Ռուբիկոն

Էժեն Դելակրուա. Միքելանջելո

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Վերին մասը ներկայացնում է երկու ցածրադիր կամարներ, որոնց շուրջ Միքելանջելոն պատկերել է հրեշտակների խմբեր, որոնք հաղթականորեն տանում են կրքերի գործիքները: Տկարացող նկարիչն անկասկած զգացել է, որ իր հանճարը շատ էլ ոգևորված չէ այդ սառնաշունչ տեսարանով և ցանկացել է իրական ոգեշնչման պակասը փոխհատուցել կեցվածքների արտառոցությամբ: Երկնքի այդ բնակիչները լիովին զուրկ են այն անխռովությունից, որ պայմանավորված է նրանց աստվածային էությամբ: Չի կարելի հերքել, թե ծռմռվածության հանդեպ Միքելանջելոյի հակումը երբեմն նրան մի փոքր ավելի հեռուն է տարել, և մենք չենք փորձի այդ կետում արդարացնել նրան, ինչպես նրա կենսագիրներից մեկը, որը, ընկնելով խանդավառության մեջ, ասել է Զաքարիայի ֆիգուրի14 առնչությամբ. «Դռան վերևում տեսնում ենք մարգարեին, որ գրքում ինչ-որ բան է փնտրում, բայց չի կարողանում գտնել: Նրա մի ոտքը օդում կախված է, և փնտրտուքով տարված` նա չի զգում իր այդ կեցվածքի անհարմարությունը»:

Այս ողջ կոմպոզիցիան, ուր մարդկային մարմինը պատկերված է բոլոր դիրքերով ու բոլոր հնարավոր դիտանկյուններից, ունի որոշ տարտամություն, որն աչք է ծակում առաջին հայացքից: Պապը հանդիպել է նկարչին, երբ նա դեռևս աշխատանքի կեսն էր կատարել: Պապին ուղեկցել է նրա արարողապետ մեսսիր Բլեզ դը Սեզենը, որը չի թաքցրել, որ այդ անհավանական ֆիգուրների կուտակումն իրեն ավելի շատ հիշեցնում է հասարակական բաղնիքներում լողացողների, և որ այդ տեսարանն ավելի պատշաճ կլիներ գինետների ու խրախճանատեղերի համար: Միքելանջելոն քինախնդրությամբ է լցվել այդ քննադատի հանդեպ և նրա հեռանալուն պես պատկերել է նրան Մինոսի կերպարանքով և էշի ականջներով. Պիտի ենթադրել, որ դա հավանաբար այն նյարդային օրերից մեկն է եղել, երբ արվեստագետը ստիպված է եղել լսելու նման մի շարք հանդուգն դիտողություններ: Ի վերջո, ինչ պատճառով էլ որ Միքելանջելոն Դժոխքի դատավորին պատկերած լիներ արարողապետի կերպարանքով, վերջինիս դա ահավոր տհաճություն է պատճառել: Նա իրեն այդկերպ անմահացած տեսնելով` դառնությամբ գանգատվել է պապին մի արվեստագետից, որը նրա կարծիքով, ոչ մի պատկառանք չունի: Նրան, սակայն, վիճակված էր հարատևել այդ պատին` ի խրատ բոլոր ապագա մետր Բլեզների: Պապն ասել է նրան. «Դուք գիտեք, որ ես անսահմանափակ իշխանություն ունեմ երկնքում և երկրի վրա, բայց ես անկարող եմ ձեզ դուրս բերել Դժոխքից. ուրեմն, մնացե՛ք այնտեղ»:

Միքելանջելոյին հանդիմանել են, որ նա դիցաբանական Մինոսին, Քարոնին և այլոց ներմուծել է քրիստոնեական սյուժեի մեջ: Համաձայն եմ, որ ճշմարտացիությունը փոքր-ինչ խաթարվում է այդ անտեղի խառնուրդից. բայց հարկավոր չէ դա այդքան կարևորել նմանօրինակ գեղանկարչական գործում. ճշմարտացիությունը տվյալ դեպքում այնքան էլ անհրաժեշտ չէ: Նկարիչն այս պարագայում թերևս հետևել է ոչ այնքան իր, որքան ժամանակի ճաշակին: Դիցաբանությունը, որ մեզ համար ծեծված ոլորտ է, այն ժամանակ կրել է նորույթի ողջ արժանիքը: Դանտեն արդեն տվել էր այդ խիզախության օրինակը, և Միքելանջելոն` նրա կրքոտ երկրպագուն, կարողացել է առանց տատանվելու հետևել այդ օրինակին: Քարոնն իր նավակով, հոգիները, որոնց վանում է նա իր սարսափելի թիակով, – այդ ամենն առկա է «Աստվածային կատակերգության» մեջ:Ոչինչ այնքան ավելի բանաստեղծական չէ, որքան նման փոխադրումը արվեստի այլ լեզվով: Դժոխքի ուղեկցորդի սաստիկ մոլեգնանքը` ՙil nocchier della livida palude»15, և նրա գործակից սարսափելի դևերը` լցված չարությամբ ու զարհուրանքով, մի սարսռազդու տեսարան են ներկայացնում: Այդ դևերն իրենց կատաղությունը բոլոր ձևերով թափում են երկնային ցասմամբ իրենց ճանկն ընկած թշվառ զոհերի վրա, և անգամ Աստված, այն է` Քրիստոսը, այդ գեղանկարի մեջ սոսկ վրեժխնդրությամբ այրվող և ողորմածության ոչ մի նշույլ չունեցող տեսք ունի: Բռնադատող բազկով նա անվերջանալի տանջանքների գիրկն է ուղարկում խեղճ ադամորդիներին, որոնց այլևս ոչինչ չի կարող փրկել սարսափելի դատավճռից: Միքելանջելոն չէր կարող Աստծուն պատկերել որպես գթառատ Տիրոջ, որը ներողամիտ է թույլ արարածների վիրավորանքների հանդեպ: Նրա պատկերացմամբ, Հիսուսն այլևս մեր մեղքերի քավության նպաստող զոհը չէր: Դա մի անողոք դատավոր է, անտարբեր` այն միլիոնավոր հուսալքված դատապարտյալների սոսկալի վայնասունին, որոնք զուր աղերսում են նրան կամ ցավագնորեն ջղաձգվում իրենց դահիճների մագիլների մեջ:

