Յոզեֆ Բոյս
Յոզեֆ Բոյսը XX դարի երկրորդ կեսի գերմանացի այն արվեստագետն է, որը մեծ ալեկոծումներ առաջ բերեց համաշխարհային մշակույթի հետպատերազմյան փուլում, շրջանառության մեջ մտցնելով արվեստի ընդլայնված հասկացությունն ու «յուրաքանչյուր մարդ արվեստագետ է» կարգախոսը։ Նա գեղարվեստական-աշխարհայացքային բոլորովին նոր մոտեցումների եզրերին իր գործով ու կեցվածքով մինչև վերջ պայքարեց այդ գաղափարների իրագործման համար, արևմտյան նյութապաշտական աշխարհում նոր ձևերով ու մեթոդներով հաստատելով կոնկրետ հոգևորի գերակայությունը՝ համամարդկային արժեքների կոնտեքստից։
«Ակտիվ չեզոքության» գաղափարն իր մեջ ամփոփող այս դասախոսությունը Յոզեֆ Բոյսը կարդացել է իր մահից մեկ տարի առաջ, 1985 թ-ի հունվարի 20–ին, Կենտրոնական Եվրոպայի Բոդենզեե լճի շվեյցարական ափին գտնվող Ռոռշախ քաղաքում, կիրակի առավոտյան, մոտ 600 ունկնդիրների առջև։
Այս ընթացքում կոմունիզմի հաղթահարման փորձերը կարծես հաջողություն ունեցան, սակայն ոչ թե իրական հոգևորի «ակտիվ չեզոքության», այլ կապիտալիզմի «քողարկված ակտիվության» շնորհիվ։ Իսկ թե ինչպիսի՞ն է լինելու կապիտալիզմի հաղթահարումը կապիտալիզմով ցույց կտա հասարակության «չեզոք ակտիվության» կուլտուրայի ձևավորման օգտակար գործողության գործակիցը, որի մասին Բոյսն ի վիճակի կլիներ դասախոսություն կարդալու միայն հետմահու։
Արա Գուրզադյան
Մեծարգո ժողովականներ և սիրելի բարեկամներ.
Քանի որ այստեղ գործ ունենք մի միջոցառման հետ, որը հենց նոր նշված թեմային է ծառայում, և այս թեմայի ներքո ծրագրում նկարագրված են նաև այստեղ հավաքված մարդկանց որոշ մտադրությունները, – իսկ այն, որ ծրագրում նաև ժամերգություն է նախատեսվում, հավանաբար արդեն մատնանշում է մարդկանց սահմանազանց ոգեզորությունը, որ նրանք դեռ պահպանում են քաղաքական ուժերի միջև, – ինքս ինձ ասացի՝ էկումենյան ժամերգության նման մտադրությանը հավանաբար կսազեր նաև մի քանի ասույթ ավելացնել։ Այդ իսկ պատճառով ես երկու ասույթ հորինեցի, որոնք կարոդ են ոչ թե հասկացվել, այլ պետք է մեդիտացվեն։ Առաջին ասույթը կոչվում է՝ «Der Primat» («առաջնայինը»)։ «Պրիմատ»–ի այս հասկացությունը ես կապում եմ Նիկլաս Լումանի մի հասկացության հետ. վերջինս համակարգերի հայտնի հետազոտող է, և, իմ կարծիքով իրավամբ, հաստատել է, որ մարդկությունը իր ներկա դրվածքով (Gestelltsein) իր ներկա գործունեություններում բնորոշելի է սոսկ որպես քաղաքակրթության հասկացություն կամ որպես մշակույթ, երբ ջանում ես այդ հասկացությունն օգտագործել տնտեսական կյանք հասկացության տակ։ Եվ այսպես, ես կարդում եմ այդ ասույթը.
«Պատկերացնենք, որ մարդը, մարդկությունը տեղափոխվել է միանգամայն մաքուր, հոգևոր մի վիճակ, այսինքն՝ մահացել է, ապա դրանով նա, միևնույն է, ոչ մի կերպ չի կարողանա տնտեսականից դուրս գտնվել։ Ազատությունը, հավասարությունը, եղբայրությունը – կապիտալը – համարում ունեն նաև վերզգայականում, այո՛, դրանք հենց վերզգայական սուբստանցիայի ձևեր են, կենդանի էակներ, իրականություններ, որովհետև դրանք իդեաներ են»։
Երևի թե այս ասույթը վերջում մեկ անգամ ևս կարդամ։ Այժմ երկրորդ ասույթը, այն վերաբերում է ակտիվ չեզոքության համար ֆորում հիմնելու մտադրությանը. իսկական ոգեղեն մի ձեռնարկում (Unternehmenszusammenhang), որը պետք է ճառագի և ազդեցություն ունենա հնարավորին չափ շատ մարդկանց վրա։
Այսպիսով, երկրորդ ասույթը կոչվում է «դեպի ակտիվ չեզոքություն»։
«Պատկերացնենք բոլոր գերմանալեզու մարդիկ բերվել են ամբողջովին հոգևոր, ակտիվ մի վիճակի, սրանով մենք կհասնեինք մեր ցանկացածին, այսինքն՝ ակտիվ չեզոքության։ Սակայն նրանք այդ զուտ հոգևորի օրենքներով դրան կհասնեին ոչ թե հենց իրենց, այլ բոլոր մյուս ժողովուրդների համար»։
Դրան ավելացնենք, որ սրանում մարդու էության մասին ինչ-որ բան է ասվում, որն այստեղ, Երկրի վրա, մարդու տեղադրվածության վերաբերյալ մատերիալիստական գիտության պատկերացումների սահմաններում ծավալվող ընդհանուր դիսկուսիաներում ամենևին չի հայտնվում, մարդու բուն զորությունը իր ոգու մեջ է, որն ավելի մեծ է, քան ամբողջ աշխարհը, այն չի վերջանում մարմնով, չի վերջանում մահով, սկսվում է նրա կյանքից առաջ և շարունակվելու է կյանքից հետո։ Երբ զգուշորեն փորձում ես խոսք բացել մարդու այդպիսի պատկերի մասին, ապա այն վստահորեն ընդունվում է Երկրագնդի շատ մարդկանց ու ժողովուրդների կողմից, սա նշանակում է, որ դա արձագանք կունենա։ Էութայինը, էութենականն է (Substanzhalt) շոշափվում մարդու մեջ։ Եվ նույնիսկ, եթե մարդկային մասսաները, մարդկանց մեծամասնությունը մարդկանց աշխատանքի, միանգամից ասեմ, մարդկային տնտեսության և գործունեության նման տեսակետը չեն ընդունում, ապա մարդկանց բավական մի մեծ թիվ բավարար կլինի աշխարհը փոխելու համար։ Եկեք կոնկրետ թվեր չասենք մարդկանց այդ բավականաչափ մեծ քանակության մասին, ես կարծում եմ, սակայն, որ ազդեցությունը աշխարհի, այս պլազմայի վրա, որով ամբողջովին պատված է Երկրագունդը ոգեղենում, կարող է «Սոցիալական Սուբստանց», պարզապես սոցիալական սուբստանց կոչվել, և որ այդ սուբստանցը կարող է նեգործվել (impulsiert) նաև երեք, չորս կամ յոթ հոգու կամ տասնվեց, քսանմեկ, երեսուներեք հոգու կողմից …
Որ այս պատկերացումը աբսուրդ չէ, այլ համապատասխանում է կոնկրետ իրականության, ապացուցում է նաև այն, որ մենք ինչ-որ բանով ներգործելու բացարձակ անհնարինության դեպքում, այլևս կանգնած չենք բացարձակ զրոյում, այնուամենայնիվ նշենք ուսանողական խռովության, ուսանողական շարժման, արտապառլամենտական ընդդիմության ժամանակները։ Եկեք ետ նայենք դեպի այդ ժամանակները, որոնց առումով կարող ենք պնդել, թե նման մի շարժում ևս տանուլ է տվել, բայց, այնուհանդերձ, շարունակել է գործել բոլորովին այլ մարդկանց մեջ։ Դա նշանակում է, որ որոշակի իմպուլսներ են փոխանցվել քչերի միջոցով, որոնք լրիվ այլ ուղղությամբ են գործել։ Մենք տեսնում ենք, որ ուսանողական շարժումից հետո դեմոկրատական հասարակության համար շարժումը ավելի առաջին պլան մղվեց, մենք տեսնում ենք կազմակերպության ձևեր, որոնք զբաղվում են տարրական և ուղղակի դեմոկրատիայի հասկացությամբ, մենք տեսնում ենք քաղաքացիական նախաձեռնություններ, մենք տեսնում ենք կազմակերպության ձևեր, որ առաջանում են շատ փոքր շրջանակներում, բայց մենք տեսնում ենք նաև ավելի մեծ շարժումների առաջացում, որոնց այնուհետև կոչեցին «էկոլոգիական շարժում»։ Մենք տեսնում ենք, որ այդ էկոլոգիական շարժումից նույնիսկ մի խմբավորում կազմվեց, որն այսօր ներկայացված է Ֆեդերատիվ Հանրապետության շատ պառլամենտներում, ես նկատի ունեմ «Կանաչ կուսակցությունը»։ Ինչ էլ որ կատարվի «Կանաչ կուսակցության» հետ և ինչ ներկուսակցական հակասություններ ու ներքին պայքարներ էլ առաջանան, այնուամենայնիվ դա իմ ասածի ապացույցն է՝ որ սկզբում քիչ թվով մարդիկ կարող են ինչ– որ բանի նպաստել, ինչը որոշ ժամանակ անց ավելի տեսանելի ու նկատելի է դառնում։
Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության ֆենոմենը աշխարհի համար հանելուկ է դարձել։ Կարելի է ասել, որ այն, ինչ այստեղ գերմանալեզու մարդկանց մեջ է գոյացել, շատ մարդկանց համար մագնիս է՝ մեծ ոճի բանավեճի թեմա։ Եվ եթե այսօր մարդիկ Գերմանիա են գալիս և ինչ-որ բան են դիտում, լինի դա մայր տաճար, եկեղեցի, ռոմանական կամ գոթական ճարտարապետություն, թե արվեստի միջազգային մեծ ցուցահանդես են այցելում, ապա իրոք ճշգրիտ դիտարկող հայացքը կարող է եզրակացնել, որ այդ մարդիկ իրականում սոսկ տաճարներ չեն դիտում, նրանք իսկապես այսօր այդ տաճարը դիտում են մի հետաքրքրասիրությամբ, թե ինչ է առաջացել Գերմանիայի այս արևմտյան մասում, որը նրանք չեն կարողանում մեկնաբանել, որի մասին նրանք այս կամ այն կերպ են դատում, որը, սակայն, նրանց այնուամենայնիվ հմայում է, և նրանք հարցնում են՝ ի՞նչ է դուրս գալիս այդպիսի մի շարժումից, այդպիսի մի իմպուլսից։
Ես այս երկրորդ ասույթից հետո, որն իսկապես մարդուն ամբողջովին ոգեղենացած էակ է դիտում, որն իր մարմնով այլևս չի գտնվում երկրային հարաբերություններում և իր մարմնականը այդ կանխորոշված մոդելում է թողել՝ ընդհանրապես դրանով օբյեկտիվ բնույթ ունեցող հարաբերությունների մեջ մտնելու համար, ինչը ելնելով այդ օբյեկտիվ բնույթից նպաստում է ստեղծվելիքի լիարժեք որակին, ճիշտն ասած, իմ մեջ ցանկություն առաջացավ հարցնելու. – «Այդ դեպքում ինչու՞ ենք մենք դեռ ծառեր տնկում»։ Եթե մարդուն տրված է, հոգևոր ուղին բռնելով, այս երկրագունդը լքելու հնարավորություն՝ ֆիզիկական, մարմնական սարսափելի դժվարությունների և ծանր տառապանքների մեջ, որ հատկապես մեր ժամանակն է բերել մարդկությանը, էլ ի՞նչ իմաստ ունի ծայրահեղ ջանքերն ուղղել այն բանին, որն ամբողջապես մարդկային էակի ֆիզիկական մասին է պատկանում։ Ես ուզում էի այս կետը սոսկ նշել, որպեսզի հետո ասեի, թե մարդու հենց հոգևոր ապագայի համար ֆիզիկականը նախապատրաստելուց բացի ուրիշ այլ միջոց չկա, որպեսզի գոյանա բուն ոգեղենը։ Այսպիսով, իմ ասույթները, որոնք ուղղված էին մարդկային չափազանց հեռահար ապագային, այստեղ բերվեցին պարզաբանելու համար, թե որքան կարևոր է ֆիզիկական աշխարհն իր բոլոր դժվարություններով, իր բոլոր տառապանքներով, որոնց առնչվում են մարդիկ և իրենց բոլոր իրական ջանքերով, այնուամենայնիվ, ձգտում են նորից ինչ-որ բան կառուցել այն ամենից, ինչը լիովին արդեն զրկվել է կյանքից ու խեղվել, դա կշարունակի այս մոլորակի էվոլուցիայի ընթացքը, որպեսզի երկրագնդից կարողանա զարգանալ այն, ինչը կարող է միայն երկրագնդից զարգանալ։ Բայց դա միաժամանակ նշանակում է, որ այն ամենը, ինչը ապագայում կկատարվի երկրի վրա մարդկանց միջոցով, ֊քանզի էլ ուրիշ ու՞մ միջոցով այն կարող էր կատարվել, – մարդու ստեղծածն է։ Ողջ ապագա բնությունը, յուրաքանչյուր պահին տնկված ծառը իր մեջ կրում է մարդու հատկանիշները։ Այսուհետև կատարվող յուրաքանչյուր գործ մարդու ստեղծածն է շատ ավելի լայն իմաստով, քան ամենայն անցյալում արված բան։ Քանզի ամեն անցյալ այս պահից առաջ, թերևս լայն իմաստով, դեռ եղել է այն, ինչը ոգեշնչող, առաջնորդող ուժերով մարդուն հասցրել է այնտեղ, որտեղ նա ինքնուրույն դարձավ մոտ 200 տարի առաջ, երբ իսկապես մարմնավորվեց երկրագնդի վրա՝ սեփական ոտքերով հասնելով այս մոլորակին։ Այստեղ ծագեց մատերիալիզմը որպես մտածելակերպ, որպես գիտական մտածելակերպ, Աստծո կողմից միանգամայն լքված մարդուն սեփական ոտքերի վրա կանգնեցնելու համար, որպեսզի նա մատերիայի հանելուկը իր իսկ ուժերով կարողանա լուծել։ Այս կետից սկսած մենք պետք է մի կողմից հասկանանք, թե ինչ սարսափելի արդյունքների է հասցրել մարդուն մատերիալիզմը իր ճշգրիտ բնագիտական մտածողության մեթոդով, իսկ մյուս կողմից տեսնենք, թե ինչ ահռելի ունակություններ են առաջացել մարդու մեջ դրա դիսցիպլինացման միջոցով, այս ամենը նախ և առաջ նրա մեջ ինչ-որ բան է գիտակցականացրել, ինչը անվանում են ինքնագիտակցություն, կամ մարդու «ես»–ի գիտակցություն։ Այսինքն՝ մատերիալիզմի դեպքում մենք գործ ունենք մի մեծ ու զորեղ բանի հետ, որը պետք է սովորենք դատել երկու տարբեր տեսանկյուններից։ Մենք պետք է իրոք այդ մատերիալիզմի գաղտնիքը բացենք։
Այս փուլում, որը կարելի է բնութագրել նաև որպես «մոդեռնի» փուլ, ի հայտ են գալիս անձնավորություններ, մարդկային խմբեր, ժամանակի հոսանքներ, ոճեր, խորհրդանիշեր, որոնք կարող են իբրև մեծ հանելուկ ընկալվել, օրինակ, արվեստում։ Այսպես կոչված մոդեռնում, այսինքն՝ ժամանակակից արվեստում կարելի է գտնել խորհրդավոր հանելուկների մի առատություն։ Բավական է միայն մտածել Մոնդրիանի, Պիկասսոյի, սյուրռեալիզմի, կուբիզմի, Ռուսաստանում՝ սուպրեմատիզմի մասին, և մենք տեսնում ենք, որ առաջանում է մի նորացում՝ կապված ազդանշան տալու հետ, այսինքն՝ հայտնվում են սիմվոլներ, որոնք ինչ-որ բան են մատնանշում, և սա դեռ կարիք ունի լուծման։ Այդ սիմվոլները չեն ենթադրվում իբրև ինչ-որ ոճի տափակ, մոդայիկ նորարարություններ։ Թեպետ մոդեռնը իր շատ հայտնագործություններում ընդունակ է լոկ ոճական նորարարության, այնուամենայնիվ նա ունի նաև մի մեծ հավելյալ արժեք, որը, արվեստի մասին ասված Պիկասսոյի մի նախադասությունում, արտահայտված է հետևյալ կերպ. «Արվեստը նրա համար չէ, որ մեր բնակարաններն ու ննջարանները զարդարի։ Արվեստը զենք է թշնամու դեմ»։ Ո՞վ է թշնամին։ Այստեղ Մոդեռնի ներսում մի վկայություն է արվում արվեստի մարդկային ունակության վերաբերյալ, որ լրջորեն է պետք ընդունել։ Այստեղ ինչ-որ բան է ասվում մարդու մասին, որը նրան ներկայացնում է որպես մեծ միջոցներ ունեցող մեկի։ Եթե ես խոսելու լինեի իմ մասին, ապա կասեի, որ իմ կյանքի որոշակի մի պահի շատ հեռացա խրթին մտահայեցողություններից, և այն ամենին, ինչը գիտական տերմի նաբանություններում և որոշ գիտական գործառույթներում ինձ ինտելեկտուալ մեծամտություն է թվացել, պարզապես հետադարձ մի հարց ուղղեցի, թե ինչպիսի ազդեցություն են գործել դրանք իմ կյանքի, իմ դասընկերների կյանքի վրա՝ դպրոցում, իմ պատերազմական ընկերների կյանքի վրա՝ պատերազմում, իմ ուսանողական ընկերների կյանքի վրա՝ համալսարանում։ Չէ՞ որ ես տեսել եմ, որ այդ մարդիկ տարվել են ինչ-որ բանով, և սա դեռ մանկությունից է նկատելի եղել։ Ես նկատել եմ, որ ինչ-որ բան ավարտվել է տարաբնույթ, բայց անընդհատ աճող ընդունակությունների առումով։ Ես ծանոթացել եմ շատ ընդունակ, հանճարեղ մարդկանց հետ։ Եվ կարծում եմ, թե այս խնդրին պետք է միանա նաև այն հարցը, որ նման բանը բնականաբար երբեք չի ավարտվում և որ մարդկանց մեջ սկզբունքորեն ապրում է ինչ-որ բան, որը զարգանում է։ Իսկ թե որքան կարող է այն զարգանալ, ապա դրան բնականորեն, այսինքն՝ ելնելով առարկայից, նման դիտարկումից հետո անհնար է սահմաններ դնել։ Այսպիսով, բոլոր այն պատկերացումները, որոնք որպես գաղափարախոսություններ առկա են մոդեռնում, ես դիտել եմ իբրև այդ դարաշրջանի ավարտ, քանզի այդ գաղափարախոսությունները ի վիճակի չեն եղել ըմբռնելու զարգացման գաղափարը, այսինքն՝ ընդունելու առհասարակ մարդկային էություն հասկացությունը և նրա կենսաբանական դրվածքը ծնունդի և մահվան միջև, այսինքն՝ այն, ինչը թերևս պետք է այնուհանդերձ մատնանշի մոդեռնում առկա ազդանշանը ու խորհրդանշի աշխարհը, ինչպես և Պաբլո Պիկասսոյի այն մի արտահայտությունը՝ թե դա պարզապես մարդու՝ մեկ ուրիշ վարպետության անցնելու շեմն է։ Երբ ես մոդեռնում դեռևս արձանագրում եմ այս տարբերությունը, թե արվեստը մի բան է, որը կյանքի հետ իրականում կապ չունի այնքան ժամանակ, քանի դեռ չի ներգործել այդ կյանքի հարաբերությունների վրա և որ մոդեռնի ճիշտ այս փուլում է առաջացել այն, ինչը ձևավորել է պետության մեր նոր հասկացությունը, կուսակցությունների հասկացությունը, ի հայտ բերել ժամանակակից բնագիտությունները, տվել անձնավորություններ, որոնք, ճիշտ է, կարոացան չափազանց հետաքրքիր փորձեր դնել շեմային այս իրադրության վրա, մի իրադրություն, որի մեջ սակայն, ասեմ ուղղակի, ինքնին արվեստի հասկացության, ունակության, ստեղծագործականության ըմբռնման դրվածքը պարզապես որոշակի կետից առաջ չի գնացել, ապա սա կապված է մի մշակութային պատկերացման հետ, ինչը մոդեռնին է պատկանում, այսինքն՝ մատերիալիզմին, միակողմանի գործող, ճշգրիտ բնագիտական մտածողության ժամանակին, և, ուրեմն, չէր կարող ընդհանրապես ըմբռնել կյանքն իր լայն իմաստով, կյանքից հետո՝ հոգին, ավելի լայն իմաստով, հոգուց հետո՝ ոգին, էլ ավելի ընդգրկուն իմաստով, ոգուց հետո՝ ոգու ավելի բարձր մակարդակները։ Եվ այդ պատճառով ինձ համար վերապրելի դարձավ, որ այդ մոդեռնը իր ազդանշաններով նշանակում է ոչ այլ ինչ, քան մարդուն տրված շեմ՝ բոլորովին այլ մի զորության տանող, այսինքն՝ արվեստի բոլորովին այլ մի գաղափարի, որը պետք է իր ոգեղեն զորությամբ հանդերձ համապատասխանի այդ տեսակ մարդուն։ Դա կլիներ արվեստի մարդաբանական հասկացություն։ Այսինքն՝ պատմական պրոցեսի տրամաբանությունը կապված մարդու ընդունակության հետ, հասկացվում է մոդեռնի ներսում իր գաղափարախոսություններով և միակողմանիություններով հանդերձ։ Այն թույլ է տալիս իրեն տրամաբանորեն տեղափոխել մարդաբանական շրջանակներում արվեստի և ընդունակության այդ հասկացության հետագա մետամորֆոզի մեջ։ «Մարդաբանական շրջանակներ» ասելով այստեղ նկատի ունենք մարդաբանական այդ դաշտի բոլոր պարամետրերի հետ հարաբերվածությունը։ Իսկ դա շատ կոնկրետ և ռեալ նշանակում է, որ յուրաքանչյուր մարդ արվեստագետ է։ Մարդը նկարագրելի է սոսկ որպես ընդունակությունների կրող։
Այս տրամաբանությանը, կարելի է ասել, ես հանգիստ հետևել եմ, շատ փորձեր եմ դրել և շատ մարդկանց եմ սադրանքի ենթարկել։ Ես օգտագործել եմ սադրանքի ձևերը, որպեսզի մարդկանց մղեմ առհասարակ ուշադրության, այսինքն՝ զգոնության, ռեակցիայի։ Ես մտածում եմ այս կերպ, ես կանխատեսում եմ նման մի շարունակական ֆորումի մեր համատեղ մտահղացումը այստեղ՝ եռերկրյա անկյունում, գեղարվեստական այդ միջոցը մենք չպետք է թերագնահատենք և, ուրեմն, նաև չպետք է խարխափենք ուրիշներին հարցերով, պատկերներով և կերպարներով դիմակայելիս, որոնք սադրանքի են ենթարկում նրանց, այսինքն՝ ինչ-որ բան են առաջ բերում նրանց մեջ, քանզի սադրել իտալերեն նշանակում է «առաջ բերել» («Hervorrufen» բառացի՝ դուրս կանչել)։ Ինչ-որ բան են դուրս կանչում, իբրև արդյունք կատարվում է շատ հասարակ մի բան՝ զրույց է ծավալվում։ Ընդ որում, միանգամայն անհետաքրքրական է՝ այդ զրույցում մարդն իր սադրանքով պարտվում է, հաղթում է, թե ինչ-որ տեղ հավասարակշռության մեջ է մնում, այնպես, որ զրույցի ողջ այդ պրոցեսը նախ ապարդյուն է ընթանում։ Բայց վստահաբար մի բան է նկատելի, որ այն շարունակաբար, մշտական վարժանքով, երբեք չթուլացող, նույնիսկ աճող ինտենսիվությամբ տանելու դեպքում պահպանում է իր ուժը, այնպես որ մարդ ուժաթափ չի լինում այդ զրույցը շարունակելիս։ Կարծում եմ, որ սա արվեստի ընդլայնված հասկացության կարևորագույն արդյունքներից մեկն է՝ մարդուն, յուրաքանչյուր մարդու բնորոշել իբրև արվեստագետի, քանզի նա անհատ է, քանզի նա թերևս ոչ այլ ոք է, քան նա, ով այնպես է ներխուժում հարաբերությունների, օրինակ, նյութական աշխարհի մեջ, որ գոյանում է ինչ-որ արտադրանք, որևէ կերպար, ուստի այդ մարդը ըմբռնվում է որպես ընդունակություններ կրող, և այդ կոմպլեքսով ելակետն է բնորոշվում՝ պրիմատը, «պրիմատն» այստեղ իհարկե ոչ Լումանի իմաստով (չնայած որ շատ ճիշտ է նաև այն, որ տնտեսական կյանքը կարևորագույնն է մեր մշակույթի համար և որ մենք պետք է այնտեղ բանավիճենք), բայց այնուամենայնիվ տնտեսության մարդաբանորեն ըմբռնված հասկացությունը օրգանապես կապված է այդ ելակետի հետ։ Այդ ելակետը մարդկային ստեղծագործականության (Kreativität) մեջ է։ Այս բառը ևս լատիներեն արմատ է պարունակում և առնչվում է Աստծուն։ Մարդն այստեղ նմանեցվում է Աստծուն։ Կարծում եմ, որ մարդու կայացման պարագայում դա համապատասխանում է օբյեկտիվ ռեալությանը, այն է՝ աստվածային առաջնորդությունից դուրս գալը, ինքնահայտնաբերման գնալը և առնվազն իր մեջ բուն աստվածային էակին նկատելը։
Հենց նման մի վերապրումով, որը նա այսօր լոկ դժվարությամբ է գիտակցում, քանզի այդքան հասարակ ձևով դա նրան այլևս չի կարող տրվել, նա հավանաբար կվերհիշի, որ իրականում քրիստոնեական ճշմարտությունը ոչ միայն եղել է, այլ է, որը, սակայն, միջանկյալ շրջանում (եղել֊ի և է-ի միջև) լիովին անհետացել է գիտակցությունից, որ այո, Աստված ներքաշված է մարդու մեջ։ Այսինքն՝ այդ Աստծո արարչասկզբունքը, որն ասում է՝ «Ես ձեզ ազատ կդարձնեմ», կնշանակի ոչ այլ ինչ, քան այն, որ ստեղծագործականությունը ազատության գիտություն է։ Ստեղծագործականությունը տակավին մոդայիկ երևույթ չէ։ Այն, ինչպես բոլոր իշխանական համակարգերում, որոնք հետաքրքրված չեն մարդկային գիտակցականացմամբ, մեդիաների (հաղորդակցական միջոցների), այսինքն՝ իշխանական նման կառուցվածքների տնօրինող միջոցների շնորհիվ արժեզրկված է (heruntergewirtscaftet) ընդհուպ «fashionable creativity»–ի (մոդայիկ ստեղծագործականության)։ Մարդկանց ասում են. «Դե լավ, բայց չէ՞ որ դու քո հոբբին ունես», երբ այդ ամենը, որ համապատասխանում է մարդու ամենաբարձրագույն արժանիքին, նսեմացվում է և հասցվում հոբբիի բնույթ ունեցող մի բանի։ Նման հասկացության ի հայտ գալով՝ մարդն անմիջապես այնպես է մշակվում, որ ոչ մի ինքնագիտակցություն չի կարող գոյանալ նրա մեջ։ Այսինքն՝ սկիզբը նորից ընդունակությունն է – ինչ-որ բան կերտելու ընդունակությունը, նաև պարզապես զրույցի փորձում մարդուն միանգամայն շոշափելիորեն տրվող պարզաբանումը, որ այդ մարդու, որպես քանդակագործի, ի կատար ածած առաջին ձևակերտումը (Gestaltung), նրա մտածողության ձևերն են։ Որ նրա մտածողության ձևերը նրա զգացմունքների ձևերի հետ համագործակցելով խոսքի են մղվում նրա մտածողության ձևերի հետ, բնորոշում է նրան որպես խոսքային տիրույթի քանդակագործի։ Լոկ այս պնդումով թերևս ինքնին պատճառաբանված է, որ մարդը կերտող էակ է։ Եթե մարդը գիտակցում է սա, կգիտակցի նաև հետևյալը՝ որ նա դրանով իսկ ինքն իրեն որոշարկող էակ է։ Քանզի ազատության և
ստեղծագործականության հասկացություններից բխում է, որ դա նրա ուժն է, որը թույլ է տալիս նրան որոշարկելու իրեն։ Այդ հասկացության հետ օրգանապես կապված է սուվերեն (Souverän) հասկացությունը։ Ակնթարթորեն նրան պարզ է դառնում, որ պետության մասին ուսմունքներից, պետության մասին փիլիսոփայություններից, այսպես կոչված պետաիրավական պատկերացումների խառնաշփոթից ժառանգված այլևս ոչինչ տարրական նշանակություն իսկ չունի և որ պետական էությունը, այսինքն՝ վճռորոշ վերջին ատյանը նա ինքն է իբրև մարդ, բնականաբար իր եղբայրների և քույրերի հետ միասին։ Քանզի ազատություն հասկացությունը հետևողաբար բերում է այն բանին, որ ազատություն կարող է կոչվել միայն այն, ինչը հակառակն է կամայականության (նաև այսպես կոչված «ընտրության ազատության», որը, չէ՞ որ նույնպես կամայականության ոլորտին է պատկանում), որ ազատությունն իրականում ճիշտ գործունեություն է միայն այն դեպքում, երբ այն կարող է փոխըմբռնում ստեղծել մերձավորների և բնության բոլոր կապերի մեջ։ Երբ այդ փոխըմբռնումից այն վերածվում է ձևակերտող ակցիայի, ապա խոսքը ազատության մասին է։
Ես ուզում եմ մեկ անգամ ևս ետ վերադառնալ, ուրեմն, արվեստին հաջողվել է, – որոշ ձեռնարկումներ (Anfänge) այստեղ միանգամայն լավ են հաջողվել, – մոդեռնի շեմին բախվել մարդաբանական գիտակցության շեմին, ստեղծագործականության մարդաբանական հասկացությանը, մարդու էությամբ հիմնավորված ազատության հասկացությանը, բայց «արվեստն» այժմ ըմբռնված ոչ այնպես, ինչպես այն դեռ շարունակում է լայնորեն գործել մոդեռնի ոլորտում (դա երևում է օրաթերթերից) ընդհուպ մինչև մեր ժամանակները։ Այնտեղ, այդ ոլորտում, արվեստը մղվել է որմնախորշային գոյության։ Այն ոչ մի նշանակություն չունի օրվա մեծ հարցերի գործում, որոնց առջև կանգնած է մարդկությունը, և, ինչպես ստեղծագործականության հասկացությունը այս կամ այն կերպ օգտագործվում է որպես համակարգերի դեկորացիա, այնպես որ մասնավոր կապիտալիզմում, մասնավոր կապիտալիստական տնտեսակարգի աշխարհում, այդ համակարգի և այն տնօրինողների կողմից կարող է ասվել. «Տեսեք, թե ինչ ազատ ենք մենք։ Արվեստագետները կարող են անել