Արա Գուրզադյան
Ընդերքի խնդիր ունենք:
Հանքերի ու հանքագործության հարցեր կան:
Եթե աշխարհագրությունդ չի շռայլում հանքերով, քո ընդերքում պիտի դառնաս հանքերիդ ստեղծողը:
Ստեղծագործության, երևակայության և ազատության առանցքի շուրջ ենք փնտրելու մշակութային էպիկենտրոնների հորիզոնականները: Մնայունի և անցողիկի եզրերին ենք պեղելու կայացածն ու ձգտելու արդիական ինքնաճանաչողության կայացման: Վիճակների և կարողությունների մոբիլիզացիայի, սինթեզի, ինտեգրացիայի, մանիֆեստացիայի հրամայականն է փորագրվում մեր հոգում տրոհումի և օտարացման անապատը աստիճանաբար ոռոգելու, ջրհորների, ջրանցքների և օազիսների, նաև կոյուղիների քաղաքաշինական և քաղաքակրթական մեր բնազդով ժամանակի էությունից արարելու և արարվելու իրավունքին նորից արժանանալու համար: Ստեղծագործությունն է գոյության արդարացումը, Էության բեղմնավորման արմատը: Ստեղծագործել նշանակում է էանալ բեղմնավորվող ընդերքից, մոտենալ սահմանին, եզերքին և ռուբիկոնն անցնելով դառնալ տիեզերք:
Մենք ընդերքի խնդիր ունենք: Խմորումների կարիք: Նյութափոխանակության ու ներարկումների պահանջ կա մենախոսության, երկխոսության և բանավեճի եզրերին, մենաստեղծական ու համաստեղծական խառնարաններ արարելու համար:
Մտածելակերպի ու աշխարհայացքի խնդիրներ կան: Տեսողական և ընկալողական ընդունակությունների զարգացման անհրաժեշտություն: Մնայունի լուսանցքում մնալու և անցողիկի ճահճում չխրվելու համար` առօրյա կուրության հաղթահարման հրամայական, սերունդների գաղափարաստեղծական հերթափոխի հանգույցում:
Հասել ենք հերթական եզրագծին: Մենք եզերքում ենք :
Ռուբիկոնն անցնողը կտեսնի աշխարհն ու իր տեղն այդ աշխարհում:
Ռուբիկոնն անցնողն է եզերքը տիեզերք դարձնողը:
“Alea jacta est!” – Վիճակը նետված է . ընդերքային հանդիպումների ակնկալիքով`
Ռուբիկոն
*Ռուբիկոն (Rubiconis) – իտալական Ռավեննա և Ռիմինի (Արիմին) քաղաքների միջև ընկած, Ադրիատիկ ծովը թափվող, անցյալում Գալլիան Հռոմեական Հանրապետությունից բաժանող գետի հին անվանումը, որը աշխարհաքաղաքական, իսկ հետագայում նաև մշակութաբանական-հոգևոր առումով պրոտոֆենոմենը դարձավ բոլոր այն սահմանամերձ-եզրային երևույթների, որոնք ավարտվում են գիտակցության և կեցության մետամորֆոզով: Պատմականորեն այդ քայլն արվել է մ.թ.ա. 49 թվականին Հուլիոս Կեսարի կողմից Ռուբիկոնն անցնելուց հետո: