Դանիիլ Խարմս
Դանիիլ Խարմսը (Դանիիլ Իվանովիչ Յուվաչով) ծնվել է Պետերբուրգում 1905 թ. դեկտեմբերի 30-ին:
1941 թ. օգոստոսին ձերբակալվեց երրորդ անգամ և մահացավ բանտային հիվանդանոցում 1942 թ. փետրվարին:
«Ինձ, – գրում է Խարմսը 1937 թվականին, – հետաքրքրում է միայն «տխմարությունը», միայն այն, որ չունի ոչ մի պրակտիկ իմաստ: Ինձ հետաքրքրում է կյանքը միայն իր անհեթեթ դրսևորմամբ»:
Գրականությունը, «որը չունի ոչ մի պրակտիկ իմաստ», բնականաբար չէր կարող «պիտանի» համարվել: Խարմսը հրաշալիորեն գիտակցում էր դա:
Դանիիլ Խարմսը գրականության պատմության մեջ ամենազվարթ, ամենաողբերգական և ամենաչհասկացված ու ամենազարմանալի հեղինակներից մեկն է:
Երկնագույն Տետրակ N 10
Էր կարմրահեր մի մարդ, որ չուներ աչքեր ու ականջներ: Նա չուներ և մազեր, այնպես որ կարմրահեր նրան անվանում էին պայմանականորեն:
Խոսել չէր կարողանում, քանի որ բերան չուներ: Քիթ նույնպես չուներ:
Նա նույնիսկ ձեռ ու ոտ չուներ: Եվ փոր էլ չուներ, և մեջք էլ չուներ, և ողնաշար էլ չուներ, և ոչ մի փորոտիք էլ չուներ: Ոչինչ չուներ: Այնպես որ, անհասկանալի է՝ ում մասին է խոսքը:
Գոնե ավելի լավ է մենք նրա մասին այլևս չխոսենք:
Օպտիկական խաբկանք
Սեմյոն Սեմյոնովիչը ակնոց դնելով, նայում է սոճուն ու տեսնում՝ սոճու վրա նստած է մի մուժիկ և իրեն բռունցք է ցույց տալիս:
Սեմյոն Սեմյոնովիչը, ակնոցը հանելով, նայում է սոճուն ու տեսնում, որ սոճու վրա ոչ ոք նստած չէ:
Սեմյոն Սեմյոնովիչը, ակնոցը դնելով, նայում է սոճուն և նորեն տեսնում, որ սոճու վրա նստած է մուժիկը և իրեն բռունցք է ցույց տալիս:
Սեմյոն Սեմյոնովիչը, ակնոցը հանելով, նորեն տեսնում է, որ սոճու վրա ոչ ոք նստած չէ:
Սեմյոն Սեմյոնովիչը, նորեն ակնոցը դնելով, նայում է սոճուն, և նորեն տեսնում, որ սոճու վրա նստած է մուժիկը և իրեն բռունցք է ցույց տալիս:
Սեմյոն Սեմյոնովիչը չի կամենում հավատալ այդ երևույթին և համարում է այդ երևույթը օպտիկական խաբկանք:
Կապ. Փիլիսոփա
1.Գրում եմ Ձեզ ի պատասխան Ձեր նամակի, որը Դուք պատրաստվում եք գրել ինձ ի պատասխան իմ նամակի, որը գրել եմ Ձեզ: 2. Մի ջութակահար մագնիս էր գնել իր համար և տանում էր այն տուն: Ճանապարհին ջութակահարի վրա հարձակ- վեցին խուլիգանները և գլխարկը գլխից թռցրին: Քամին որսաց գլխարկը և տարավ այն փողոցով: 3. Ջութակահարը մագնիսը վայր դրեց և վազեց գլխարկի ետևից: Գլխարկը ազոտաթթվով ջրափոսն էր ընկել և այնտեղ քայքայվել: 4. Իսկ խուլիգաններն այդ ընթացքում հափշտակեցին մագնիսը և անհետացան: 5. Ջութակահարը տուն դարձավ առանց վերարկուի և գլխարկի, քանի որ գլխարկը ազոտաթթվի մեջ քայքայվել էր, և ջութակահարը իր գլխարկի կորստից վշտացած, վերարկուն մոռացավ տրամվայում: 6. Այդ տրամվայի կոնդուկտորը տարավ վերարկուն հնոտիաշուկա և փոխանակեց այն թթվասերի, կորկոտի և լոլիկի հետ: 7. Կոնդուկտորի աները լոլիկից գերհագեցավ ու մեռավ: Կոնդուկտորի աներոջ դին դրեցին դիարան, բայց հետո այն շփոթեցին և կոնդուկտորի աներոջ փոխարեն թաղեցին ինչ-որ պառավի: 8. Պառավի գերեզմանի վրա սպիտակ սյուն դրեցին՝ Անտոն Սերգեևիչ Կոնդրատև մակագրությամբ: 9. Տասնմեկ տարի անց այդ սյունը որդերը կրծոտեցին և այն ընկավ: Իսկ գերեզմանոցի պահակը սղոցեց այդ սյունը 4 մասի և վառեց այն իր սալօջախում: Իսկ գերեզմանոցի պահակի կինը այդ կրակի վրա ծաղկակաղամբից ապուր պատրաստեց: 10. Բայց, երբ ապուրն արդեն պատրաստ էր, պատից ժամացույցն ընկավ հենց այդ ապուրով ամանի մեջ: Ժամացույցն ապուրից հանեցին, բայց ժամացույցի մեջ փայտոջիլներ կային և հիմա նրանք ապուրի մեջ հայտնվեցին: Ապուրը տվեցին մուրացիկ Տիմոֆեյին: 11. Մուրացիկ Տիմոֆեյը կերավ փայտոջիլներով ապուրը և պատմեց աղքատ Նիկոլային գերեզմանոցի պահակի բարու- թյան մասին: 12. Հաջորդ օրը աղքատ Նիկոլայը եկավ գերեզմանոցի պահակի մոտ և սկսեց ողորմություն խնդրել: Բայց գերեզմանոցի պահակը ոչինչ չտվեց աղքատ Նիկոլային և վռնդեց նրան: 13. Մուրացիկ Նիկոլայը շատ զայրացավ և վառեց գերեզմանոցի պահակի տունը: 14. Կրակը տնից անցավ եկեղեցի և եկեղեցին այրվեց: 15. Երկարաձիգ քննություն գնաց, բայց հրդեհի պատճառը պարզել չհաջողվեց: 16. Այն տեղում, ուր եկեղեցին էր, ակումբ սարքեցին, և ակումբի բացման օրը կազմակերպեցին համերգ, որում հանդես եկավ ջութակահարը, ով 14 տարի դրանից առաջ կորցրել էր իր վերարկուն: 17. Իսկ ունկնդիրների մեջ նստած էր որդին այդ խուլիգաններից մեկի, ովքեր 14 տարի առաջ թռցրել էին այդ ջութակահարի գլխարկը: 18. Այդ համերգից հետո նրանք տուն գնացին նույն տրամվայով: Սակայն նրանց ետևից եկող տրամվայում վագոնավարը հենց նույն կոնդուկտորն էր, ով մի ժամանակ հնոտիաշուկայում ծախել էր ջութակահարի վերարկուն: 19. Եվ ահա նրանք ընթանում են ուշ երեկոյան քաղաքով. առջևից՝ ջութակահարն ու խուլիգանի որդին, և նրանց հետևից՝ վագոնավարը՝ երբեմնի կոնդուկտորը: 20. Նրանք գնում են և չգիտեն, թե ինչ կապ կա իրենց միջև և չեն իմանա այդ մինչ ի մահ:
Միշինի հաղթանակը
Միշինին ասացին՝
– Է¯յ Միշին, վեր կաց:
Միշինն ասաց.
– Չեմ վեր կենա, և շարունակեց գետնին պառկած մնալ:
– Եթե դու, Միշին, չվերկենաս, ես քեզ կստիպեմ վեր կենալ:
– Ոչ, ասաց Միշինը, շարունակելով հատակին պառկել: Միշինին մոտեցավ Սելիզնյովան և ասաց.
– Դուք, Միշին, մշտապես փռված եք միջանցքի հատակին և խանգարում եք ետ ու առաջ գնալ:
– Խանգարել եմ և կխանգարեմ, – ասաց Միշինը:
– Դե գիտեք ինչ, – ասաց Կորշունովը, բայց նրան ընդհատեց Կուլիգն ու ասաց.
– Երկար բարակ խոսելու բան չկա: Զանգահարեք միլիցիա:
Զանգեցին միլիցիա և միլիցիոներ կանչեցին: Կես ժամից եկավ միլիցիոները հավաքարարի հետ:
– Դե ինչ է պատահել, – ասաց միլիցիոները:
– Սրան տեսեք, – ասաց Կորշունովը, բայց նրան ընդհատեց Կուլիգինն ու ասաց.
– Ահա. Այս քաղաքացին մշտապես պառկած է այստեղ հատակին և խանգարում է մեզ միջանցքով քայլել: Մենք նրան
և՛ այսպես, և՛ այնպես…
Բայց ահա Կուլիգինին ընդհատեց Սելիզնյովան և ասաց.
– Մենք նրան խնդրում ենք հեռանալ, իսկ նա չի գնում:
– Այո, – ասաց Կորշունովը:
Միլիցիոները մոտեցավ Միշինին.
– Դուք քաղաքացի, ինչո՞ւ եք այստեղ պառկած, – հարցրեց միլիցիոները:
– Հանգստանում եմ, – ասաց Միշինը:
– Թույլ տվեք, – ասաց Կորշունովը, բայց նրան ընդհատեց Կուլիգինն ու ասաց.
– Նա նույնիսկ մահճակալ չունի և ուղղակի փռվում է մերկ հատակին:
– Նրանք վաղուց են նրանից գանգատվում, – ասաց հավաքարարը:
– Միջանցքով քայլել բացարձակ անհնար է, – ասաց Սելիզնյովան:
– Ես չեմ կարող միշտ քայլել տղամարդու վրայով: Իսկ նա էլ դիտմամբ ոտքերն է չռում, և մեկ էլ ձեռքերն է երկարում, և մեկ էլ մեջքի վրա պառկում ու նայում է: Ես աշխատանքից հոգնած գալիս եմ, ինձ հանգիստ է պետք:
– Ավելացնում եմ, – ասաց Կորշունովը, բայց նրան ընդհատեց Կուլիգինն ու ասաց.
– Նա գիշերն էլ է այստեղ պառկած. նրան դիպչելով բոլորը սայթաքում են, վրայով անցնելիս վերմակս պատռեցի: Սելիզնյովան ասաց.
– Նրա գրպանից միշտ ինչ-որ մեխեր են թափվում: Անհնար է միջանցքով բոբիկ քայլել, արի ու տես ոտքդ կճղես:
– Նրանք վերջերս ուզում էին նրան նավթով վառել, – ասաց հավաքարարը:
– Մենք նրա վրա նավթ լցրեցինք, – ասաց Կորշունովը, բայց նրան ընդհատեց Կուլիգինն ու ասաց.
– Մենք միայն վախեցնելու համար նրա վրա նավթ լցրեցինք, իսկ այրել չէինք էլ պատրաստվում:
– Դե՛, ես թույլ էլ չէի տա, որ իմ ներկայությամբ ողջ մարդուն
այրեին, – ասաց Սելիզնյովան:
– Իսկ ինչո՞ւ է այս քաղաքացին միջանցքում պառկած, – հանկարծ հարցրեց միլիցիոները:
– Բարև ձեզ, – ասաց Կորշունովը, բայց Կուլիգինը նրան ընդհատեց ու ասաց.
– Դե, որովհետև նա ուրիշ բնակտարածք չունի, ահա՛ այս սենյակում ես եմ ապրում, իսկ այստեղ՝ ահա՛ նա, իսկ դե Միշինն այստեղ՝ միջանցքում է ապրում:
– Չէ, էդպես չի լինի, – ասաց միլիցիոները: Հարկ է, որ ամեն ոք իր բնակտարածքում պառկի:
– Իսկ նա, բացի միջանցքից, ուրիշ բնակտարածք չունի, – ասաց Կուլիգինը:
– Հենց այդպես, – ասաց Կորշունովը:
– Ահա նա էլ անընդհատ այստեղ է պառկած, – ասաց Սելիզնյովան:
– Չէ, էդպես չի լինի, – ասաց միլիցիոները, և հավաքարարի հետ գնաց:
Կորշունովը ցատկեց Միշինի մոտ:
– Ի՞նչ, – գոչեց նա, ինչպե՞ս էր, ձեր դուրը եկավ:
– Սպասեցեք, – ասաց Կուլիգինը, և մոտենալով Միշինին,
ասաց. – Լսեցի՛ր, միլիցիոներն ինչ ասաց: Վեր կաց հատակից:
– Չեմ վեր կենա, – ասաց Միշինը, շարունակելով պառկել հատակին:
– Նա այսուհետ դիտմամբ հավերժորեն այստեղ կպառկի, – ասաց Կուլիգինը բորբոքվելով:
Եվ Կորշունովն ասաց.
– Ես այդ բանում չեմ կասկածում: Parfaiment (ֆր. ամենևին):
Ռուսերենից թարգմանությունը՝ Վարդան Ֆերեշեթյանի