Ալբերտ Կոստանյան
Ամենաիմաստավոր հարյուրամյակն է անցյալ դարը մեր հավաքական գոյության վերջին կես-հազարամյակի մղձավանջից հետո ու նախորդ դարերից՝ ամենաաղետաբերը։ Երբ դարաեզրի մեր բանաստեղծության պայծառ ու շողշողուն համաստեղության ներկայացուցիչներից մեկն արդեն ասել էր այն, ինչ կարող էր ասել ու պետք է ասեր, եկավ նա, որ իրեն ախորժում է կոչել հազարադեմ ու բյուրանուն։ Եկավ՝ «աղոթքի պես հեզ», «պոռնիկի պես ընկած», «հանձնված ամոթին ու ստին», «աստղային ծիրից» հանկարծ արձակված «հրավարս հրթիռ», «կարմիր արյունի» «կարմիր կարոտով», «երեքգույն ծիածանի» լուսախաղով, «կապուտաչյա սիրուհու» հետ ամուսնանալու համար, «ահաբեկիչի խելագար խանդով» սրընթաց նժույգին հեծած՝ «պատմության քառուղիներով» սլանալու, «շփոթ երգերով ու աղմուկներով» աստվածակերպ մուսային դավաճանելու որոգայթից ազատվող, «կայուն գիտության գրանիտյա գետին» ստեղծող իր անձով, գործով ու հանճարեղությամբ։
Բարին հարաբերական է, գեղեցիկը՝ բացարձակ։ Երբ բանաստեղծը իր համար անուն էր ընտրում՝ քմահաճություն էր բանեցնում, թե հայեցակետ, միևնույն է, անդրադառնալու էր դրա իմաստին, հնարավոր արձագանքին ու մանավանդ սեփական վերաբերմունքին՝ այս երկրի չարին ու բարուն։ Եվ իհարկե, զարմանալի է, որ այդ անվան հիմքում ընկած բառը, դրանով բովանդակավորած հասկացությունը ճակատագրական դարձավ նրա համար, իսկ նա կրեց դա որպես իր խաչը՝ արժանապատվությամբ, վերին շնորհով օժտված լինելու հավատով և աշխարհի գեղեցկությունը շատացնելու վստահությամբ։
«Որպես լքված թավջութակի ձգված մի լար՝ …» տողով սկսվող «Մահվան տեսիլը»՝ մահվան տեսիլներից առաջինը, իր թվագրությամբ ևս հատկանշականը (6.10.1920), պարզ վկայություն է այն բանի, որ Եղիշե Չարենցը՝ որպես բանաստեղծներից ոչ-ոք, ունի իր կոչման գիտակցությունը, կամավորապես է ընտրել իր ուղին ու պատրաստ է անմնացորդ նվիրումով ու իր հանճարի շռինդով հնչեցնել իր ահազանգը. «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, …»:
Սա չի նշանակում, թե դրանից հետո ասված ամեն մի խոսք խստիվ համապատասխանում է սույն ազդարարությանը, ամենևին ոչ. եղել են և վհատության պահեր, և հրճվանքի վայրկյաններ, եղել է ոչ միայն մահվան հաճախանք, այլև կյանքի բերկրանք, թուլություն, անկում, գռեհկություն, համընդհանուր համերաշխության կարոտ ու կոմունիստական ծամածռություններ։ Այս ամենը եղել է անմիջապես հետո և եղել է նրա հետ, որ մեր բանաստեղծներից ամենակազմակերպվածն էր ու ամենատարերայինը միաժամանակ։
Իսկ դրանից առաջ նույն պատեպատ զարկվողն էր, որ համատեղում էր իր մեջ ամբոխների երթի ու պայքարի շարքերում իր համեստագույն դերը օծյալ, առանձնաշնորհյալ և ի սկզբանե պայծառափայլ երգչի տողերի հետ. «էլի գարուն կգա, կբացվի վարդը, …»: Բայց ինչո՞ւ դու համեստագույն անվանեցիր նրա դերը ամբոխների երթի ու պայքարի շարքերում։ Որովհետև ես նկատի ունեի նրա անձնական մասնակցությունը, և ոչ թե նրանց երթի ու պայքարի տրուբադուր լինելը, մի հատկություն, որով միշտ հպարտ էր ու որպես հանդիմանություն երբեմն հիշեցնում էր սուտ գաղափարակրության չնչին ասպետներին բռնկումի ու բարկության մոլեգին վայրկյաններին. «Եվ միթե՞ ես չերգեցի ձեր կռիվը, կարմիր ընկերներ…»։
Երգել է, այո՛, դա նրա ընտրությունն էր, բայց ով կարող է մեզ զրկել մեր ընտրության իրավունքից։ Բանաստեղծի ապրումը և այդ ապրումը կրող գեղակերտությունը ոչ կրոնական բարեփոխիչի ուսմունք է, ոչ իշխանավորի քաղաքական հրահանգ, և նույնիսկ նույնանալիս, մնում է ու շահագրգռում է արվեստայինի շրջանակներում, որպես անհատական վկայություն, անկախ թեմայից, որ կարող են լինել փողոցային պչրուհին, հեղափոխական զանգվածները կամ անցյալ ու ապառնի հետաքրքրությունների տվայտանքը։
Կարմիրը մի փոխաբերություն է, որ ուղեկցում է մեր բանաստեղծին սկզբից մինչև վերջ, եռագույն ծիածանի կարմիրից մինչև կարմիր սոնետ՝ «Իմաստուն է օրերի վայրագ նահանջը հիմա» (1921)։ Ապա և այն ամենը, ինչ այսօր կուզենայինք, որ եղած չլիներ։ Ի՜նչ փույթ, եթե մեր գործը ընտրելն է՝ առանձնացնելով նրա ժառանգությունից այն, ինչ բացարձակ արժեք է ներկայացնում, մնացածը թողնելով ժամանակի ծալքերի մեջ ու փոշու դեզի տակ, ի խրախույս բանասերների և հետաքրքրասեր ուրիշների։ Չմոռանանք, այն, ինչին հասավ մեր ժամանակի մտայնությունը դարավերջին, բանաստեղծը հասել է իր ընդհատված ժամանակի նախօրեին, երբ վճռական դարձ է կատարում դեպի իր ակունքը, այնպես, ինչպես սկսել էր, այնպես, ինչպես պատկերանում էր ինքն իրեն՝ կամավոր ճորտությունից ձերբազատված, «միակ սրբազան» բանի՜ «հանուն ձևի ու խոսքի» նվիրյալ. «Եվ սերմնացան աննինջ՝ դժնի ժամանակի»։ Իր լերան կատարին հասածի աղոթքն է, աղոթքներից ամենաանողոքը. «Իմ լերան աղոթքը» (մարտ, 1937) և վերջին տարիների մյուս երկերը՝ «Զվարթ գիտություն» պայմանական, աշխատանքային վերնագրով, անգոյությունից փրկված ու ավա՜ղ, կարոտ հմուտ ու վարժ տեքստաբանների տևական տքնության։
Իսկ այն պստլիկ գաղտնիքը, որն այսօր հայտնի է դարձել որպես ասված ճշմարտություն, նրա տառապալից ապրումների արգասիքն է՝ ձրի ընծայաբերված նրանից հետո ու ձեզանից առաջ եկածներին, նա արարիչն ու զոհն է փորձարկման ենթարկված խորհուրդի, որ չգործեց արվեստայինից դուրս պատճառներով։ Բանաստեղծի երազը տարբեր է իշխանության ձգտողների տենչանքից, իշխանավորը տերն է կյանքի, որ անցողիկ է, իսկ հետո նրան վիճակված է բանաստեղծի լուսանցագրության մի անկյունը՝ որպես պարսավ կամ գովք, միևնույն է, որովհետև թե գովքը, թե պարսավը հետագայում ընթերցվելու է հասարակ տեղիք դարձած այն պարզ ճշմարտության տեսանկյունից, որ մի ժամանակ գաղտնիք էր ու այժմ ցուցադրվում է իր ողջ մերկությամբ։ Հիրավի անողոք կյանք, որ չի խնայում ոչ իշխանությամբ պսակվածին, ոչ հանճարով շնորհվածին, բայց փրկում է ստեղծված գեղեցիկը՝ ապրելու ու մտածելու լավագույն մխիթարությունը։
Ստալինի մահվանից հետո տեղի ունեցած նրա պսակազերծումը դյուրամիտ Խրուշչովի քմահաճույքը չէր, այլ պահանջը ահագնացող հանրային մտքի, որի ձևավորմանը այս կամ այն չափով նպաստել են միլիոնավորների թափած արյան հիշատակի կրողները և իրենք՝ ողջակիզվածները սխրալից ահազանգումների իրենց կտակով։
Եղիշե Չարենց. դարի մունետիկը, որի աստեղային ժամը շառագունեց ծիածանի բոլոր երանգներով, մեր կյանքին վիճակված ամեհի դղրդյունների ազդարարությամբ, մարդկային հոգիների սպիտակափառ տվայտանքի ցոլքերով, ի գիտություն, ի պահ և ի վայելումն ապրողների, որ կան և որ լինելու են՝ նրա խոսքով արբեցած ու նրա փորձով հասունացած։
Միակը, անկրկնելին, բացառիկը, մեր բանաստեղծության նոր դարաշրջանը, նորահաստատ սկիզբը, սկզբնավորելու բերկրանքը, բերկրանքներից ամենաերջանիկը։
