձակվել պնդել, որ գիտե, թե ի՞նչ հարաբերությամբ են միախառնված առասպելն ու եղելությունը միջնադարյան մեր պատմիչների քերթվածքներում:

Բայց արդյո՞ք խոսքն ընդհանրապես «միախառնվելու» մասին է, և ո՛չ կատարվողի ու մտածվողի այն տարօրինակ ելակետային միասնության, չտարբերակվածության, որն ազգի կոլեկտիվ ներկայության ատաղձն է կազմում: Եվ արդյո՞ք այդ չտարբերակված լինելու շնորհիվ չէ, որ սոցիալական հավաքանության անդամների միմյանց պատկանելն ինքնին հասկանալի և անկասկած է թվում:

Կոլեկտիվին պատկանողների մոտ կասկած չհարուցող ընդհանրականի այդ ոլորտն ընդունված է նշանակել «կենսաշխարհ» եզրով: Հասկացությունը մշակել և ներմուծել է Էդմունդ Հուսեռլը, ի հակակշիռ անողոք արմատականության, որով նրա աշակերտը` Մարտին Հայդեգերը, վերաիմաստավորում և վերաձևում էր ուսուցչի ուսմունքը: Այնտեղ, ուր Հուսեռլը, մարդկային իմացությունը սուբյեկտիվիզմից ազատելու և այն գիտական խիստ հիմքերի վրա դնելու իր ձգտմամբ, դեռ իներցիայի ուժով մտքի առարկայանությունից էր խոսում, Հայդեգերն արդեն գոյաբանական շրջադարձ էր կատարել և իր համար ելակետ ընդունել մարդու` ամեն մի իմացությանը նախորդող, «աշխարհում-ներկա-լինելը»: Աշխարհի և մարդու այդ նախասկզբնական միասնության շեշտադրման շնորհիվ օբյեկտիվի և սուբյեկտիվի, հետևաբար նաև, կատարվողի և մտածվողի, հակադրությունն ինքնին ընկալվում էր որպես արհեստածին, իսկ հուսեռլյան զուտ իմացությանը միտված տրանսցենդենտալ սուբյեկտն ի հայտ էր բերում իր վերացական և աշխարհազուրկ 7 բնույթը: Ուշ Հուսեռլի նորամուծությունը նախկին աշակերտի քննադատությանը դասական բներևութաբանության միջոցներով պատասխանելու արժանապատիվ մի փորձ էր, որի նշանակությունը չի խամրում նույնիսկ իրոնիկ այն ենթադրությունից, որ ՙկենսաշխարհ՚ եզրն, այնուամենայնիվ, առաջին անգամ օգտագործել է Հայդեգերը 1919/20 թթ. ֆրայբուրգյան իր դասախոսություններում:8 Հուսեռլը, որ խնդրին արդեն երեսնականներին է անդրադարձել, բնորոշել է կենսաշխարհը որպես այն հողը, որի շնորհիվ հնարավոր է դառնում մարդկային ողջ փորձառությունը: Նա փաստորեն ընդունել է հայդեգերյան թեզն այն մասին, որ ամեն մի հայացք անհրաժեշտորեն նաև հայեցակետ է, ուրեմն և գոյություն չունի որևէ իմացություն, որ իրականացվելիս լիներ ՙօբյեկտիվորեն՚, որոշակի հեռանկարից կամ տեսադաշտից անկախ: Սակայն դրանով օբյեկտիվության պահանջը հուսեռլյան համակարգում ավելորդ չի դարձել և խստիվ գիտության տեսլականը մի կողմ չի դրվել: Ուղղակի հաշվի է առնվել, որ «օբյեկտիվ» իմացությունը պարտավոր է նաև «հեռանկարի» իմացություն լինել: Եվ որ կենսաշխարհն է ներառում և համատեղում բոլոր հնարավոր հեռանկարները: Կենսաշխարհի հասկացության համապարփակ զարգացումն արդի հասարակագիտության միջոցներով իրականացրել է Յ. Հաբերմասը:

Կարդալ նաև

Պատմություն Ռոմիկ Քոչարյան. Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը և Պատմության գոյավորության առանձնահատկությունները1 Ռոմիկ Քոչարյան «Եւ հասարակաց յոյսն մի շահ է. զի առաջինքն ուրախ լինին ի վերջնոցն բարեգործութիւնս. եւ վերջինքս հաստատին յառաջնոցն կատարելութիւն յուսոյն: Եւ առաքինութիւնք առաջնոցն ժառանգութիւն առնի վերջնոցս. զի մնացուածք բարի գործոց առաջնոցն առնու լրումն՝ ի… Պատմություն Ռոմիկ Քոչարյան. Պատմության մեկնողականությունը եվ Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» աշխատության իմաստասիրող առանձնահատկությունը1 Ռոմիկ Քոչարյան «Ճշմարտութիւն հաւատոյ լոյս է աչաց մտացն, շարժմանցն խորհրդոց, յիշատակացն զգացեալ զլոյսն գիտութեան եւ զիմաստութեան շնորհաց Հոգւոյն Սրբոյ»: /Ս. Գրիգոր Լուսավորիչ «Յաճախապատում»/ «Պատմական անցեալն իւրաքանչիւր ազգի վեհագոյն հարստութիւնն է, իսկ… Պատմություն Շուշան Մակարյան. Մեկ ժամ Ժակ Լը Գոֆֆի հետ Շուշան Մակարյան – Բարև Ձեզ, պարոն Լը Գոֆֆ: – Բարև ձեզ, տիկնայք: Համեցե՛ք: Եթե դեմ չեք, կզրուցենք իմ աշխատասենյակում: Գրքեր, ամենուր գրքեր. պատերին` հատակից մինչև առաստաղ, սեղանին, սեղանի տակ, պատուհանի գոգին, անկյուններում, անկանոն, խիտ շարքերով կամ իրար վրա…