այն, ինչ ուզում են»։ Տեսնում եք, որքան վատ է՝ արվեստագետները կարող են անել այն, ինչ ուզում են, – ինչը նրանք իրականում չպետք է անեն՝ ելնելով վերը ասվածից։ Մենք տեսնում ենք, թե ինչպես նորից թե՛ արևմուտքի, թե՛ արևելքի հասարակական համակարգերի իշխանական մանիպուլացիայի կողմից, այսինքն՝ ինչպես պետական– ցենտրալիստական, այնպես էլ մասնավոր-տնտեսական կապիտալիզմի սահմաններում նսեմացվում են, եզերք են մղվում բուն, մարդուց ժայթքել ձգտող զորություններն ու ոգեղեն ուժերը։ Լավագույն դեպքում նրանց խեղկատակի ազատությունն են թողնում. այդ արվեստագետները, ուրեմն, նաև խեղկատակներ են։ Նրանց թողնում են մի խաղադաշտ, որտեղ նրանք կարող են մոլեգնել, որպեսզի չկարողանան ազդեցություն ունենալ որևէ հարակից տիրույթի իրողության վրա, տիրույթ, որ գտնում է մարդը որպես կերտելի դաշտ մարդկային հանրության սուվերենի իր դիրքից։ Մենք, իբրև մտածող ու ճանաչող մարդ, ազատությունը կապերի ըմբռնման մեջ տեսնող մարդ, թերևս պետք է որպես հարակից դաշտ բնականաբար դիտենք այդ ձևակերտող գործունեության, այսինքն՝ այդ աշխատանքի մեջ մարդկային բոլոր հարաբերությունների իրավակարգավորումների դաշտը։ Սա է ամենից առաջ կերտելի նախանյութը։ Իրավական դաշտը պետք է մարդու, սուվերենի կողմից նորովի ձևավորվի։ Այդ դաշտը պետք է գտնի մի ձև, ինչպես Միքելանջելոն մի ձև էր գտել իր զանազան ֆիգուրների համար, որը հայտնի է մարդկանց, քանզի ժամանակի ընթացքում մեծ ազդեցություն է գործել նման հսկան։ Այդպես էլ մարդը իրավական այդ դաշտը Միքելանջելոյի նման պետք է վերափոխի զորեղ մի ֆիգուրի։ Ու իսկապես, միանգամայն բնական է, որ ձևերի այդ գոյացությունում վերջիններս հայտնվում են իրավունքների կարգով, որոնք ձևեր են ստեղծում մարդկային տնտեսության համար՝ ձևակերտման երրորդ դաշտում, իրավունքի ճիշտ ձևերը այն բանի Ինչպես-ի, Ով-ի, Երբ-ի, Որտեղ-ի վերաբերյալ, ինչը արտադրելի է մարդկային աշխատանքային դաշտի և սպառողական դաշտի շրջանակներում։ Վերը շարադրվածից նախ չի հետևում, թե մինչ այժմ իմ կողմից նկարագրվածի համար մենք կարիք ունենք մի հասկացության, ինչպիսին «քաղաքականությունն» է։ Եվ ես շատ եմ արժևորում, պնդում, որ մարդը նախ ձեռք բերի իր, որպես ձևակերտող էակի, պատկերը, որ այն ամենը, ինչը մարդկային ֆիգուրացիայի կարող է բերել սոցիալական օրգանիզմը, նախ դույզն ինչ կապ չունի քաղաքականության հետ, բայց այդ մասին մենք ուզում ենք հետագայում խոսել։ Այսպիսով, դուք տեսնում եք (արվեստի, ստեղծագործականության, ընդունակության, ազատության, մարդաբանական նոր ժամանակների ևս մի ապացույց՝ ժամանակի բարձունքում գտնվող հասկացության անհրաժեշտության համար), թե պետք է սովորել հասկանալ, որ մարդու անելիքն է՝ փնտրել ձևեր, իր արտադրանքների համար հայթայթել ուրիշին ցույց տալու արժանի ձև, որ ձևն, ուրեմն, հրապարակվում է և ոչ թե պահվում իր համար, այնպես որ բոլոր մարդիկ կարող են տեսնել այն։ Վերցնենք մի մեծ վայր կամ մի մեծ սեղան, որի վրա դրվում է ձևը և բոլոր մարդիկ դիտում են այդ ձևը ու խոսում դրա մասին։ Պարագաների բերումով նրանք դժգոհելու շատ բան ունեն այդ ձևից։ Եվ բանը ձևակերտման առաջին փորձի հաջողությունը չէ, այլ այն, որ այդ ձևը հրապարակվի, որ մարդն իր մերձավորներին ներկայանա այնքան բաց, իր բոլոր թուլություններով, այո, այնպես, որ նա ուղղակի բացի իր վերքերը (որ յուրաքանչյուր ոք ունի), դրանք ուրիշին ցույց տալու համար։ Ելնելով սրանից՝ նա կուզենա ներգործել ապագայի ձևակերտման վրա, ապագա, որ կառուցվելու է ուրիշների օգնությամբ։ Այսինքն՝ բառերի և հասկացությունների իմ այս կուտակումների միջով թերևս օրգանապես ի հայտ է գալիս այն, ինչ մենք ուզում ենք տեսնել։
Այսինքն՝ մենք ուզում ենք մոտենալ այդ մեծ սեղանին, այդ պլատֆորմին, որտեղ բոլոր համապարփակ ուղղություններով քննարկվում են Կենտրոնական Եվրոպայի և բնականաբար նաև ողջ աշխարհի հարցերը, որ ես փորձեցի ուրվագծել, որոնք, այսպիսով, մատերիալիստական նեղվածքից շատ հեռու անցնելով վերջապես կրկին արվեստի ընդլայնված հասկացության մեջ են ամփոփում բոլոր ընդլայնումները՝ արվեստի հասկացության ընդլայնումը, գիտության հասկացության ընդլայնումը, կրոնական հասկացության ընդլայնումը, ինչը ցույց է տալիս, որ դա մարդկության կապիտալն է։ Որ Մարքսը «Կապիտալ» խորագրով հաստ մի գիրք է գրել, որ այդ մեծ, կամող ու ձգտող մարդը, ճիշտ է, կապիտալիստական համակարգի հսկայական քննադատությունն է տվել և ոչինչ չի ասել կապիտալի մասին, հետո ճշմարտություն կդառնա, դա այս պլատֆորմի վրա, այսինքն՝ խոսող ու մտածող մարդկանց պերմանենտ կոնֆերանսի ժամանակ, որոնք դեպի դուրս են ուզում գործել, հետո կբացահայտվի։ Արդյունքում Մարքսը ոչ թե կփոքրանա, այլ հավանաբար նույնիսկ մեծանա։ Նման դեմքերի պարագայում որոշ բաներ քողարկում են։ Որ նրանք մոդեռնում որոշակի էքսպերիմենտներ են արել, ես սկզբում արդեն ասացի։ Դա այդպես է նաև ազգային էկոնոմիկայի հարցի դեպքում, քանզի Մարքսը, ելնելով ինչ-որ աղոտ կամայնությունից, պրագմատիկ մի դաշտ է իջել փիլիսոփայությունից ու ցանկացել տնտեսագետ դառնալ։ Որ նա դա ցանկացել է, արդեն իսկ տրամաբանական էր, բայց հետո նա մի փորձ դրեց, որը, որքան էլ կարևոր էր, շատ մեծ աղետներ բերեց մարդկությանը, չնայած հին կտակարանի մարգարեի՝ նրա հանճարեղ և ներքուստ հսկայական իմպուլսիվ բարոյականությանը։ Զիգմունդ Ֆրոյդի կողմից փորձ արվեց մարդկային հոգին մարդկային գիտակցության կենտրոնում դնելու։ Հակառակ նրա հետաքրքիր ծրագրերի, գրվածքների (Literaturen) և հոգեբանական, էքսպերիմենտալ համակարգերի, նրան բոլորովին չհաջողվեց ինչ-որ բան ասել հոգու մասին, այլ հաջողվեց ինչ-որ բան ասել մարդու մարմնականի, կենսաբանական մարմնականի, հիմնականում սեռական մարմնականի մասին, որքանով որ պարագաների բերումով այն կապվում է հոգեկանի հետ։ Այսինքն՝ բուն այս հոգեգիտությունը (Seelenwissenschaft) մենք պետք է զարգացնենք էկոնոմիկական կամայնության, այսինքն՝ տնտեսապես գործողի շրջանակներում, քանզի հիմա թերևս նկատում ենք, որ արվեստի ընդլայնված հասկացությունը ունակ է ներխուժել հասարակության սիրտը։ Եթե արվեստի ընդլայնված հասկացությունը մի կողմից հստակեցնում է, որ մարդկանց ընդունակությունները կապիտալ են, և մյուս կողմից այն, ինչ գոյանում է որպես կերպար մարդկանց ընդունակություններից, որ դրանք միասին վերցրած կապիտալ են, ապա բանն իսկապես վերաբերում է մի դաշտի, ուր մարդկային հոգու հարցը այն շոշափում է արդեն իսկ շատ պահանջկոտ մակարդակում։ Քանզի մարդկային կապիտալի այդ մշակման մեջ, որպես Երկրագնդի ճակատագրի վրայով մարդկային ողջ ապագային ուղղված զարգացման էական նյութ, մարդկային տնտեսակարգը ինտեգրվում է արվեստի ընդլայնված հասկացության հետ՝ դառնալով մի բան, որը կարող է բավարարել մարդկանց նյութական պահանջարկն այս Երկրագնդի վրա. առաջին՝ այն կարող է բավարարել մարդկանց հոգևոր պահանջարկը, հետո՝ բնության կենսապահանջարկը, այնուհետև կարող է այնպես պահպանել ու կազմակերպել այս երկրագնդի նյութերն ու ուժերը, որ այս մոլորակը իրեն տրանսֆորմացնող և մետամորֆոզող մարդ էակի միջոցով հասնի իր տրանսֆորմացիային, մինչև որ հենց այս մոլորակի վրա կատարվի տրանսֆորմացիան, այնպես որ սոցիալական սուբստանցիան ինքը դառնա Արևի պետություն, այսինքն՝ ապագայի մոլորակը, որի վրա մարդիկ ուրիշ, ավելի բարձր կենսապայմաններում են աշխատելու և զբաղվելու տնտեսությամբ։
Նյութն այս կերպ շոշափելուց հետո ես այժմ կցանկանայի ավարտել և անցնել բանավեճի առաջին փուլին։ Չէ՞ որ միշտ է այդպես՝ ես մտածել էի մի բան, բայց հետո տեսա ձեզ, և դուք ներշնչեցիք ինձ արտահայտվելու այնպես, ինչպես դա արեցի այժմ, երևի թե ես այն շոշափեցի մի փոքր այլ կերպ։
Ծափահարություններ։