Քնքուշ զգացմունքներ պատկերելը երբեք բնորոշ չի եղել Միքելանջելոյի հանճարին: Իր այդ գործում, ավելի քան մյուսներում, նա լայն ասպարեզ է տվել սարսափազդու պատկերների հանդեպ իր հակումին: Արվեստագետի երևակայությունը, որ շարունակ մթագնել է մարգարեների գրքերն ընթերցելով, նրան մատուցել է սոսկ ահարկու կերպարներ, իսկ մենությունը, որին հաճույքով տրվել է, առավել խորացրել է նրա մելամաղձոտ հոգեվիճակները: Մի այդպիսի մռայլ անկումային պահի, երբ մեն-մենակ է եղել, խուսափելով ընկերների շրջապատից, նա իր աշխատանքի ավարտական փուլին մոտենալիս հանկարծ տախտակամածից ցած է ընկել և շատ լրջորեն վնասել ոտքը: Այդ դեպքից հետո նրա հոգեվիճակն այնքան է վատթարացել, որ նա լիովին մեկուսացել է` որոշելով ոչ մեկի ոչինչ չասել իր դժբախտության մասին և սպասել մահվան: Մի անգամ նրա դուռն է թակել Բաչչո Ռոնտինին` նրա բժիշկն ու ընկերը և ոչ մի պատասխան չստանալով` ապարդյուն փորձեր է կատարել իմանալու, թե ինչ է պատահել: Ապա մի կերպ, գաղտնի մուտքերով թափանցել է տուն և անցնելով սենյակից սենյակ, վերջապես գտել է մի մութ անկյունում կծկված Միքելանջելոյին, որը տառապել է առավել բորբոքված ցավից` սևամաղձ վհատությամբ համակված: Ռոնտինին մեծ ջանքերի գնով կարողացել է խելքի բերել նրան` փարատելով նրա երևակայությունը պաշարած մռայլ մտքերը և հեռացել է` վերքը լիովին բուժելուց հետո միայն: Միքելանջելոն օրեցօր առավել դժվարահաճ է դարձել իր աշխատանքների հանդեպ: Գրեթե յոթանասունամյա հասակում նա մտադրվել է ստեղծել «Պիետա» անվամբ մի նոր մարմարե խմբաքանդակ: Դա նրա նախասիրած սյուժեներից է եղել, ուստի և նախկին երիտասարդական ավյունով է ձեռնարկել այդ գործը: Ցավոք նրա օգտագործած մարմարը եղել է շատ կարծր և բազում միջներակներով լի, ուստի և հատելիս կայծեր է արձակել: Բայց նա երկար ժամանակ համառել է` հակառակ իր սովորույթին` հեշտությամբ հրաժարվել գործից, երբ որևէ խոչընդոտ է ծագում: Ի վերջո նրա համբերությունը տեղի է տվել, և նա ջարդել է արածը: Նրա գործուն միտքը մղել է անդուլ աշխատանքի, բայց նրան մշտապես համակել են հուսալքության պահերը, և այդ ծանր հոգեվիճակին գումարված բարեպաշտական խոհերը նրան մղել են ապարդյուն և ափսոսելի համարել այն ամենը, ինչը չի ընծայաբերել Երկնքին: Ստորև կբերեմ միայն նրա սոնետներից մեկը, որը հրաշալիպարզությամբ պատկերում է նրա այդ հոգեվիճակը. դա հանրահայտ գործերից է. բայց կան նաև բազմաթիվ այլ նույնքան հուզիչ քերթվածներ, որոնք, սակայն, այնքան ինքնօրինակ ոճով են գրված և այնքան նրբիմաստ են, որ հնարավոր չէ համարժեքորեն թարգմանել16.

Կարդալ նաև

Արվեստ Յոզեֆ Բոյս, Յանիս Կունելիս, Անսելմ Կիֆեր, Էնցո Կուչի. Եվրոպական մայրցամաքի մշակութա–պատմական ողբերգության մասին Յոզեֆ Բոյս, Յանիս Կունելիս, Անսելմ Կիֆեր, Էնցո Կուչի Սույն քննարկումը նշում է արդի արվեստաբանական տեսության այն շարքի շարունակությունը, որն ի սկզբանե փորձել է ռադիկալ արվեստը մոտեցնել ռադիկալ քաղակականությանը, սակայն առանց ենթագումարելու արվեստը… Արվեստ Քեննեթ Քլարկ. Սիմվոլների բնանկար Քեննեթ Քլարկ Հատված «Բնանկարն արվեստում» գրքից Անգլիացի խոշորագույն արվեստի տեսաբան և քննադատ Քեննեթ Քլարկը (1903-1983) ծնվել է Լոնդոնում. արվեստաբանություն է ուսումնասիրել Օքսֆորդի Թրինիթի քոլեջում: Առաջին գիրքը` «Գոթական վերածննունդ», գրել է 22 տարեկան… Արվեստ Վ. Ս. Փրիթչետ, Գրեհեմ Սադերլենդ, սըր Քեննեթ Քլարկ, Հենրի Մուրի. Արվեստ և կյանք Հատված Վ. Ս. Փրիթչետի, Գրեհեմ Սադերլենդի, սըր Քեննեթ Քլարկի և Հենրի Մուրի քննարկումից Վ. Ս. Փրիթչետ – Այս շարքի1 վերջին քննարկման մեջ կա մի կետ, որն ինձ բավական մտածել է տալիս: Բելը կարծես ձգտում է երևալ մի արվեստագետ, որ պատկերում է օդային ռմբակոծության…