Գոտֆրիդ Վիլհելմ Լայբնից
Որտեղ քննարկվում են գաղափարներն առհասարակ և ընթացքում հետազոտվում՝ արդյոք մարդկային հոգին միշտ է մտածում
«Նոր փորձեր մարդկային ըմբռնողության մասին», գիրք երկրորդ, Գաղափարների մասին, գլուխ առաջին
- 1. ՖԻԼԱԼԵՏ. – Քննելուց հետո, թե արդյոք գաղափարները բնածին են, դիտարկենք նրանց բնությունն ու տարբերությունները։ ճշմարիտ չէ՞, որ գաղափարը մտածողության օբյեկտն է։
ԹԵՈՖԻԼ.– Համամիտ եմ, միայն թե ավելացրեք, որ դա անմիջական ներքին օբյեկտ է, և այդ օբյեկտը բնության կամ իրերի որակների արտահայտությունն է։ Եթե գաղափարը լիներ մտածողության ձևը, ապա կծնվեր ու կվերանար դրան համապատասխան ակտուալ մտքերի հետ, բայց լինելով մտածողության օբյեկտ՝ կարող է նախորդել ու հաջորդել մտքերին։ Արտաքին զգայական իրերը լոկ միջնորդավորված են, քանզի չեն կարող անմիջապես ազդել հոգու վրա։ Միայն Աստված է անմիջական արտաքին օբյեկտ։ Կարելի է ասել, թե հոգին իր անմիջական ներքին օբյեկտն է. բայց այնքանով, որքանով պարունակում է գաղափարներ կամ այն, ինչը համապատասխանում է իրերին։ Քանզի հոգին փոքր աշխարհ է, որտեղ հստակ գաղափարները Աստծո մասին պատկերացումներ են, իսկ աղոտ գաղափարները՝ ունիվերսումի։
- 2. Ֆ. – Մեր պարոնները, որ ենթադրում են, թե հոգին ի սկզբանե մաքուր տախտակ է՝ առանց որևէ նշանի ու գաղափարի, հարցնում են, թե ինչպես է այն կարողանում գաղափարներ ստանալ և ինչ միջոցով է ձեռք բերում դրանց զարմանալի քանակությունը։ Սրան պատասխանում են նրանք մեկ բառով՝ փորձով։
Թ. – Խնդրո առարկա այդ tabula rasa-ն ըստ իս սոսկ մտապատրանք է, որ բնությունը բնավ չի հանդուրժում, և հիմնված է փիլիսոփաների թերի հասկացությունների վրա, որպիսիք են դատարկությունը, ատոմները, ամբողջի բացարձակ կամ երկու մասերի փոխհարաբերական հանգիստը, կամ անձև ընկալվող նախասկզբնական մատերիան։ Որևէ բազմազանություն չպարունակող, միակերպ իրերը սոսկ աբստրակցիաներ են, ինչպես ժամանակը, տարածությունը և զուտ մաթեմատիկական այլ օբյեկտները։ Չկա մարմին, որի մասերը լինեն հանգստի վիճակում, և չկա սուբստանց, որը չունենա ցանկացած այլ սուբստանցից տարբերակվող ինչ-որ բան։ Մարդկային հոգիները տարբերվում են ոչ միայն մյուս հոգիներից, այլև իրարից, թեև այդ տարբերությունը ամենևին էլ առանձնահատուկ կոչված բնույթի չէ։ Համաձայն իմ ապացույցների, որ կարծում եմ ունեմ, սուբստանցական ամեն բան, լինի հոգի թե մարմին, իրեն բնորոշ հարաբերության մեջ է բոլոր մյուսների հետ. և մեկը միշտ պիտի տարբերվի մյուսից բուն անվանումով <dénomination>։ էլ չասած, որ նրանք, ովքեր այդքան խոսում են այդ մաքուր տախտակից, չեն կարող ասել, թե ինչ կմնա դրան գաղափարներից զրկելուց հետո, և նման են սխոլաստ փիլիսոփաներին, որ ոչինչ չեն թողնում իրենց նախասկզբնական մատերիային։ Թերևս ինձ պատասխանեն, թե փիլիսոփաների այղ մաքուր տախտակը նշանակում է, որ հոգին ի բնե և ի սկզբանե ունի սոսկ զուտ կարողություններ։ Բայց առանց որևէ գործողության կարողությունները, մի խոսքով՝ սխոլաստիկ ուսմունքի զուտ ներունակությունները, նույնպես բնությանը բոլորովին խորթ մտապատրանք են և ձեռք են բերվում սոսկ վերացարկմամբ։ Քանզի աշխարհում որտե՞ղ կարելի է գտնել միմիայն իր ներունակության մեջ ամփոփված և որևէ գործողություն հանդես չբերող կարողություն, մշտապես կա մի առանձնահատուկ հակվածություն առ գործողությունը, այն էլ՝ այս և ոչ այն գործողությունը։ Հակվածությունից զատ առկա է նաև միտում առ գործողությունը և նույնիսկ՝ միաժամանակ բազում միտումներ յուրաքանչյուր սուբյեկտի մեջ, և այդ միտումները երբեք առանց արդյունքի չեն լինում։ Ընդունում եմ՝ փորձն անհրաժեշտ է, որպեսզի հոգին ուղղվի դեպի այս կամ այն միտքը և ուշադրություն դարձնի մեր մեջ եղած գաղափարներին, բայց ինչպե՞ս են փորձն ու զգացումները գաղափարներ տալիս։ Արդյո՞ք հոգին պատուհաններ ունի, նման է տախտակի կամ մոմի։ Պարզ է, ովքեր այսկերպ են մտածում հոգու մասին, ըստ էության դարձնում են այն մարմնական։ Ասածիս կարող են հակադրել փիլիսոփաների մոտ ընդունված աքսիոմը՝ որ հոգու մեջ չկա ոչինչ, որը չբխի զգացումներից : Բայց պետք է բացառել հենց հոգին և նրա մղումները։ Nihil est in intellectu, quod non fuerit in sensu–ի վրա։ Սակայն հոգին ներառում է կեցությունը, սուբստանցը, մեկը, նույնը, պատճառը, ընկալումը, դատողությունը և շատ այլ հասկացություններ, որ չեն կարող հաղորդել զգացումները։ Սա բավականաչափ համապատասխանում է «Փորձի» ձեր հեղինակի հայացքներին, որը գաղափարների մեծ մասի աղբյուրը որոնում է ոգու՝ սեփական բնության շուրջ ունեցած ռեֆլեքսիայի մեջ։
Ֆ.– Հուսով եմ, կհամաձայնեք այդ ճարտարամիտ հեղինակի հետ, որ բոլոր գաղափարները բխում են զգայությունից կամ ռեֆլեքսիայից, այսինքն՝ արտաքին զգայահասու առարկաների կամ մեր հոգու ներքին գործողությունների դիտարկումներից։
Թ. – Խուսափելու համար տարաձայնությունից, որի վրա առանց այդ էլ շատ ենք կանգ առել, նախապես ձեզ հայտարարում եմ, պարոն, որ երբ դուք ասում եք, թե գաղափարները մեր մեջ առաջ են գալիս այդ պատճառներից մեկնումեկից, ես դա հասկանում եմ դրանց ակտուալ ընկալման իմաստով, քանզի, կարծում եմ, ցույց եմ տվել, որ դրանք մեր մեջ են, նախքան կնկատվեն իբրև ինչ֊որ չափով հստակ գաղափարներ։
- 9. Ֆ. – Այժմ տեսնենք, թե երբ կարող ենք ասել, որ հոգին իսկապես սկսում է ընկալել ու մտածել գաղափարներով։ Ինձ քաջ հայտնի է, թե կարծիք կա, համաձայն որի հոգին միշտ մտածում է և ակտուալ մտածողությունը նույնքան անբաժան է հոգուց, որքան ակտուալ տարաձգությունը՝ մարմնից։ (§ 10) Բայց չեմ կարողանում հասկանալ, որ հոգուն առավել անհրաժեշտ է միշտ մտածելը, քան մարմիններին՝ միշտ շարժման մեջ գտնվելը, քանզի գաղափարների ընկալումը հոգու համար այն է, ինչ շարժումը՝ մարմնի։ Սա գոնե շատ խելամիտ է թվում, և ես ուրախ կլինեի, պարոն, իմանալ ձեր կարծիքն այս մասին։
Թ. – Դուք դա արդեն ասել եք, պարոն։ Գործողությունը ավելի շատ չի առնչվում հոգուն, քան մարմնին. հոգու մտազուրկ վիճակը և մարմնի բացարձակ հանգիստը ինձ թվում են հավասարապես ներհակ բնությանը և անօրինակ մի բան աշխարհում։ Մեկ անգամ գործել սկսած սուբստանցը կգործի միշտ, քանզի բոլոր տպավորությունները մնում են՝ միայն թե միախառնված ուրիշ նոր տպավորությունների։ Հարվածը մարմնի մեջ առաջացնում է կամ, ավելի շուտ, ի հայտ է բերում բազում հորձանքներ, ինչպես հեղուկի մեջ, և քանի որ պինդ մարմինը որոշ հեղուկայնություն է պարունակում և ամեն հեղուկ՝ պնդության որոշ աստիճան, երբևէ հնարավոր չէ ամբողջապես կասեցնել այդ ներքին հորձանքները, հիմա կարելի է կարծել, որ եթե մարմինը երբեք հանգստի մեջ չէ, դրան համապատասխանող հոգին նույնպես երբեք չի լինի ընկալումից զուրկ։
Ֆ.– Բայց ղա թերևս ամեն բանի արարչի և պահապանի մենաշնորհն է, որն իր կատարելությունների մեջ լինելով անվերջանալի՝ երբեք չի ննջում կամ նիրհում։ Ինչը բնավ չի համապատասխանում որևէ վերջավոր էակի կամ գոնե այնպիսի էության, ինչպիսին մարդկային հոգին է։
Թ. – Պարզ է, մենք ենք ննջում ու նիրհում, իսկ Աստված ենթակա չէ դրան։ Սակայն սրանից բնավ չի հետևում, թե մենք ոչինչ չենք ընկալում քնի ժամանակ։ Ուշադիր լինելու դեպքում ավելի շուտ հակառակը կնկատենք։
Ֆ.– Մեր մեջ կա ինչ-որ բան, որը մտածելու ներունակություն ունի, բայց սա չի նշանակում, թե մենք միշտ այդ ակտն ենք կատարում։
Թ. – Իսկական ներունակությունները երբեք պարզ հնարավորություններ չեն։ Միշտ գոյություն ունի միտում և գործողություն։
Ֆ.– Բայց այն դրույթը, թե հոգին միշտ մտածում է, ինքնին ակնհայտ չէ։
Թ. – Ես նման բան չեմ էլ ասում։ Փոքր-ինչ ուշադրություն ու դատողություն է պետք դա հայտնաբերելու համար, հասարակ մարդը դա նկատում է նույնքան քիչ, որքան օդի ճնշումը կամ Երկրի գնդաձևությունը։
Ֆ.– Կասկածում եմ, թե միտքս գործել է անցյալ գիշեր, սա փաստական հարց է, և այն պետք է լուծել զգայական փորձով։
Թ. – Դա լուծում են այնպես, ինչպես ապացուցում են, թե կան անշոշափելի մարմիններ, անտեսանելի շարժումներ, թեև ոմանք դրանք համարում են ծիծաղելի։ ճիշտ նույնկերպ կան անթիվ-անհամար աննշմարելի ընկալումներ, որոնք բավականաչափ չեն առանձնանում նկատելի կամ հիշելի լինելու համար, բայց որոնք ճանաչելի են դառնում որոշակի հետևանքների շնորհիվ։
Ֆ.– Ոմն հեղինակ մեզ հանդիմանում է այն բանի համար, թե մենք պաշտպանում ենք այն թեզը, ըստ որի հոգին դադարում է գոյություն ունենալուց, քանի որ քնի ժամանակ այն չենք զգում։ Այս հանդիմանությունը կարող է սոսկ տարօրինակ կանխակարծության արդյունք լինել, քանզի մենք չենք ասում, թե մարդու մեջ հոգի չկա, որովհետև չենք զգում նրա գոյությունը քնի ժամանակ, այլ միայն նշում ենք, թե մարդը չի կարող մտածել առանց դա գիտակցելու։
Թ.– Ես չեմ կարդացել այդ քննադատությունը պարունակող գիրքը, բայց ամենևին չեմ սխալվի՝ առարկելով, թե մտածողության չգիտակցվածությունից չի հետևում, որ այն գոյություն չունի, քանզի հակառակ դեպքում նույն հիմնավորմամբ կարելի էր ասել, թե գոյություն չունի հոգի, քանի դեռ այն չենք գիտակցում։ Իբրև այդ առարկության հերքում պետք է մասնավորապես մտածողության առումով մատնանշել, որ նրա համար էական է գիտակցելի լինելը։
- 11. Ֆ.– Դժվար է ըմբռնել, թե ինչ-որ բան կարող է մտածել և չզգալ, որ ինքը մտածում է։
Թ.– Ահա և խնդրի հանգույցն ու ճարտարամիտներին խանգարող դժվարությունը։ Բայց ահա և դրա լուծման միջոցը։ Պետք է նկատի առնել, որ մենք միաժամանակ մտածում ենք բազմաթիվ բաների մասին, բայց ուշադրություն ենք դարձնում սոսկ ամենից առանձնացող մտքերին։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի ամեն ինչին ուշադրություն դարձնելու դեպքում հարկ կլիներ միաժամանակ ու սևեռակի մտածել բազում բաների մասին, որ զգում ենք և որոնք ազդեցություն են գործում մեր զգացումների վրա։ Կասեմ ավելին, մեր անցյալ բոլոր մտքերից մնում է ինչ-որ բան, ոչ մեկը երբեք չի ջնջվում ամբողջովին։ Չէ՞ որ երբ քնած ենք ու երազ չենք տեսնում կամ թուլացած ենք ինչ-որ հարվածից, ընկնելուց, հիվանդությունից կամ այլ պատահարից, մեր մեջ առաջանում են բազում խառնաշփոթ, աղոտ զգացումներ. նույնիսկ մահը չի կարող մեկ այլ ազդեցություն թողնել շնչավորների հոգիների վրա, որոնք անտարակույս վաղ թե ուշ պիտի ստանան հստակ ընկալումներ, քանզի բնության մեջ ամեն ինչ ընթանում է իր կարգով։ Սակայն ընդունում եմ, որ այդ խառնաշփոթ վիճակում հոգին կլիներ հաճույքից ու ցավից զերծ, քանի որ դրանք նշանակալի ընկալումներ են։
- 12. Ֆ. – Մի՞թե ճիշտ չեն նրանք, ում հետ գործ ունենք հիմա, այսինքն՝ կարտեզիականները, ովքեր կարծում են, թե հոգին միշտ է մտածում, և կյանք են շնորհում մարդուց տարբեր բոլոր շնչավորներին՝ առանց նրանց տալու ճանաչող ու մտածող հոգի։ Հենց նրանք էլ առանց դժվարության ասում են, թե հոգին կարող է մտածել առանց մարմնին միացած լինելու։
Թ. – Ինչ վերաբերում է ինձ, ես բոլորովին այլ կարծիքի եմ, քանզի թեև ինքս էլ համամիտ լինելով կարտեզիականների հետ այն հարցում, որ հոգին միշտ մտածում է, միանգամայն տարակարծիք եմ մյուս երկու կետերի վերաբերյալ։ Ըստ իս, կենդանիներն ունեն անկորնչելի հոգի, իսկ մարդկային հոգիները, ինչպես և մյուսները, երբեք չեն լինում առանց մարմնի, նույնիսկ մտածում եմ, որ լինելով զուտ գործողություն՝ միայն Աստված է ամբողջովին զերծ մարմնավորությունից։
Ֆ.– Եթե համամիտ լինեիք կարտեզիականների հետ, դրանից կեզրակացնեի, որ քանզի Կաստորի և Պոլլուքսի մարմինները կարող են մերթ ունենալ, մերթ չունենալ հոգի, թեև միշտ մնալով գոյացական, և քանի որ հոգին էլ կարող է մերթ հայտնվել մարմնի մեջ, մերթ լինել նրանից դուրս, ուստի Կաստորն ու Պոլլուքսը կունենային միայն մեկ հոգի, որը հաջորդաբար կգործեր հերթով ննջող ու արթմնի մնացող այդ երկու մարդկանց մարմնում, այսպիսով այդ հոգին կլիներ երկու նույնքան տարբեր անձ, որքան Կաստորն ու Հերկուլեսն են։
Թ. – Իմ հերթին ձեզ կներկայացնեմ մեկ այլ ենթադրություն, որն ավելի իրական է թվում։ Մի՞թե ճիշտ չէ այն, ինչի հետ պետք է միշտ համաձայնել, թե որոշ ժամանակից կամ որևէ մեծ փոփոխությունից հետո կարելի է ընդհանրապես մոռացության մեջ ընկնել։ (Ասում են)՝ Սլեյդանը նախքան մահանալը մոռացել է իր ողջ գիտեցածը. նմանատիպ տխուր դեպքի բազմաթիվ օրինակներ կան։ Ենթադրենք, նման մեկը երիտասարդանում է և ամեն ինչ ուսանում նորից, այդ դեպքում նա կլինի՞ ուրիշ մարդ։ Հիշողությունը չէ, որ ստեղծում է միևնույն մարդուն։ Եվ սակայն, հերթով տարբեր մարմիններ շնչավորող հոգու մտապատրանքը, – հոգի, որ կենդանություն է պարգևում այնպես, որ այդ մարմիններից մեկնումեկի մեջ իր հետ կատարվածը չի հետաքրքրում իրեն մյուս մարմնում, – իրերի բնությանը ներհակ այն մտապատրանքներից մեկն է, որոնք բխում են փիլիսոփաների թերի հասկացություններից, ինչպես տարածությունն առանց մարմնի և մարմինն առանց շարժման, և որոնք վերանում են, երբ փոքր-ինչ ավելի ենք խորամուխ լինում հարցի մեջ, քանզի հարկ է գիտենալ, որ ցանկացած հոգի պահպանում է բոլոր նախորդ տպավորությունները և չի կարող երկատվել ձեր ներկայացրած ձևով, յուրաքանչյուր սուբստանցի մեջ ապագան լիակատար կապի մեջ է անցյալի հետ, ինչն էլ կազմում է անհատի նույնությունը։ Եվ սակայն, հիշողությունն անհրաժեշտ չէ, ոչ էլ միշտ հնարավոր անթիվ-անհամար ներկա ու անցյալ տպավորությունների պատճառով, որոնք զուգորդվում են մեր ներկա մտքերին, քանզի չեմ կարծում, թե մարդու մեջ լինեն մտքեր, որոնք չգործեն որոշ, թեկուզ աննշմար ազդեցություն կամ որոնցից չմնա ինչ-որ բան՝ միախառնված հաջորդ մտքերին։ Կարելի է շատ բան մոռանալ, բայց կարելի է վերհիշել անցած-գնացած բաներ, եթե տնտղենք ինչպես հարկն է։
- 13. Ֆ.- Նրանց, ովքեր քնել են առանց երազ տեսնելու, երբեք չես համոզի, որ իրենց մտքերը գործել են։
Թ. – Քնած ժամանակ, նույնիսկ երբ երազ չենք տեսնում, մարդու մեջ պահպանվում են թույլ զգայություններ։ Դա է վկայում անգամ արթնացումը, և որքան ավելի հեշտությամբ ենք արթնանում, այնքան ավելի շատ ենք զգում, թե ինչ է կատարվում դրսում, թեև այդ զգացումը ոչ միշտ է բավական ուժգին լինում արթնացնելու համար։
- 14. Ֆ.– Թվում է, շատ դժվար է ընկալել, որ այս պահին հոգին մտածում է քնած մարդու մեջ, իսկ հաջորդ վայրկյանին՝ արթնացած մարդու և չի հիշում այդ մասին։
Թ. – Դա ոչ միայն հեշտ է ըմբռնել, այլև համանման բան է նկատվում ամեն օր արթուն ժամանակ, քանզի միշտ լինում են մեր աչքն ու ականջը ծակող առարկաներ, հետևաբար հոգին նույնպես ազդվում է դրանցից, մինչդեռ մենք չենք էլ նկատում դա, քանզի մեր ուշադրությունը սևեռված է այլ առարկաների վրա, քանի դեռ որևէ առարկա բավականաչափ ուժգնորեն մեզ չի գրավել՝ սաստկացնելով իր ազդեցությունը կամ մի այլ պատճառով, դա ասես առանձնահատուկ քուն է այդ առարկայի նկատմամբ, և այդ քունը դառնում է ընդհանուր, երբ մեր ուշադրությունը շեղում ենք բոլոր առարկաներից միասին վերցրած։ Ուշադրության մասնատումն այն թուլացնելու համար նույնպես քնելու միջոց է։
Ֆ. – Մի մարդ պատմում էր, որ պատանի ժամանակ, իր ուսումնառության տարիներին, ունեցել է սքանչելի հիշողություն, բայց երբեք երազ չի տեսել, քանի դեռ տենդով չէր հիվանդացել։ Դրանից նոր-նոր էր բուժվել ինձ հետ զրույց ունեցած շրջանում, երբ արդեն քսանհինգ-քսանվեց տարեկան էր։
Թ. – Ինձ նույնպես պատմել են բավական առաջացած տարիք ունեցող մի ուսյալի մասին, որ երբեք երազներ չի տեսել։ Բայց հոգու ընկալման անընդհատությունը չպետք է հիմնել միայն երազների վրա, քանզի, ինչպես ցույց տվեցի, նույնիսկ քնի ժամանակ նա ինչ-որ չափով ընկալում է դրսում կատարվածը։
- 15. Ֆ. – Հաճախ մտածել և ոչ մի պահ չպահպանել դրա հիշողությունը նշանակում է մտածել ապարդյուն։
Թ.– Բոլոր տպավորությունները թողնում են իրենց հետևանքը, բայց ոչ բոլոր հետևանքներն են միշտ նշանակալի լինում։ Երբ ես շրջվում եմ ավելի շուտ այս կողմը, քան մյուսը, շատ հաճախ դա անում եմ մի շարք աննշան տպավորությունների տակ, որոնք չեմ էլ նկատում և որոնք այդ շարժումը դարձնում են առավել հարմար, քան մյուսը։ Մեր բոլոր չմտածված գործողությունները արդյունք են աննշան ընկալումների ամբողջության, և նույնիսկ մեր սովորություններն ու կրքերը, որոնք մեծ ազդեցություն ունեն մեր վճիռների վրա, բխում են դրանցից. չէ՞ որ այդ սովորույթները ծնվում են աստիճանաբար, ուստի առանց աննշան ընկալումների չենք հանգի նշանակալի հակումների։ Արդեն ասել եմ՝ ով ժխտում է այդ ազդեցությունները բարոյականության մեջ, նմանվում է այն տգետներին, որոնք չեն ընդունում անշոշափելի մասնիկները ֆիզիկայում։ Եվ սակայն, նկատում եմ, որ ազատության մասին խոսողների մեջ կան մարդիկ, որոնք ուշադրություն չեն դարձնում այդ աննշմար, նժարը թեքելու ունակ տպավորությունների վրա, պատկերացնում են, թե բարոյական գործողությունների մեջ լիակատար անտարբերություն է տիրում, ինչպես երկու մարգագետինների մեջտեղում կանգնած Բուրիդանի էշի դեպքում։ Այս մասին առավել հանգամանալից կխոսենք հետագայում։ Ընդունում եմ, սակայն, որ այդ տպավորությունները հակում են առանց պարտադրելու։
Ֆ.– Գուցե կասեն, թե արթուն, մտածող մարդու մեջ նրա մարմինը ինչ-որ դեր է խաղում, և ուղեղում մնացած հետքերի շնորհիվ պահպանվում է հիշողությունը, բայց երբ մարմինը քնած է, հոգին իր մեջ ունենում է իր առանձին մտքերը։
Թ. – Ես բոլորովին այլ կարծիքի եմ, քանզի ենթադրում եմ, թե մարմնի և հոգու միջև միշտ գոյություն ունի ճշգրիտ համապատասխանություն, և այդ իսկ պատճառով օգտվում եմ մարմնի տպավորություններից, որոնք նկատելի չեն արթուն կամ քնած ժամանակ, որպեսզի ապացուցեմ, թե հոգին նույնպես ունի համանման տպավորություններ։ Նույնիսկ կարծում եմ, որ արյան շրջանառությանն ու ներքին օրգանների բոլոր ներքին շարժումներին համապատասխանող ինչ-որ բան է տեղի ունենում հոգում, որը սակայն չի նկատվում, ճիշտ ինչպես ջրաղացի մոտ բնակվողները չեն լսում նրա աղմուկը։ Արդարև, եթե քնած կամ արթուն ժամանակ մարմնի մեջ լինեին տպավորություններ, որոնք բնավ չներգործեին կամ չազդեին հոգու վրա, ապա հարկ կլիներ սահմաններ դնել հոգու և մարմնի միությանը, կարծես մարմնական տպավորությունները կարիք ունեն որոշ կերպարանք ու մեծություն առնելու, որպեսզի հոգին կարողանա զգալ դրանք, սա ամենևին քննություն չի բռնում, եթե հոգին անմարմին է, քանզի բնավ համամասնություն չկա անմարմին սուբստանցի և մատերիայի այս կամ այն ձևափոխության միջև։ Մի խոսքով՝ մոլորությունների մեծ աղբյուր է կարծել, թե հոգում չկա որևէ ընկալում, բացի նրանից, ինչ ինքն է նկատում։
- 16. Ֆ.– Մեր հիշած երազների մեծ մասը տարօրինակ են և չկապակցված։ Կարելի է, ուրեմն, ասել, թե հոգին շրջահայացորեն մտածելու կարողությունը պարտական է մարմնին կամ թե նա չի հիշում իր խելամիտ մենախոսություններից ոչ մեկը։
Թ. – Մարմինը պատասխանում է հոգու բոլոր մտքերին, լինեն խելամիտ թե ոչ, իսկ երազները նույնպես իրենց հետքն են թողնում ուղեղում, ինչպես արթուն մարդկանց մտքերը։
- 17. Ֆ. – Քանի որ դուք այդքան վստահ եք, թե հոգին իսկապես միշտ մտածում է, կուզեի, որ ինձ պարզաբանեիք, թե որոնք են մանկան հոգու մեջ եղած գաղափարները նախքան հոգու միանալը մարմնին, կամ հենց միանալիս՝ նախքան զգայության ճանապարհով որևէ գաղափար ստանալը։
Թ. – Դժվար չէ ելնելով մեր սկզբունքներից բավարարել ձեզ։ Հոգու ընկալումները բնականորեն միշտ համապատասխանում են մարմնի կազմվածքին, և երբ ուղեղում հանդես են գալիս բազմաթիվ խառնաշփոթ ու աղոտ մղումներ, ինչպես պատահում է ոչ փորձառու մարդկանց դեպքում, հոգու մտքերը (հետևելով իրերի կարգին) նույնպես չեն կարող հստակ լինել։ Սակայն հոգին երբեք զրկված չէ զգայությանօժանդակությունից, քանզի միշտ արտահայտում է իր մարմինը, իսկ այդ մարմինը միշտ ենթակա է շրջապատի բազմաբնույթ մարմինների ազդեցությանը, որոնք հաճախ թողնում են միայն խառնաշփոթ տպավորություն։
- 18. Ֆ. – Բայց ահա և մեկ այլ հարց, որ առաջ է քաշում «Փորձի» հեղինակը։ Կուզեի, (ասում է նա), որ նրանք, ովքեր այդքան վստահությամբ պաշտպանում են այն կարծիքը, թե մարդու հոգին կամ (ինչը միևնույն բանն է) մարդը միշտ է մտածում, ինձ լուսաբանեն, թե ինչպես են դա իմանում։
Թ. – Չգիտեմ, արդյոք ավելի շատ վստահություն պետք չէ ժխտելու համար, թե հոգու մեջ տեղի է ունենում ինչ-որ բան, որը մենք չենք նկատում, ևքանի որ նկատելին պիտի կազմված լինի ոչ-նկատելի մասերից, ոչինչ չի կարող ծնվել միանգամից, միտքը՝ նույնպես, շարժումը՝ ևս։ Ինչևէ, դա նման է այն բանին, որ այսօր ինչ-որ մեկը հարց տա, թե ինչպես ենք հասու դառնում անզգայելի մասնիկներին։
- 19. Ֆ.— Ես չեմ հիշում, թե «հոգին միշտ մտածում է» պնդողները երբևէ ասած լինեն, որ մարդը միշտ մտածում է։
Թ. – Ենթադրում եմ, թե դրա պատճառն այն է, որ նկատի են ունենում նաև տարանջատված հոգին, և սակայն, նրանք հաճույքով ընդունում են, որ մարդը միշտ մտածում է (հոգու և մարմնի) միության ընթացքում։ Ինչ վերաբերում է ինձ, ապա հիմքեր ունենալով պնդելու, որ հոգին երբեք չի տարանջատվում ամբողջ մարմնից, կարծում եմ, թե կարելի է միանգամայն ասել, որ մարդը մտածում է և կմտածի միշտ։
Ֆ. – Ասել, թե մարմինը տարաձիգ է առանց մասեր ունենալու և որևէ բան մտածում է առանց գիտակցելու, որ ինքը մտածում է, – այս երկուսն էլ հավասարապես թվում են անհասկանալի պնդումներ։
Թ.– Ներեցեք, պարոն, ստիպված եմ նշել, որ ձեր զարգացրած միտքը, թե հոգու մեջ չկա ոչինչ, որ ինքը չգիտակցի, սկզբունքի կանխադրում <pétition de principe> է, որն արդեն գերիշխել է մեր առաջին զրույցի ընթացքում և որից դուք կամեցաք օգտվել բնածին գաղափարներն ու ճշմարտությունները հերքելու համար։ Եթե ընդունեինք այս սկզբունքը, ապա բացի այն բանից, որ դեմ դուրս կգայինք փորձին ու բանականությանը, նաև անհիմն կերպով կհրաժարվեինք մեր կարծիքից, որն, ըստ իս, ես բավականաչափ հասկանալի եմ դարձրել։ Բացի այն, որ մեր հակառակորդները, որքան էլ ճարտարամիտ են, չտվեցին իրենց այնքան հաճախ և որոշակիորեն զարգացրած վերոշարադրանքի ապացույցը, դյուրին է նրանց ցույց տալ հակառակը, այսինքն՝ անհնար է, որ մենք միշտ և հստակորեն ռեֆլեկտենք մեր բոլոր մտքերի վերաբերյալ, այլապես ոգին անվերջ կռեֆլեկտեր ամեն մի ռեֆլեքսիա՝ չկարողանալով երբևէ անցնել նոր մտքի։ Օրինակ, նկատելով առկա ինչ-որ զգացում՝ ես պիտի միշտ մտածեի, որ մտածում եմ դրա մասին, ու նաև մտածեի, որ մտածում եմ մտածածիս մասին, և այսպես անվերջ։ Մինչդեռ հարկ է, որ ես դադարեմ ռեֆլեկտելուց այդ բոլոր ռեֆլեքսիաները, և վերջապես պիտի լինի մի միտք, որ թողնես անցնի՝ առանց դրա մասին մտածելու, այլապես մենք միշտ կմնանք միևնույն տեղում։
Ֆ.– Բայց այս հիմնավորմամբ չե՞նք կարող նաև պնդել, թե մարդը միշտ քաղցած է, ասելով, որ նա կարող է դա չնկատել։
Թ. – Խիստ տարբերություն կա. քաղցն ունի առանձնահատուկ պատճառներ, որոնք լինում են ոչ միշտ։ Սակայն ճշմարիտ է նաև այն, որ քաղցած ժամանակ մարդն անդադար չի մտածում այդ մասին, բայց երբ մտածում է, գիտակցում է դա, քանզի խիստ նկատելի զգացում է. ստամոքսը լինում է միշտ գրգռված, բայց այդ գրգռվածությունը պիտի ուժգնանա քաղց առաջացնելու համար։ Նույն տարբերակումը պիտի անել առհասարակ մտքերի և նշանակալի մտքերի միջև։ Այսպիսով, մեր դատողությունը ծիծաղելի դարձնելու ամեն փորձ նպաստում է դրա հաստատմանը։
- 23. Ֆ.– Այժմ կարող ենք հարցնել, թե մարդու գլխում երբ են ծագում մտքերը։ Կարծում եմ, պետք է պատասխանել՝ երբ ունենում է որևէ զգայություն։
Թ.- Համամիտ եմ ձեզ, բայց ելնելով փոքր-ինչ առանձնահատուկ սկզբունքից՝ կարծում եմ, թե երբեք չենք լինում առանց մտքերի, ինչպես նաև առանց զգայությունների։ Միայն թե տարբերակում եմ դնում գաղափարների և մտքերի միջև, քանի որ զուտ կամ առանձին գաղափարներ ունենում ենք միշտ զգացումներից անկախ, իսկ մտքերը միշտ համապատասխանում են որևէ զգայության։
- 25. Ֆ.- Բայց ոգին պասսիվ է միայն պարզ գաղափարներն ընկալելիս, որոնք ճանաչողության նախատարրերն են կամ նյութերը, մինչդեռ նա ակտիվ է, երբ կազմավորում է բարդ գաղափարներ։
Թ. – Ինչպե՞ս կարող է նա պասսիվ լինել միայն պարզ գաղափարների ընկալման դեպքում, եթե ձեր իսկ խոստովանությամբ կան պարզ գաղափարներ, որոնց ընկալումը սկիզբ է առնում ռեֆլեքսիայից, իսկ ոգին ինքն է իրեն տալիս ռեֆլեքսիայի մտքեր, քանզի ռեֆլեկտողը ինքն է։ Այլ հարց է, եթե նա կարողանար հրաժարվել դրանցից, բայց անտարակույս դա չի կարող անել առանց որևէ պատճառի, որը առիթի դեպքում կշեղեր նրան։
Ֆ. – Թվում է, մինչ այժմ մենք բանավիճել ենք ex professo։ Հիմա մանրամասնորեն կանդրադառնանք գաղափարներին, և հուսով եմ, ավելի շատ համակարծիք կլինենք ու տարաձայնություններ կունենանք լոկ մասնավոր դեպքերի առումով։
Թ.– Ուրախ կլինեմ, եթե տեսնեմ ճարտարամիտ մարդկանց, որոնք համակարծիք կլինեն ինձ հետ այն հարցերում, որոնք ինքս եմ համարում ճիշտ, քանզի միայն այդ մարդիկ կարող են արժևորել և մի օր կյանքի կոչել դրանք։
Ֆրանսերենից թարգմանությունը՝ Արուս Բոյաջյան