Ասույթներ Նիցշեի ոճով

Հովնաթան Ադամյան

Քանի ապրում ես՝ ոչինչ էլ չունես,

Քանզի կամ լցվում կամ դատարկվում ես:

Ուր սիրելու էլ բան չկա՝

Մի վարանիր, թող ու գնա:

Ով քիչը տալիս ու շատն է առնում,

Հոգու պարտքերի գերին է դառնում:

Թե չկամեցար արծվի պես ճախրել,

Գոնե կամեցիր քարի պես ընկնել:

Կյանք սիրելուն դարձանք սովոր,

Բայց բուն կյանքին՝ դեռ անսովոր:

Լավ է կույր լինես ու բան չտեսնես,

Քան թե տեսածդ պատկեր էլ թողնես:

Քեզ ժամանա՞կն է արդեն հալածում.

Դեռ առջևում չես, իզուր ես ցնծում:

Այդ անիմաստն է, որ հետապնդում

Եւ իմաստունին հանգիստ չի թողնում:

«Բարին» իր բարքը համարում է ճիշտ.

Պատճառն ու մեղքը ուրիշինն են միշտ:

Մեծ հակակրանքը ուժ է պարգևում

Եւ թևեր տալով՝ տաղտուկից պոկում:

Գիտունը, կինը ու մեկ էլ գինին

Անկապ դեպքերից շարան են հյուսում,

Եվ մշուշապատ աչքերի քողին

Անամոթաբար «ճանաչում» ասում:

Պատիվդ այն է, թե ուր ես գնում,

Այլ ոչ թե ով ես ու ինչ ես անում:

Այդ իմաստունն է ուղտի պես կքած՝

Բոլորի հոգսը կռնակին տանում,

Եվ տեղ հասնելով, պարտքից ազատված՝

Առյուծից հզոր իր «ոչ»-ն է ասում:

Կանխավ չփորձես տեսնել ապագան՝

Անցյալից պոկվես, նա իսկույն կգա:

Թե աչքդ կույր է ուրիշի լավին՝

Երկար չես սպասի քո վատ համբավին:

Մեծ փորձություն է իմաստունն անցնում,

Երբ տեսած բանին հավատ չի տածում:

Հզոր անհատի հոգու վերքերում

Պորտաբույծները խնջույք են անում:

Թող կրկին չափեմ իրերի վարկը՝

Հագենա հոգուս նորի պապակը:

Արարողը լուռ հողմն է պտտում,

Քիչ անց ամբոխը աղմուկն է հանում:

Քանի գին չունի և ոչ էլ պիտակ՝

Կամ չնչին բան է, կամ միտք անհատակ:

Ով խարույկի մեջ է ցնծում,

Նա իր ցավը չի անիծում:

Ճղճիմ մտքից վատ բան չկա,

Չարը դուրս տուր, թե մեջդ կա:

Առողջ է, հզոր այն կամքը միայն,

Որին ծնում է հեռու ապագան:

Ով կնոջ հոգում կնոջն ազատի՝

Դրանից մեծ բան դժվար թե անի:

Լեզուն խնդրում է, իսկ սիրտը՝ խորշում.

Թե բախտդ բերի՝ կստանաս մերժում:

Որ այսպես գնա՝ ամեն կատարյալ մեռնել կամենա,

Աշխարհում մի օր տհասն ու փուչը միայն կմնան:

Ազատվող կամքը նորին է տենչում՝

«Բարի» կոչվածը հնին է կառչում:

Մերձավորն ասաց. – «Սերդ քեզ պահիր,

Ես վեր կկենամ, ինձ մի կարեկցիր»:

Ով որ խոսելիս իրեն չի լսում,

Նա, սովորաբար, ճիշտ բան չի ասում:

Մեկի՞ն ես սիրում՝ դու բարբարոս ես.

Մի՞թե մյուսներին տալու բան չունես:

Ուր առաքինին եղավ բացակա՝

Ճիվաղներն իսկույն դառնում են ներկա:

Չի՞ ուզում մարդը նոր բան իմանալ՝ 

Կամ իմաստուն է, կամ խենթ կատարյալ:

Մի ոստյունով դեպի մահը,

Տկարն ուզեց հաղթել ահը:

Անլուրջ արարք, կատակով խոսք, հակաճառում՝

Հոգու առողջ բնությունն են արտացոլում:

Ինչ հիմարն էի՝ ժլատ սիրո մեջ.

«Ամեն ապրող բան պիտ սիրեմ, էլ վերջ»:

Կնոջ նման է բախտը զորեղի.

Հենց թողնես հանգիստ, քեզ բաց չի թողնի:

Փուչ ընկույզն անգամ ջարդվել է ուզում.

«Զուր հո չե՞մ ծնվել», – ինքն իրեն ասում:

Ով հրեշի հետ երկար կռիվ տա,

Զգույշ թող լինի՝ հրեշ չդառնա:

Հիմարին՝ կիրքը, ասես, թույն լինի

Խելոքի համար՝ մի անուշ գինի:

Քո թշնամուն հարգել գիտցիր՝

Բարին մի տուր չարի դիմաց,

Այլ հենց խայթի, դու համոզիր,

Որ զգոն դարձար ու աչքաբաց:

Ով որ ունի՝ նա բան չի տա.

Որոնողը միայն կտա:

Թող հասած պահին կյանքը կտրվի.

Ողկույզը կտրող դանակն օրհնվի:

Մեկը լոկ միտք է, մյուսը՝ լոկ արարք.

Ո՞վ է հնարել «պատճառ-հետևանք»:

Անմարդկային է զոռով օգնելը,

Այդ քստմնելի, կեղծ կարեկցելը:

Ինչ սիրել ես, հետո չատես՝

Ճանաչելու դեռ հասու չես:

Եթե չես ուզում ծարավից մեռնել,

Մի խորշիր ամեն բաժակից խմել:

Զայրույթը նենգին թույլ է հարվածում,

Ծիծաղն է նրան մահացու խոցում:

«Միշտ էլ իմ մեջ էր չարի պատճառը»,-

Քթի տակ խնդաց բարու հանճարը:

Երևույթները՝ անկախ, բնական,

Ոչ անբարո են, ոչ բարոյական.

Իրենք ծնվում են, իրենք էլ մեռնում,

Իզուր մի փորձիր դառնալ մեկնաբան:

Լեռան գագաթին ծեր ազգը նստել,

Ծույլ հորանջելով իմաստ էր փնտրում:

Այդժամ ձորերում իրարանցում էր.

Ջահելն ավյունով աշխարհն էր տիրում:

Թե հին կապերը իրենք չեն փրթում,

Ատամներով են պարանը պոռթում:

Պիտի որ երկար ապրենք կողք-կողքի,

Ես տարված մտքով, դու գերի՝ կրքի:

Ճիշտը թե այն է, ինչ դարձել է հին,

Իմ աչքին սուտն է, պճնված ծեր կին:

Իմաստունի, մեկ էլ մանկան ճկուն վարքում

Ամոթը չէ ձևն ու չափը կարգավորում:

Քուրմը իր դիրքը լավ էր պահպանում.

Մարդու մեղքերը քնքուշ փայփայում:

Իմ դևին տեսա՝ լուրջ, հանդիսավոր.

Ոգին ծանրության՝ հավետ սգավոր: