Ռուբիկոն

Լյուդվիգ Վիտգենշտայն. Տրամաբանա-փիլիսոփայական տրակտակ (Tractatus logico-philosophicus) (հատվածներ)

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

1          Աշխարհն այն ամենն է, ինչ տեղի է ունենում:

1.1       Աշխարհը փաստերի ամբողջությունն է, ոչ իրերի:

1.11      Աշխարհը որոշարկված է փաստերով և նրանով, որ դրանք բոլորը փաստեր են:

1.12      Քանի որ փաստերի ամբողջությունը որոշարկում է այն, ինչը տեղի է ունենում, ինչպես նաև ամեն բան, որ տեղի չի ունենում:

1.13      Աշխարհը փաստերն են տրամաբանական տարածության մեջ:

1.2       Աշխարհը տարբաժանվում  է փաստերի:

1.21      Մի բան կարող է տեղի ունենալ կամ տեղի չունենալ, իսկ մնացած ամեն բան կմնա նույնը:

2          Տեղի ունեցողը` փաստը, իրադարձությունների գոյություն է:

2.01      Իրադարձությունը առարկաների (բաների, իրերի) կապն է:

2.11      Իրի համար էական է, որ այն կարող է լինել որևէ իրադարձության բաղադրիչ մաս:

2.12      Տրամաբանության մեջ պատահական ոչինչ չկա. եթե իրը կարող է հանդիպել որևէ իրադարձության մեջ, ապա իրադարձությանհնարավորությունն արդեն պետք է դրված լինի իրի մեջ:

2.0121  Պատահականություն կթվար, եթե իրը, որ կարող էր գոյություն ունենալ ինքնըստինքյան, հետագայում մտներ որևէ իրադրության մեջ:

Եթե իրերը կարող են մտնել իրադարձությունների մեջ, ապա դա պետք է ներդրված լինի նրանց մեջ:

(Տրամաբանականը չի կարող միայն հնարավոր լինել: Տրամաբանությունը գործ ունի բոլոր հնարավորությունների հետ, և բոլոր հնարավորությունները իր փաստերն են:)

Այնպես, ինչպես մենք չենք կարող տարածական առարկաներն ընդհանրապես մտածել տարածությունից դուրս, ժամանակայինները` ժամանակից դուրս, այդպես էլ չենք կարող ոչ մի առարկա մտածել ուրիշի հետ կապի մեջ լինելու հնարավորությունից դուրս:

Եթե ես կարող եմ մտածել առարկան իրադարձության համատեքստում, ապա չեմ կարող մտածել այն այդ համատեքստի հնարավորությունից դուրս:

2.0122 Իրը ինքնուրույն է, քանի որ կարող է հանդես գալ բոլոր հնարավոր իրադրությունների մեջ, սակայն ինքնուրույնության այս ձևը կապի ձև էիրադարձության հետ, անինքնուրույնության մի ձև: (Անհնար է, որ բառերը հանդես գան երկու տարբեր եղանակներով` առանձին և նախադասությանմեջ:)

2.0123  Եթե ես գիտեմ առարկան, ապա գիտեմ նաև իրադարձության մեջ նրա հանդես գալու բոլոր հնարավորությունները: (Յուրաքանչյուր այդպիսի հնարավորություն պետք է դրված լինի առարկայի բնության մեջ:)

Հետին թվով անկարելի է գտնել նոր հնարավորություն:

2.01231 Առարկան գիտենալու համար ես չպետք է իմանամ նրա արտաքին հատկությունները, սակայն պետք է իմանամ նրա բոլոր ներքինհատկությունները:

2.0124  Եթե բոլոր առարկաները տրված են, ապա դրանով տրված են նաև բոլոր հնարավոր իրադարձությունները:

2.13      Յուրաքանչյուր իր գոյություն ունի ասես հնարավոր իրադարձությունների տարածության մեջ: Այդ տարածությունը ես կարող եմ մտածել որպեսդատարկ, բայց չեմ կարող իրը մտածել առանց տարածության:

2.0131  Տարածական առարկան պետք է գտնվի անվերջ տարածության մեջ: (Տարածական կետը արգումենտի տեղն է:)

Բիծը տեսադաշտում (անհրաժեշտաբար) չպետք է լինի կարմիր, սակայն այն պետք է գույն ունենա: Այն, այսպես ասած, ներառված է գունային տարածության մեջ: Տոնը պետք է որոշակի բարձրություն ունենա, շոշափելիքի զգայության առարկան` որոշակի կարծրություն, և այլն:

2.14      Առարկաները բովանդակում են բոլոր իրադրությունների հնարավորությունը:

2.0141  Առարկայի հանդես գալու հնարավորությունը իրադարձության մեջ առարկայի ձևն է:

2.02      Առարկան պարզ է:

2.0201  Յուրաքանչյուր պնդում կոմպլեքսների մասին տարրալուծելի է դրանց տարրերի մասին պնդումների և նախադասությունների, որոնք նկարագրումեն այդ կոմպլեքսներն սպառիչ կերպով:

2.021    Առարկաները կազմում են աշխարհի սուբստանցը: Ահա ինչու դրանք չեն կարող լինել բաղադրյալ:

2.0211  Եթե աշխարհը չունենար սուբստանց, ապա նախադասության իմաստ ունենալը կամ չունենալը կախված կլիներ մեկ այլ նախադասության ճշմարտացի լինելուց:

2.0212  Այդ դեպքում անհնար կլիներ կազմել աշխարհի պատկեր (ճշմարիտ կամ կեղծ):

2.022    Ակնհայտ է, որ իրական աշխարհից դեռ այդքան տարբեր մտածված աշխարհը նույնպես պետք է դրա հետ ունենա ընդհանուր ինչ-որ բան` ձև:

2.023    Այս կայուն ձևն էլ կազմված է հենց առարկաներից:

2.0231  Աշխարհի սուբստանցը կարող է որոշարկել միայն ձևը և ոչ մատերիական հատկությունները: Քանի որ դրանք ներկայացվում են միայն նախադասություններով,– կազմվում են առարկաների կոնֆիգուրացիաների միջոցով:

2.0232  Ի դեպ, առարկաներն անգույն են:

2.0233  Տրամաբանական միևնույն ձևն ունեցող երկու առարկաները, անկախ իրենց արտաքին հատկություններից, տարբերվում են իրարից միայն նրանով, որ տարբեր են:

2.02331 Կամ իրը ունի հատկություններ, որոնք չունի ոչ մի ուրիշ իր, և այդ դեպքում այն կարելի է առանց այլևայլության առանձնացնել այլ իրերից նկարագրության միջոցով և հղում անել նրան, կամ կան շատ իրեր ընդհանուր հատկություններով, և այդ դեպքում ընդհանրապես անհնար է ցույց տալ նրանցից մեկը:

            Չէ՞ որ, եթե իրը ոչնչով չի առանձնանում, այն հնարավոր չէ առանձնացնել, այլապես այն արդեն առանձնացած կլիներ:

2.024    Սուբստանցն այն է, ինչը գոյում է անկախ տեղի ունեցողից:

2.025    Սուբստանցը ձև և բովանդակություն է:

2.0251  Տարածությունը, ժամանակը և գույնը (գունավորությունը) առարկաների ձևերն            են:

2.026    Միայն առարկաների առկայությամբ կարող է լինել աշխարհի կայուն ձև:

2.027    Կայունը, առկան և առարկան մեկ են:

2.0271  Առարկան կայունն է, առկան. կոնֆիգուրացիան փոփոխականն է, անկայունը:

2.0272  Առարկաների կոնֆիգուրացիան կազմում է իրադարձություն:

2.03      Իրադարձության մեջ առարկաները կապված են իրար, ինչպես շղթայի օղակները:

2.031    Իրադարձության մեջ առարկաները հարաբերվում են միմյանց հետ որոշակի ձևով ու եղանակով:

2.032    Ձևը և եղանակը, որով առարկաները կապված են իրադարձության մեջ, իրադարձության կառուցվածքն են:

2.033    Փաստի կառուցվածքը կազմվում է իրադարձության կառուցվածքներից:

2.04      Առկա իրադարձությունների համակցությունն աշխարհն է:

2.05      Առկա իրադարձությունների համակցությունը որոշարկում է նաև այն, թե որ իրադարձությունները չկան:

2.06      Իրադարձությունների լինելն ու չլինելը իրականությունն է: (Իրադարձությունների լինելը մենք անվանում ենք նաև պոզիտիվ փաստ, իսկ չլինելը` նեգատիվ փաստ:)

2.061    Իրադարձությունները կախված են մեկը մյուսից:

2.062    Որևէ իրադարձության լինելուց կամ չլինելուց չի կարելի եզրակացնել մեկ այլ իրադարձության լինելու կամ չլինելու մասին:

2.063    Ամբողջ իրականությունը աշխարհն է:

2.1       Մենք կազմում ենք փաստերի պատկերներ:

2.11      Պատկերը ներկայացնում է իրադրությունը տրամաբանական տարածության մեջ, ներկայացնում է իրադարձությունների լինելը և չլինելը:

2.12      Պատկերը իրականության մոդելն է:

2.13      Առարկաներին պատկերի մեջ համապատասխանում են պատկերի տարրերը:

2.131    Առարկաները ներկայանում են պատկերիմեջ որպես պատկերի տարրեր:

2.14      Պատկերը կազմված է այնպես, որ իր տարրերը հարաբերվում են միմյանց հետ որոշակի ձևով ու եղանակով:

2.141    Պատկերը փաստ է:

2.15      Որ պատկերի տարրերը հարաբերվում են միմյանց հետ որոշակի ձևով ու եղանակով, պատկերացում է, ըստ որի իրերը այսպես են հարաբերվում միմյանց հետ:

            Պատկերի տարրերի այս կապը թող կոչվի դրա կառուցվածք, իսկ այդ կառուցվածքի հնարավորությունը`  պատկերման ձև:

2.151    Պատկերման ձևը այն բանի հնարավորությունն է, որ իրերը հարաբերվում են միմյանց հետ այնպես, ինչպես պատկերի տարրերը:

2.1511  Պատկերն այսպես է կապված իրականությանը. այն հասնում է վերջինիս:

2.1512  Պատկերը կարծես չափիչ լինի իրականության համար:

2.15121 Չափող սանդղակի միայն ծայրագույն նիշերն են շոշափում չափվող առարկան:

2.1513  Այս ըմբռնման համաձայն պատկերին հատուկ է պատկերավոր հարաբերությունը, որը պատկեր է դարձնում վերջինս:

2.1514  Պատկերավոր հարաբերությունը կազմված է պատկերի տարրերի և իրերի զուգակցումներից:

2.1515  Այդ զուգակցումները ասես պատկերի տարրերի բեղիկներն են, որոնց օգնությամբ պատկերը առնչվում է իրականությանը:

2.16      Պատկեր լինելու համար փաստը պետք է պատկերվածի հետ ընդհանուր ինչ-որ բան ունենա:

2.161    Պատկերի և պատկերվածի մեջ պիտի նույնական ինչ-որ բան լինի, որպեսզի պատկերն ընդհանրապես պատկերվածի պատկերը լինի:

2.17      Այն, ինչը ընդհանուր պիտի լինի պատկերի մեջ իրականության հետ, որպեսզի այն կարողանա իր ձևով ու եղանակով ճիշտ կամ սխալ պատկերել իրականությունը, իր պատկերման եղանակն է:

2.171    Պատկերը կարող է պատկերել ցանկացած իրականություն, որի ձևն ունի: Տարածական պատկերը հանդիսանում է ամեն տարածականը, գունային պատկերը` ամեն գունայինը:

2.172    Պատկերման իր ձևը, սակայն, պատկերը չի կարող պատկերել, այն ցույց է տալիս դա:

2.173    Պատկերը պատկերում է իր օբյեկտը արտաքուստ (իր դիտակետը իր պատկերման ձևն է), ահա ինչու իր օբյեկտը վերջինս ներկայացնում է ճիշտ կամ սխալ:

2.174    Սակայն պատկերը չի կարող դուրս գտնվել պատկերման իր ձևից:

2.18      Այն, ինչ յուրաքանչյուր պատկերի դեպքում, անկախ նրա ձևից, ընդհանուր պիտի լինի իրականության հետ, որպեսզի վերջինս կարողանաընդհանրապես, ճիշտ կամ սխալ պատկերել այն, տրամաբանական ձևն է, այսինքն` իրականության ձևը:

2.181    Եթե պատկերման ձևը տրամաբանական է, ապա պատկերը կոչվում է տրամաբանական պատկեր:

2.182    Յուրաքանչյուր պատկեր նաև տրամաբանական պատկեր է: (Մինչդեռ ամեն պատկեր չէ, որ, օրինակ` տարածական է):

2.19      Տրամաբանական պատկերը ընդունակ է պատկերել աշխարհը:

2.2       Պատկերվածի հետ պատկերի մոտ ընդհանուր է պատկերման տրամաբանական եղանակը:

2.201    Պատկերը պատկերում է իրականությունը` ներկայացնելով իրադարձության գոյության կամ չգոյության հնարավորությունը:

2.202    Պատկերը ներկայացնում է որևէ հնարավոր իրադրություն տրամաբանական տարածության մեջ:

2.203    Պատկերը բովանդակում է հնարավորությունն այն իրադրության, որը պատկերում է:

2.21      Պատկերը համապատասխանում կամ չի համապատասխանում            իրականությանը, ճիշտ է կամ սխալ, ճշմարիտ է կամ կեղծ:

2.22      Պատկերը պատկերման ձևի միջոցով ներկայացնում է այն, ինչ ներկայացնում է` անկախ այն բանից ճշմարիտ է, թե կեղծ:

2.221    Այն, ինչ ներկայացնում է պատկերը, իր իմաստն է:

2.222    Իրականության հետ իր իմաստի համապատասխանության կամ անհամապատասխանության մեջ իր ճշմարտությունն է կամ կեղծությունը:

2.223    Իմանալու համար, ճշմարիտ, թե կեղծ է արդյոք պատկերը, մենք պետք է համեմատենք այն իրականության հետ:

2.224    Միայն պատկերի հիման վրա հնարավոր չէ իմանալ` ճշմարիտ է այն արդյոք, թե ոչ:

2.225    A priori ճշմարիտ պատկեր գոյություն չունի:

3          Փաստերի տրամաբանական պատկերը միտքն է:

3.001    «Իրադարձությունը մտածելի է» նշանակում է. «Մենք կարող ենք նրա մասին պատկեր կազմել»:

3.01      Ճշմարիտ մտքերի ամբողջությունը աշխարհի պատկեր է:

3.02      Միտքը բովանդակում է իր մտածած իրադրության հնարավորությունը: Այն, ինչ մտածելի է, նաև հնարավոր է:

3.03      Մենք չենք կարող մտածել անտրամաբանական ոչ մի բան, քանի որ հակառակ դեպքում պիտի մտածեինք անտրամաբանորեն:

3.031    Մի ժամանակ ասում էին, որ Աստված կարող էր ստեղծել ամեն ինչ, բացի նրանից, ինչը հակառակ կլիներ տրամաբանական օրենքներին: – Մենք չենք կարող ասել, թե          ինչ տեսք ունի «անտրամաբանական» աշխարհը:

3.032    Լեզվում ներկայացնել «տրամաբանությանը հակասող» մի բան նույնքան անկա  րելի է, որքան երկրաչափության մեջ ներկայացնել տարածությանօրենքներին հակասող ֆիգուր դրա կոորդինատների միջոցով, կամ ցույց տալ գոյություն չունեցող կետի կոորդինատները:

3.0321  Միանգամայն հնարավոր է տարածականորեն պատկերել ֆիզիկայի օրենքներին հակասող որևէ իրադարձություն, բայց ոչ երկրաչափության օրենքներին հակասող իրադարձություն…

3.22      Անունը նախադասության մեջ ներկայացնում է առարկան:

3.221    Առարկաները կարելի է միայն անվանել: Նշանները ներկայացնում են դրանք: Կարելի է միայն խոսել դրանց մասին, բայց ոչ արտաբերել (aussprechen) դրանք: Նախադասությունը կարող է միայն ասել, թե ինչպես կա իրը, բայց ոչ թե ինչ է իրը:

3.23      Պարզ նշանի պահանջը իմաստի որոշակիության պահանջ է:

3.24      Նախադասությունը, որը գործ ունի կոմպլեքսի հետ, ներքին հարաբերության մեջ է նախադասության հետ, որի մեջ խոսքն այդ կոմպլեքսի բաղադրիչ մասի մասին է: Կոմպլեքսը կարող է տրվել միայն իր նկարագրության միջոցով, որը կարող է համապատասխանել կամ չհամապատասխանել նրան: Նախադասությունը, որի մեջ խոսքը կոմպլեքսի մասին է, այդ կոմպլեքսի չգոյության դեպքում կլինի ոչ թե անիմաստ, այլ կեղծ:

            Որ նախադասության տարրը նշում է կոմպլեքս, կարելի է հասկանալ անորոշությունից նախադասության, որում այն հանդիպում է: Մենք գիտենք, որ այդ նախադասությամբ դեռ որոշարկված չէ ամենը: (Չէ՞ որ համընդհանրության նշանակումը բովանդակում է նախատիպ:)

            Կոմպլեքսի սիմվոլի սեղմումը պարզ սիմվոլի մեջ կարող է արտահայտվել սահմանման միջոցով:

3.25      Գոյություն ունի նախադասության մեկ ու միայն մեկ վերլուծություն:

3.251    Իր արտահայտածը նախադասությունը արտահայտում է որոշակի, հստակ կարգաբերված եղանակով: Նախադասությունը հոդավորված է (artikuliert):

3.26      Անունը ոչ մի սահմանման շնորհիվ չի տարրալուծվում. այն նախնական նշան է:

3.261    Ամեն սահմանվող նշան նշում է նշանների  միջով, որոնցով այն որոշարկվում է, իսկ սահմանումները ցույց են տալիս այդ ճանապարհը:

            Երկու նշաններ` նախնականը և նախնականի միջոցով որոշարկվողը, չեն կարող նշել միևնույն եղանակով: Անունները չեն կարող պարզաբանվելսահմանումներով: (Նմանապես և ոչ մի նշան, որ մեկուսի է, չունի ինքնուրույն նշանակություն:)

3.262    Այն, ինչը չի կարելի արտահայտել նշանով, ցույց է տալիս նշանի կիրառությունը:

            Այն, ինչ կուլ են տալիս նշանները, արտահայտում է նրանց գործածությունը:

3.263    Նախնական նշանների նշանակությունները կարող են բացատրվել պարզաբանումների միջոցով: Պարզաբանումները այդ նախնական նշանները բովանդակող նախադասություններ են: Հետևաբար դրանք կարող են հասկացվել միայն, եթե այդ նշանների նշանակությունները ար    դեն հայտնի են:

3.3       Միայն նախադասությունն ունի իմաստ. միայն նախադասության համատեքստում է անունը ստանում իմաստ:

3.31      Նախադասության յուրաքանչյուր մաս, որ  բնորոշում է դրա իմաստը, ես անվանում եմ արտահայտություն (սիմվոլ): (Նախադասությունն  ինքըարտահայտություն է:)

            Արտահայտությունը  նախադասության իմաստի համար այն ամեն էականն է, որ կարող են միմյանց հետ ընդհանուր ունենալ նախադասությունները:

            Արտահայտությունը  տարբերանշում է ձևը և բովանդակությունը:

3.311    Արտահայտությունը ենթադրում է նախադասությունների այն բոլոր ձևերը, որոնց մեջ կարող է մտնել: Այն նախադասությունների որոշակի դասի ընդհանուր բնորոշ ցուցանիշն է:

3.312    Ուստի արտահայտությունը ներկայացվում է նախադասությունների ընդհանուրձևի միջոցով:

            Ընդ որում, այս ձևի մեջ արտահայտությունը հաստատուն է, իսկ մնացյալ ամեն բան` փոփոխական:

3.313    Այնպես որ, արտահայտությունը ներկայացվում է փոփոխականի միջոցով, որի արժեքները արտահայտությունը բովանդակող նախադասություններն են:

            (Սահմանային դեպքում փոփոխականը դառնում է հաստատուն, արտահայտությունը` նախադասություն:)

            Ես կոչում եմ այսպիսի փոփոխականը «նախադասության փոփոխական»:

3.314    Արտահայտությունը նշանակություն ունի միայն նախադասության մեջ: Յուրաքանչյուր փոփոխական կարելի է ըմբռնել որպես նախադասության փոփոխական:

            (Նաև փոփոխական անունը:)

3.315    Որևէ նախադասության բաղադրիչ մասը փոփոխականի վերածելը տալիս է նախադասությունների դաս, որոնք  միասին կազմում են այդպես առաջացած փոփոխական նախադասության արժեքները:

            Այդ դասը ընդհանուր առմամբ կախված է նրանից, թե ինչ արժեքներ ենք մենք կամայականորեն վերագրում այդ նախադասության մասերին: Բոլոր նշանները փոփոխականների           վերածելու       դեպքում, որոնց նշանակությունները որոշարկված են կամայականորեն, այդպիսի դասը նույնպես կպահպանվի: Սակայն այդ դասը կախված է արդեն ոչ թե մեր համաձայնությունից, այլ նախադասության բնույթից: Այն համապատասխանում է տրամաբանական ձևին, տրամաբանական նախատիպին:

3.316    Թե ինչ արժեքներ պիտի ընդունի նախադասության փոփոխականը, նախապես հաստատված է:

            Արժեքների հաստատումը փոփոխականն   է:

3.317    Նախադասության փոփոխականի արժեքների հաստատումը նախադասությունների նշումն է, որոնց ընդհանուր ցուցանիշը փոփոխականն է:

            Հաստատումը այդ նախադասությունների նկարագրությունն է:

            Հաստատումը, ուրեմն, գործ ունի միայն սիմվոլների հետ, բայց ոչ դրանց նշանակության:

            Եվ հաստատման համար էական է միայն,   որ այն սոսկ սիմվոլների նկարագրություն է և չի ասում ոչինչ նշանակյալի մասին:

            Թե ինչպես է տեղի ունենում նախադասությունների այդ նկարագրությունը, անէական է:

3.318    Նախադասությունը ես, ինչպես Ռասսելը և Ֆրեգեն, հասկանում եմ որպես նրանում բովանդակված արտահայտությունների ֆունկցիա:

3.32      Նշանը սիմվոլի մեջ զգայականորեն ընկալելին է:

3.321    Հետևաբար երկու տարբեր սիմվոլները կարող են ունենալ ընդհանուր նշան (գրավոր կամ ձայնային և այլն). այդ դեպքում նրանք նշանակում են տարբեր ձևով:

3.322    Երկու առարկաներ միևնույն նշանով նշանակելը նշանակման տարբեր եղանակներով չի կարող ցույց տալ այդ առարկանե           րի ընդհանուր հատկանիշը: Չէ՞ որ նշանը կամայական է: Հետևաբար կարելի էր ընտրել նաև տարբեր նշաններ, այդ դեպքում ո՞ւր կմնար նշանակման մեջ եղածընդհանուրը:

3.323    Առօրյա լեզվում հաճախ է պատահում, որ միևնույն բառը նշանակում է տարբեր ձևով,– այսինքն` պատկանում է տարբեր սիմվոլների,– կամ էլ երկու բառեր, որոնք նշանակում են տարբեր ձևով, արտաքուստ նախադասության մեջ գործածվում են նույն ձևով:

            Այսպես, «է»բառը հանդես է գալիս որպես կապ, որպես նույնության նշան և որպես գոյության արտահայտություն. «գոյել» բառը գործածվում է ինչպես «գնալ» անանցողական բայը. «նույնականը»` որպես ածական. մենք խոսում ենք ինչ-որ բանի (Etwas) մասին, բայց նաև այն մասին, որ ինչ-որ բան (etwas) տեղի է ունենում:

            («Կանաչը կանաչ է» նախադասության մեջ, որտեղ առաջին բառը հատուկ անուն է, իսկ երկրորդը` ածական, այդ բառերը ոչ միայն տարբեր նշանակություն, այլև տարբեր սիմվոլներ ունեն:)

3.324    Այսպես հեշտությամբ գոյանում են ամենաֆունդամենտալ փոխարինումները (որոնցով լի է ամբողջ փիլիսոփայությունը):

3.325    Այս սխալներից խուսափելու համար պետք է օգտվել նշանների լեզվից, որը բացառում է դրանք, քանի որ նրանում չէին կիրառվի միևնույն նշանները տարբեր սիմվոլների համար և չէին կիրառվի արտաքուստ նույն, բայց նշանակման տարբեր ձևով նշաններ: Այսինքն` դա կլինի նշանների լեզու, որը ենթարկված է տրամաբանական քերականությանը` տրամաբանական շարահյուսությանը:

            (Ֆրեգեի և Ռասսելի սիմվոլիկան այդպիսի լեզու է, թեպետ դեռ չի բացառում բոլոր սխալները:)

3.326    Նշանի մեջ սիմվոլը ճանաչելու համար պետք է ուշադրություն դարձնել դրա իմաստավորված կիրառությանը:

3.327    Նշանը որոշարկում է տրամաբանական ձևը միայն իր տրամաբանա-շարահյուսական գործածության հետ:

3.328    Եթե նշանը չի օգտագործվում, ապա այն զուրկ է նշանակությունից: Սա է Օկկամի նշանաբանի իմաստը:

            (Եթե ամեն բան տեղի է ունենում այնպես, ասես նշանն ունի իմաստ, ապա այն ունի իմաստ:)

3.33      Տրամաբանական շարահյուսության մեջ նշանի նշանակությունը չպետք է խաղա որևէ դեր: Այդ նշանակությունը պիտի կազմվի առանց հղում անելու նշանի նշանակությանը, ենթադրվում է միայն արտահայտությունների նկարագրություն:

3.331    Այս դիտողությունից ելնելով` վերանայենք Ռասսելի «Տիպերի տեսությունը». Ռասսելի սխալն այն է, որ նշանային կանոնները հաստատելիս նա պիտի խոսեր նշանների նշանակության մասին:

3.332    Ոչ մի նախադասություն չի կարող ինչ-որ բան ասել իր մասին, քանի որ նախադասության նշանը չի կարող բովանդակվել ինքն իր մեջ (սա է ողջ «Տիպերի տեսությունը»): …

4.002    Մարդը ունակ է կազմել լեզուներ, որոնցով կարելի է արտահայտել ցանկացած իմաստ` առանց պատկերացում ունենալու, թե ինչ է նշանակում յուրաքանչյուր բառը:

            Նմանապես մարդը խոսում է` չիմանալով,  թե ինչպես են առաջանում առանձին հնչյունները:

            Առօրյա լեզուն մարդկային կազմվածքի մասն է և պակաս բարդ չէ այդ կազմվածքից:

            Մարդն անկարող է նրանից անմիջականորեն դուրս բերել լեզվի տրամաբանությունը:

            Լեզուն զգեստափոխում է մտքերը: Ընդ որում այնպես, որ զգեստի արտաքին ձևից հնարավոր չէ եզրակացնել նրանով     ծածկված միտքը, քանի որ զգեստի արտաքին ձևը կազմվել էր միանգամայն այլ նպատակների համար և ոչ մարմնի ձևը ճանաչելու:

            Առօրյա լեզուն հասկանալիս լռելյայն արվող համաձայնությունները չափազանց բարդ են:

4.003    Փիլիսոփայական թեմաներով գրված նախադասությունների և հարցերի մեծ մասը, ոչ թե կեղծ են, այլ անիմաստ: Ահա ինչու մենք ընդահանրապես չենք կարող պատասխանել այդ կարգի հարցերին, այլ` միայն հաստատել դրանց անիմաստությունը: Փիլիսոփայի նախադասությունների և հարցերի մեծ մասը ծնվում են նրանից, որ մենք չենք հասկանում լեզվի տրամաբանությունը:

            (Այդ հարցերը հետևյալ կարգի են. նույնակա՞ն է արդյոք բարին ավել կամ պակաս չափով քան գեղեցիկը:)

            Եվ զարմանալի չէ, որ ամենախոր պրոբլեմները պրոբլեմներ չեն:

4.0031  Ամեն փիլիսոփայություն «լեզվի քննադատություն» է: (Իհարկե ոչ Մաուտների իմաստով:) Ռասսելի ծառայությունն այն է, որ նա ցույց տվեց. նախադասության թվացյալ ձևը անհրաժեշտաբար նրա իրական ձևը չէ:

4.01      Նախադասությունը իրականության պատկեր է:

            Նախադասությունը իրականության մոդել է, այնպիսի, ինչպիսին մենք այն մտածում ենք:

4.011    Առաջին հայացքից նախադասությունը երևում է այնպես, ինչպես գրված է թղթի վրա, այսինքն` չի երևում որպես պատկերն այն իրականության, որի մասին պատմում է: Սակայն նաև նոտաների գրառումը առաջին հայացքից չի թվում երաժշտության պատկեր, իսկ մեր հնչյունային (տառային) գիրը` մեր հնչյունային լեզվի      պատկեր:

            Եվ այդուհանդերձ այդ նշանային լեզուները նաև սովորական իմաստով հանդես են գալիս       որպես իրենց  ներկայացրածի պատկեր:

4.012    Ակնհայտ է, որ «aRb» ձևի նախադասությունը մենք ընկալում ենք որպես պատկեր: Այստեղ պատկերը ակներևաբար նշանակյալի որոշակի նմանություն է:

4.013    Եվ երբ մենք ներթափանցում ենք այդ պատկերավորության էության մեջ, տեսնում ենք, որ այն չի խախտվում թվացյալ անկանոնություններով (ինչպես նոտանե          րի գրության մեջ #-ի և -ի կիրառությունը):

            Քանզի նաև այդ անկանոնությունները պատկերում են այն, ինչը նրանք պիտի արտահայտեն, միայն թե այլ կերպ:

4.014    Գրամոֆոնի    ձայնապնակը, երաժշտական թեման, նոտաների գրառումը, ձայնային ալիքները, – բոլորը գտնվում են միմյանց նկատմամբ պատկերման ներքին հարաբերության մեջ, որն առկա է լեզվի և աշխարհի միջև:

            Նրանց բոլորին ընդհանուր է տրամաբանական կառուցվածքը(…)

6.3611  Ոչ մի պրոցես չի կարելի համեմատել «ժամանակի հոսքի» հետ,– այն գոյություն չունի,– այլ կարելի է համեմատել միայն ուրիշ պրոցեսի հետ (օրինակ` խրոնոմետրի ընթացքի):

            Այսկերպ ժամանակային պրոցեսի նկարագրությունը հնարավոր է միայն այլ պրոցեսի վրա հենվելով:

            Միանգամայն նույն բանը տեղի ունի տարածության դեպքում: Օրինակ ասում են, որ երկու (իրար բացառող) իրադարձություններից ոչ մեկը չի կարող տեղի ունենալ, քանի որ չկա պատճառը, համաձայն որի իրադարձություններից մեկը պիտի տեղի ունենա նախքան մյուսը: Իրականում խոսքն այստեղ այն մասին է, որ անհնար է նկարագրել այս երկու իրադարձություններից մեկը, եթե չկա ոչ մի անհամաչափություն: Իսկ եթե այդպիսի անհամաչափությունն առկա է, ապա այն կարելի է դիտել որպես մի իրադարձության տեղի ունենալու և մյուսի տեղի չունենալու պատճառ:

6.36111 Աջ և ձախ ձեռքերի կանտյան պրոբլեմը, երբ մի ձեռքը չի կարող ծածկել մյուսը, առկա է արդեն հարթության վրա, նույնիսկ միաչափ տարածության մեջ,

   – – – o – x – – x – o – – –

             a          b

որտեղ երկու կոնգրուենտ ֆիգուրները` a-ն և b-ն, նույնպես չեն կարող ծածկել իրար, եթե դուրս չհանվեն այդ տարածությունից: Աջ և ձախ ձեռքերը իրականում միանգամայն կոնգրուենտ են, իսկ այն որ չեն ծածկում իրար, գործի հետ առնչություն չունի: Աջ ձեռնոցը կարելի էր հագնել ձախին, եթե այն հնարավոր լիներ շրջել քառաչափ տարածության մեջ:

6.362    Այն, ինչը կարելի է նկարագրել, կարող է նաև տեղի ունենալ, իսկ այն, ինչը պետք է           բացառվի պատճառականության օրենքով, չի կարող նաև նկարագրվել:

6.363    Ինդուկցիայի պրոցեսն այն է, որ մենք ընդունում ենք պարզագույն օրենք, որը հարկ է համաձայնության բերել մեր փորձերի հետ:

6.3631  Այս պրոցեսը, սակայն, ունի ոչ թե տրամաբանական, այլ միայն հոգեբանական հիմնավորում:

            Պարզ է, որ հիմք չկա կարծելու, թե նաևբիրականում տեղի ունի այս պարզագույն   դեպքը:

6.36311 Որ արեգակն առավոտյան կծագի, հիպոթեզ է. իսկ դա նշանակում է, որ մենք չգիտենք, կծագի այն արդյոք:

6.37      Պարտադիր չէ, որ եթե մի բան տեղի է ունենում, պիտի տեղի ունենա նաև այլ բան:

            Կա միայն տրամաբանական անհրաժեշտություն:

6.371    Ժամանակակից աշխարհայեցողության հիմքում ընկած է այն պատրանքը, թե իբր      բնության օրենքները բնական երևույթների բացատրություններն են:

6.372    Այսպես, բնության օրենքների առաջ քարանում են ինչպես անձեռնմխելի մի բա       նի, ինչպես հները Աստծո և ճակատագրի առաջ:

Ընդ որում, երկուսն էլ և՛ իրավացի են, և՛ոչ: Հների դեպքում հարցն իհարկե ավելի հստակ է, քանի որ նրանք ճանաչում են հստակ սահման, իսկ նորերի դեպքում կարող է թվալ, թե ամեն բան բացատրված է:

6.373    Աշխարհն անկախ է իմ կամքից:

6.374    Եթե անգամ պատահեր այն ամենը, ինչ մենք կամենում ենք, դա այնուամենայնիվ կլիներ միայն ճակատագրի շնորհ, քանի որ կամքի և աշխարհի միջև չկա տրամաբանական կապ, որ ապահովեր դա, իսկ ենթադրվող ֆիզիկալիստական կապը մենք չենք կարող կամենալ:

6.375    Ճիշտ ինչպես գոյություն ունի տրամաբանական անհրաժեշտություն, այնպես էլ         գոյություն ունի տրամաբանական անհնարություն:

6.3751  Որ օրինակ` երկու գույներ կարող են գտնվել միաժամանակ տեսողական դաշտի նույն տեղում, անհնար է, ընդ որում, անհնար է տրամաբանորեն, քանի որ դա  բացառվում է գույնի տրամաբանական կառուցվածքով:

Մտածենք այն մասին, թե ինչպես է այդ հակասությունը ներկայացվում ֆիզիկյում: Մոտավորապես այսպես. մասնիկը       չի կարող միևնույն ժամանակ ունենալ տարբեր արագություն. սա նշանակում է, որ այն չի կարող միևնույն ժամանակ գտնվել տարբեր տեղերում: Սա նշանակում է, որ մասնիկները տարբեր տեղերում միևնույն ժամանակում չեն կարող նույնական լինել:

(Պարզ է, որ երկու տարրական նախադասությունների տրամաբանակա            արտադրյալը չի կարող լինել ո՛չ նույնաբանություն, ո՛չ էլ հակասություն: Պնդումը, որ տեսադաշտի որևէ կետը միևնույն ժամանակ ունի երկու տարբեր գույներ, հակասություն է:)

6.4       Բոլոր նախադասությունները հավասարարժեք են:

6.41      Աշխարհի իմաստը պիտի ընկած լինի նրանից դուրս: Աշխարհում ամեն ինչ կա այնպես, ինչպես այն կա, և ամեն ինչ տեղի        է ունենում այնպես, ինչպես տեղի է ունենում: Նրանում չկա արժեք. և եթե այն լիներ, ապա արժեք չէր ունենա:

Եթե կա արժեք, որ արժեք ունի, ապա այն պետք է դուրս լինի ամեն իրադարձությունից և այսպես լինելուց: Չէ՞ որ ամեն իրադարձություն և այսպես լինելը պատահական է:

Այն, ինչը ոչ պատահական է դարձնում գոյությունը, չի կարող գտնվել աշխարհի մեջ, քանի որ այլապես այն դարձյալ պատահական կլիներ:

            Այն գտնվում է աշխարհից դուրս:

6.42      Ահա ինչու չեն կարող լինել էթիկայի նախադասություններ:

            Նախադասությունները չեն կարող արտահայտել բարձրագույնը:

6.421    Հասկանալի է, որ էթիկան անարտահայտելի է:

            Էթիկան տրանսցենդենտալ է:

            (Էթիկան և էսթետիկան մեկ են:)

6.422    Առաջին միտքը, որ գալիս է «Դու պետք է…» ձև ունեցող էթիկական օրենքը հաստատելիս, հետևյալն է. իսկ ի՞նչ կլինի, եթե ես դա չանեմ: Սակայն պարզ է, որ ոչ մի կապ չունի պատժի և վարձատրման հետ իրենց սովորական իմաստով: Հետևաբար այս հարցը արարքի հետևանքների մասին չունի նշանակություն: – Այս հետևանքները առնվազն չպետք է լինեն իրադարձություններ: Քանի որ այնուամենայնիվ պետք է ճիշտ ինչ-որ բան լինի այդհարցադրման մեջ: Պետք է գոյություն ունենա էթիկական վարձատրման կամ էթիկական պատժի ինչ-որ տեսակ, բայց դրանք պետք է ընկած լինեն հենց արարքի մեջ:

            (Պարզ է նաև, որ վարձատրումը պետք է լինի հաճելի ինչ-որ բան, իսկ պատիժը`տհաճ:)

6.423    Խոսել կամքի մասին որպես էթիկականի կրողի, անհնար է:

            Կամքը որպես ֆենոմեն հետաքրքրում է միայն հոգեբանությանը:

6.43      Եթե բարի կամ չար կամքը փոխում է աշխարհը, ապա այն կարող է փոխել միայն աշխարհի սահմանները, ոչ փաստերը, ոչ այն, ինչը կարող է արտահայտվել լեզվով:

Կարճ ասած, աշխարհը պետք է ընդհանրապես դառնա ուրիշ: Այն պետք է այսպես ասած փոքրանա կամ մեծանա:

            Երջանիկի աշխարհը տարբեր է դժբախտի աշխարհից:

6.431    Ինչպես նաև մահվան հետ աշխարհը ոչ թե փոխվում է, այլ դադարում:

6.4311  Մահը կյանքի իրադարձություն է: Մարդը չի վերապրում մահը: Եթե հավերժության տակ հասկանանք ոչ թե ժամանակի անվերջ տևողություն, այլ անժամանակայնություն, ապա հավերժ ապրում է նա, ով ապրում է ներկայով:

            Ըստ այդմ մեր կյանքն անվերջ է ճիշտ այնպես, ինչպես անսահման է մեր տեսադաշ       տը:

6.4312  Մարդկային հոգու ժամանակային անմահությունը, ինչը նշանակում է նրա հավերժական կյանքը նաև մահվանից հետո, ոչ միայն ոչ մի կերպ չի հաստատվում, այլև չի արդարացնում այդ ենթադրության հետ կապվող հույսերը: Մի՞թե որևէ հանելուկ կլուծվեր, եթե ես ապրեի հավերժ: Մի՞թե այդ հավերժ կյանքը նույնպես հանելուկային չէ: Տարածության և ժամանակի մեջ կյանքի հանելուկի լուծումը տարածությունից և ժամանակից դուրս է:

            (Չէ՞ որ այստեղ խոսքը բնագիտական պրոբլեմ լուծելու մասին չէ:)

6.432    Թե ինչպես է գոյում աշխարհը, Բարձրյալի համար կատարելապես միևնույն է: Աստված չի հայտնակերպվում աշխարհի մեջ:

6.4321  Բոլոր փաստերը պատկանում են առաջադրանքին, ոչ լուծմանը:

6.44      Միստիկականը այն չէ, թե ինչպես է գոյում աշխարհը, այլ ինչ է աշխարհը:

6.45      Աշխարհի հայեցողությունը sub specie aeterni նրա հայեցողությունն է որպես սահմանափակ ամբողջի:

            Աշխարհի զգացողությունը որպես սահմանափակ ամբողջի միստիկականն է:

6.5       Պատասխանի համար, որը հնարավոր չէ արտաբերել, հնարավոր չէ արտաբերել նաև հարց:

            Հանելուկ չկա:

            Եթե ընդհանրապես հնարավոր է հարց բարձրացնել, ապա դրան կարելի է նաև պատասխանել:

6.51      Սկեպտիցիզմը անհերքելի չէ, այլ` ակներևաբար անիմաստ, եթե կասկածի տակ է առնում այնտեղ, որտեղ հնարավոր չէ հարցնել:

Կասկածը կարող է լինել միայն այնտեղ, որտեղ հարց կա, հարցը կարող է լինել այնտեղ, որտեղ կա պատասխան, իսկ պատասխանը միայն այնտեղ, որտեղ կարող է ինչ-որ բան ասվել:

6.52      Մենք զգում ենք, որ անգամ երբ բոլոր հնարավոր գիտական հարցերին տրվել են պատասխաններ, մեր կյանքային պրոբլեմները բնավ շոշափված չեն: Այդժամ իհարկե ոչ մի հարց էլ չի մնում. և հենց սա է պատասխանը:

6.521    Կյանքի պրոբլեմի լուծումը մենք նկատում ենք այդ պրոբլեմի անհետացման հետ միայն:

(Սա չէ՞ արդյոք պատճառը, որ մարդիկ, որոնց երկար ժամանակ հետո պարզ է դարձել կյանքի իմաստը, չեն կարողանում այնուհետև ասել, թե որն է այդ իմաստը:)

6.53      Իսկապես գոյություն ունի անարտաբերելին: Այն ցույց է տալիս իրեն, դա միստիկա        կանն է:

6.53      Փիլիսոփայության ճիշտ մեթոդը կլիներ ըստ էության հետևյալը. չասել ոչինչ բացի նրանից, ինչը կարելի է ասել, այն է` բնագիտության դրույթներից և հետևաբար մի բան, որը կապ չունի փիլիսոփայության հետ: – Եվ ամեն անգամ, երբ որևէ մեկը ցանկանար մետաֆիզիկական բան ասել, ապացուցել նրան, որ նա ոչ մի նշանակություն չի հաղորդել իր նախադասութ    յունների որոշակի նշաններին: Այդ մեթոդը բավարար չէր լինի զրուցակցի համար, նա չէր ունենա զգացում, թե մենք նրան փիլիսոփայություն ենք սովորեցնում, բայց հենց այս մեթոդը կլիներ միակ անթերի ճիշտը:

6.54      Իմ նախադասությունները պարզաբանում են. նա ով կհասկանա ինձ, բարձրանալով դրանց միջոցով, դրանց վրա և դրանցից վեր, ի վերջո անիմաստ կճանաչի դրանք: (Նա պետք է, այսպես ասած, մի կողմ նետի աստիճանը դրանցով բարձրանալուց հետո:)

Նա պետք է հաղթահարի այս նախադասությունները, այդժամ կտեսնի աշխարհը ճիշտ կերպով:

7          Ինչի մասին հնարավոր չէ խոսել, դրա մասին պետք է լռել:

            Գերմաներենից թարգմանությունը`Սերգեյ Ստեփանյանի

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Էմիլ Սիորան. Հատվածներ «Գոյություն ունենալու գայթակղությունը» էսսեից Էմիլ Սիորան Մտածել ինքդ քո դեմ Մեր գրեթե բոլոր հայտնագործությունների համար պարտական ենք մեր իսկ մոլեգնումներին ու անհավասարակշռության սրացմանը: Նույնիսկ Աստծուն, որքան էլ Նա մեզ հետաքրքրի, հայտնաբերում ենք ոչ թե ներանձնականի խորքերում, այլ սեփական տենդի… Փիլիսոփայություն Սերգեյ Ստեփանյան. Վաղ Վիտգենշտայնը և իր «Տրակտատը» Սերգեյ Ստեփանյան Լյուդվիգ Վիտգենշտայնը (1889-1951թթ.) XX դարի ամենաազդեցիկ և ամենախորհրդավոր մտածողներից է: Կենսագրական վայրիվերումները, գրվածքների խիստ գիտականից մինչև միստիկական հասնող ձևակերպումները, վաղ և ուշ շրջանի հակասականորեն միավորվող կոնցեպցիաները և… Փիլիսոփայություն Ալբերտ Այնշտայն. Նյութեր «Ideas and Opinions» գրքից Ալբերտ Այնշտայն Այս տարի լրանում է մեր ժամանակների մեծագույն մտածող, ֆիզիկոս Ալբերտ Այնշտայնի մահվան 50 տարին և նրա գլուխգործոցներից մեկի՝ հարաբերա­կանության հատուկ տեսության ստեղծման 100 տարին։ Այդ կապակցությամբ այս տարին հայտարար­ված է Ֆիզիկայի տարի։…