Ժակ Ռեդա
Ռընե Շառը ներկայումս ենթարկվում է այն փորձությանը, որը մեր օրերում վերապահված է փառքի կամ ավելի շուտ՝ հռչակի ամոթը ճաշակած յուրաքանչյուր պոետի։ Տարբերությունը զգալի է։ Խոսքը վերաբերում է այն բանին, որ վիրաբուժության մեջ կոչվում է «անջատման ֆենոմեն». պոետական մարմինը հիմնականում դժվարությամբ է ընդունում առաջնայնությունը յուրացնող այս տիպի օրգանի պատվաստումը՝ ի վնաս իր շատ կարևոր անդամների՝ ելուսւոների, աներևույթ մասնիկների։ ճշմարիտ փառքը պետք է գաղտնի մնա, որպեսզի նրանք, ովքեր չունեն դրա իրավունքը, կարողանան կարծել, թե իրենք էլ են ճանաչել այն (սա, այնուհանդերձ, ճիշտ չէ, քանի որ իրենք գիտեն դա)։ Լինելով հռչակավոր, Շառը խախտեց այն չգրված համաձայնագիրը, որ իրար մեջ կնքում են խմբակային սպորտի արժանավորներն ու երկրպագուները։
Ի դեպ, անօգուտ է ցույց տալ, թե ինչում է Շառն ինքը եղել կորպորատիստ՝ մի տեսակ տեխնիկական կիրառումով փոխարինելով այն շլացումը, որ աստվածներն ի վերջո այլևս չեն շնորհում։ Այս դեպքում նա իրականում նմանվում է շատ այլ պոետների, որոնք ճիշտ արած կլինեին, եթե անհետանային առաջին փայլատակումից հետո։ Այդպիսով նա, այսպես ասած, իջնում է գրողի աշխատանքային վիճակի, աշխատություն, քննադատություններ (ինքնաքննադատությունները ևս սակավ չեն)։ Նա խախտեց այն կանոնը, որը պարտադրում էր սոսկ մեկ մոդել՝ Ռեմբո։ Հարյուր քսանհինգ ի սկզբանե չհաջողված ռեմբոներ ճնշում են նրան իրենց անցողիկ գերազանցությամբ (նրանք ապրում են, դեռ ժամանակ ունեն կանգ առնելու)։ Արդյո՞ք ես այդքան ավելի, ազնիվ եմ։ Շառից ես պահում եմ սոսկ այն, ինչ ինձ հարկավոր է։ Փոքր-ինչ պատահականորեն բացում եմ նրա գրքերից և հազվադեպ է պատահում, որ որևէ էջի, դրվագի, նախադասության, պատկերի համար չարժանացնեմ նրան մեծ պոետի իր վկայագրին՝ երաշխավորված, բացի այդ, կառավարության կողմից։ Ես նույնիսկ հարց եմ տալիս ինձ, ինչպես նա կարողացավ այդ աստիճան հռչակավոր դառնալ նման հստակ, թարմ, անաղարտ, կտրուկ տոնով (ու նաև որքան անգնդակ հրանոթազարկեր նախասոկրատյան փոշու մեջ)։ Բայց նա գեղեցիկ է, ըստ իս, այդ հպարտ և համառ մարդը, որը չդադարեց կայծեր որոնել բառերի արանքում։ «Ծուխը կմտապահեն նրանք, ովքեր մոռացած կլինեն այրումի ամպը»։ (In Moulin premier)
Ֆրանսերենից թարգմանությունը՝ Շուշան Մակարյանի