Ինչքան անիմաստ կլիներ քսաներորդ դարը, եթե ծնված չլիներ Եղիշե Չարենցը։ Նրա ներկայությունը վսեմ ողբերգականության շունչ է հաղորդում ծաղրածուների, հտպիտների ու խեղկատակների մեր դարին, որի ճակատի վրա բազմած անունները՝ Մուսոլինիից ու Լենինից մինչև Տրոցկի ու Հիտլեր, և դեռ անհամար Կասյաններ, իրենց գաճաճ աճպարարությամբ հեղեղեցին ասպարեզը ու չքացան, մարդկանց թողնելով ամոթի ու հիասթափության, զավեշտական մորմոքի ու կատաղի անզորության քմահաճույքին. «Ես մեղսավոր քերթողս աստվածարյալ դարի»։
Այն ժամանակը, որը անվանելու համար ամենից շատ նրա անունն է սազում, արդեն սպառվել է, բայց մենք դեռ որոնում ենք անցած-գնացածի լավն ու վատը, թացն ու չորը, ճիշտն ու սխալը։ Չարենցի անհատական ողբերգությունն ու ստեղծագործական ողբերգականությունը շարունակում են խռովել մեր հոգիները, և այսօր էլ՝ նրա ծննդյան տարելիցին մենք պատրաստ չենք անխռով խոսք ասել բանաստեղծի հիշատակին, վերջակետելու համար մահկանացուի անցյալը և հիմնավորելու, հիմքը դնելու անմահական կերպարի մշտնջենական վայելքին։
Նրա մասին ըստ ամենայնի արժանի բան դեռ կգրվի։ Լավ բնութագրումների հանդիպել եմ զանազան նյութերի մեջ։ Ինքս էլ միշտ հետաձգել եմ նրա մասին գրելու մտադրությունս, սպասելով որ ժամանակի հեռավորությունը անի այն, ինչ չի կարող անել առայժմ մեզանից ոչ մեկը։ Նույնիսկ Վիլյամ Սարոյանը՝ մեր անմիջական իրականությունից դուրս կանգնածը, որը ժամանակ առ ժամանակ, մոտավորապես տասնամյակը մեկ, անդրադարձել է նրան, ապավինում է լուսավոր ստի տանելի հնարանքին։ Հակոբ Օշականը ժամանակին, բանաստեղծի կենդանության օրոք, ասել է այնքան ու այնպես, որքան ու որպես կուզեին լսել իր շրջապատում այն օրերին։ Եվ այսպես շարունակ, ժամանակակիցների շահագրգռություններ, հակառակորդների կանխակալ մոտեցումներ կամ համակիրների բարյացակամ վերաբերմունք ու ապագայի ընթերցողին հասցեագրված գունազարդում։ Իսկ չարենցագիտություն կոչվածը չէր կարող այլ բան լինել, քան սովետական գաղափարախոսական դրվածքի տվյալ փուլին արված տուրք։ Անցյալ ժամանակը հաղթահարված չէ նաև այսօր, ու բանաստեղծի կերպարը չի քել իր ժամանակավոր պատյանը՝ իր ապրած իրականության թեև սպառված, բայց դեռևս ճնշող շրջանակը։
Եղիշե Չարենցին պատկերած նկարիչները որսացել են իրենց բնորդի այնպիսի հատկություններ, որոնք համապատասխանում են բանաստեղծի հսկա կերպարի մասին իրենց սեփական պատկերացումներին, բայց չեն համընկնում լուսանկարչական հավաստիությամբ վերարտադրվածների հետ կամ չեն նույնանում պատկերվող անհատականության ողջ ներաշխարհին։ Մարտիրոս Սարյանը պատկերել է բանաստեղծին դիմակի հետ։ Ոչ թե դիմակով, այլ դիմակի հետ։ Դիմագիծը քիչ է թվացել նրան, նա դիմակ է ավելացրել և դրանով փոխել է կտավի տարածական հավասարակշռության կենտրոնը, առանձին վերցրած դիմակն ու առանձին վերցրած դիմագիծը իրար լրացնող, իրար հակադրվող, իրարով պայմանավորված ու փոխադարձ հարաբերության մեջ մտնող կերպարներ են՝ ենթակա նկարչի հայեցակետին, որ շեշտադրում է իր վերաբերմունքի անմիանշանակությունը։
Անշուշտ, հազար դեմքն ու բյուր անունը նույնպես փոխաբերություն են և հասկանալի է, որ դրանք չեն կարող հավասարարժեք լինել։ Բացի այդ, դեմքը մեկն է լինում, մյուսները դիմակ են կամ այլազան կերպեր, որ փորձում է ու չափի բերում արվեստավորը՝ ժամանակին, տեղին ու եղանակին համապատասխան ունկնդիր լինելիս իր հոգու ելևէջին։ Դիմակը կեղծիք չէ, բազմիմաստություն է, անվան տրոհումն ու շատությունը հոգու հարստության ու կենսական բազմազանության առկայծումներ են, որոնք կարող են չարդարացվել բարոյապես, երբ դրանք հետամուտ են բարոյականության խնդրի, բայց ավելի ճիշտ է այդպիսի դեպքերում առաջնորդվել գեղեցիկի օրինաչափությամբ։