Ազատություն տալ աշխարհին

Արա Գուրզադյան

Տրոհվող մի բնակչություն իր առօրյա անդունդի առաձգական հատակին, որ պիտի մխիթարվի պապանձված ըմբռնումի իր առաքինությամբ այդ առաձգականության գործակցի ամենօրյա չափումներով:

Մեր պատմությունը կարծես սպառել է իր էթնիկական պատկանելիության պաշարները: Մենք կանգնած ենք մարդու պատմության հերթական Ռուբիկոնին: Հիշենք մի հատված Չժուան Ցզիից (մ.թ.ա. IV դար).

Ազատություն տալ աշխարհին

Ես լսել եմ, որ Երկնատակի աշխարհին պետք է թույլ տալ լինել այնպիսին, ինչպիսին որ այն կա, բայց չեմ լսել, թե աշխարհը պետք է ղեկավարել: Ես ասում եմ` «թույլ տալ լինել», քանզի երկյուղում եմ, որ մարդկանց բնությունը կայլասերեն ղեկավարելով: Ես ասում եմ` «լինել այնպիսին, ինչպիսին որ այն կա», քանզի երկյուղում եմ, որ ղեկավարելով կարելի է բռնի կերպով փոխել մարդկանց հատկությունները: Բայց եթե ոչ ոք հակված չէ ավելորդ շռայլության և չի հրաժարվում իր կենսական հատկություններից, հետևաբար ինչու ղեկավարել Երկնատակը (Поднебесье):

Անցյալում, երբ Յաոն ձեռնարկեց կարգուկանոն հաստատել աշխարհում, արեց այնպես, որ յուրաքանչյուր ոք սիրեց իր բնությունը, և ողջ Երկնատակը ցնծում էր: Իսկ երբ Ցզեն հաստատեց իր կարգը, մարդիկ ատեցին իրենց բնությունը, և ողջ Երկնատակը տրտմության մեջ էր: Սակայն ցնծալ կամ տխրել նշանակում է գնալ իր բնական հատկությունների դեմ, իսկ այն ամենը, ինչ հակասում է այդ հատկություններին, չի կարող լինել հարատև:

Մարդը շողքն է մարդու:

Ինչին որ ես նայում եմ, նայում է ինձ:

Քնած ջրերում հանգչում է աշխարհը,

Խխունջի արձագանքով լողում է քո խոսքը…