Արա Գուրզադյան
…բանալի ու բանալիություն է փնտրում…
Ի՞նչ ես փակել և ի՞նչ ես բացել դու, երբ Հայրենիքի մարմինը դեռ կաթվածահար չէր իր ոգեզարկերակը արձանագրող վանքերում: Երբ Երկինքը դեռ մուտք ուներ Երկիր մարդիրեղենության բոլոր մանրուքներում:
Քեզ վստահված դռան ետևում մեր նախնիների խնամած տարածությունն իր աղոթքներով ու դպրությամբ դեռ զրնգում եր ոգեբերքահավաքի երկնակամարում:
Այնուհետև սկսվեց ջարդն ու թալանը, և դու անհետացար բզկտված իրերի արանքում` քո ժանգի մեջ պահելով բռնաբարված ժամանակի ու տարածության գաղտնիքը:
Կորած իրերի պատմությունը երկար պահելով քեզ իր խեցիներում, չնախատեսված պատահականության հրաշքով թողեց, որ սայթաքես անհետացած Հայրենիքի զնդաններից ու հայտնվես ժառանգներիդ ափերում` վկայելու ժամանակի փակերի տակ կալանավոր բանալու ժանգից կակղած լռությունն ու նոր դռներ բացելու տենչը ժամանակակից անապատներում:
Քո փակած դռները այդպես էլ չբացվեցին: Հայրենիքի կմախքը հանելուկի պես սփռվեց մեր անգիտակցության տեսադաշտում` բազմապատկելով մոլորյալի մեր ունայնությունը: Միջնադարյան բանալիությունը, որ մեր նախնիները ձևակերպեցին քո մետաղյա մարմնում, դարերով հունցված երազների շունչն է տարածում մեր հուսահատության էպիկենտրոնում: