Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելի դասախոսությունների նորահայտ սղագրերը

Աղբյուրը՝ The Guardian

Գերմանացի փիլիսոփա Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելի կենսագիրը հայտնաբերել է նախկինում անհայտ դասախոսությունների ծավալուն նյութ, որը կարող է փոխել արևմտյան փիլիսոփայության առաջատար դեմքերից մեկի շուրջ ձևավորված ընկալումները։

Փիլիսոփայի ավելի քան 4000 էջ գրառումները հայտնաբերել է Կլաուս Ֆիվեգը Մյունխենի և Ֆրայզինգի արքեպիսկոպոսարանի գրադարանում։

«Ձեռագրերի հայտնաբերումը համազոր է Բեթհովենի անհայտ երկի կամ Կոնստեբլի նախկինում անհայտ նկարի գյուտին»,- ասում է Ֆիվեգը՝ Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի պրոֆեսորը;

Նա նշում է, որ գրառումների նախնական ընթերցումը առիթ է տալիս նորովի հասկանալու այն, թե ինչպես է Հեգելը ձևավորել իր կարևոր գաղափարները էսթետիկայում, գեղեցիկի և արվեստի փիլիսոփայությունը, և թե ինչպես է վերլուծել Շեքսպիրի երկերը՝ զարգացնելու համար սեփական գաղափարները։

Ենթադրվում է, որ սղագրությունների հեղինակն է Ֆրիդրիխ Ֆիլհելմ Կարովը՝ մեկը առաջին ուսանողներից, որոնց դասավանդել է Հեգելը Հայդելբերգի համալսարանում 1816-ի և 1818-ի միջև ընկած ժամանակահատվածում։

Հայտնի է, որ Հեգելի գաղափարները և երկերը դժվարահասու են։ Բրիտանացի փիլիսոփա Բերտրան Ռասսելը բնորոշում է նրան, որպես «մեծ փիլիսոփաներից ամենադժվարըմբռնելին»։ Ֆիվեգը հույս է հայտնում, որ նոր գտածոն իր հետ պարզություն կբերի։

Ձեռագրերն այժմ խմբավորվում են միջազգային մասնագետների խմբի կողմից, որը գլխավորում են Ֆիվեգը և Քրիստիան Իլլիսը՝ Բամբերգի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսորը։

«Հեգելի գործի հիմնական բաժինները հայտնի են նրա դասախոսությունների շնորհիվ, այնպես որ գիտնականները երկար ժամանակ սղագրեր են փնտրել»,- ասում է Իլլիսը։ «Մի քանի սղագրեր գտնվել և հրապարակվել են 19-րդ և 20-րդ դարերում, սակայն տարիների ընթացքում նոր նյութեր հայտնաբերելը աստիճանաբար պակաս հավանական էր դառնում»։

Ֆիվեգի գտածոն գուցե եզակի է իր տեսակի մեջ։ Դա հնարավոր դարձավ շնորհիվ այն բանի, որ նրա գրած կենսագրության մի ընթերցող մատնանշեց նրան Ֆրիդրիխ Վինդիշմանի արխիվը։

Վինդիշմանը կաթոլիկական աստվածաբանության պրոֆեսոր էր Մյունխենում․ նրա հայրը՝ Կառլ Յոզեֆ Հիերոնիմուս Վինդիշմանը, եղել է փիլիսոփա և ընկերություն է արել Հեգելի հետ։

Հեգելի և Վինդիշմանի մի նամակը ցույց է տալիս, որ Կարովը Վինդիշմանին է նվիրել ձեռագրերի մի մասը։

Չնայած որ նյութի ուսումնասիրությունը նոր է մեկնարկել, արդեն կա նշանակալի հայտնություն․ սղագրերի թվում են էսթետիկայի վերաբերյալ Հեգելի առաջին դասախոսությունները։ 

Ներկայում Հեգելի մտքերի ամեն իմացություն էսթետիկայի վերաբերյալ հիմնվում է ավելի ուշ դասախոսությունների վրա՝ կարդացված Բեռլինում։ Դրանք հրապարակվել են նրա մահից հետո իր ուսանող Հայնրիխ Գուստավ Հոթոյի կողմից։ Վերջինս օգտագործել է դասախոսությունների սղագրությունները և Հեգելի նոթերը։ Քանի որ այդ ամենը համեմատելու ուրիշ աղբյուր չկար, հարց էր ծագում այն մասին, թե ինչպիսին է այդ նյութի վրա Հոթոյի ազդեցությունը։ Ահա ինչու գտնված վաղ դասախոսությունները կօգնեն պարզելու այդ հարցը։

«Էսթետիկայի վերաբերյալ Հեգելի առաջին դասախոսությունները կարդացվել են Հայդելբերգում։ Բեռլինում դասախոսած ժամանակ նա նշանակալիորեն վերամշակել է իր գաղափարները»,- ասում է Իլլիսը։ «Սա առաջին անգամն է, երբ հայտնաբերվել են Հայդելբերգի օրիգինալ դասախոսությունները»։

Նախնական ծանոթությունը էսթետիկական մասի հետ վեր է հանել մի շարք ուշագրավ դրվագներ, որոնք ցույց են տալիս Հեգելի մտքի ընթացքը։ Արվեստի սահմանմանը վերաբերող նրա վաղ հայացքները բավականին հստակ են։

«Տեքստը ցույց է տալիս, որ Հեգելը սահմանում է արվեստը որպես միջին պլան մտքի և իրականության միջև։ Նա ենթադրում է, որ արվեստի բուն ֆունկցիան վերացականության և իրականության ներդաշնակումն է»,- ասում է Ֆիվեգը։ «Մենք տեսնում ենք նրա ուշ տեսությունների ամենավաղ հիմքը, երբ աշխատանքը դեռ ընթացքի մեջ է»։

Հեգելի գաղափարները արվեստի և կրոնի տարբերության մասին առավել պարզորոշ սահմանվել են թերևս սղագրերում և նա, ինչպես երևում է, քննել է այստեղ թեմաների լայն հորիզոն՝ պոետիկայի մասին Արիստոտելի տեքստից, Սոփոկլեսի Անտիգոնեից և Արիստոփանեսի կատակերգությունից մինչև Շեքսպիրի Համլետը, Գյոթե և Ֆրիդրիխ Շիլլերի Ավազակները։ Վերջապես առաջին անգամ այստեղ Հեգելը սահմանում է արվեստի փիլիսոփայության պատմական երեք հարացույցները՝ խորհրդանշականը, դասականը և ռոմանտիկականը, ինչպես նաև լուսաբանում է Շեքսպիրի դրամայի կարևորությունը։

Նշվում է նաև, որ ազատության հասկացությունը՝ մի թեմա, որի մշակմամբ հատկապես հայտնի է Հեգելը, նույնպես արծարծվում է սղագրերում։

«Ազատության կենտրոնական առարկային են վերաբերում ոչ միայն առաջին, այլև վերջին էջերը։ Սղագրի ավարտին շեշտվում է ինքնությունը, անհատական ազատությունը և դրա պատկերումը արվեստում։ Սղագիրը ցույց է տալիս մեզ, որ արվեստը աներկբայորեն կապված է մի գաղափարի համար, որն չափազանց կրիտիկական է մեր օրերի համար․ կրթությունն է բերում ազատության»,- ասում է Ֆիվեգը։

Վաղ է ասել, թե այս ձեռագրերում կան Հեգելի լիովին նոր և անհայտ գաղափարներ, սակայն հետազոտական պրոյեկտը ակնկալում է, որ փիլիսոփայի, ինչպես նաև նրա ուսանողների ըմբռնումը կդառնա ավելի խորը։

«Կարովը շատ խելամիտ, ուշադիր ուսանող էր, որը հետևել է Հեգելին մի քանի տարի։ Ահա ինչու մենք կարող ենք սպասել նրանից նախապես անհայտ թեզեր, նշումներ և մեկնաբանություններ և առհասարակ Հեգելի մտքի կայացման ավելի լավ ըմբռնում»,- ասում է Իլլիսը։ «Հենց այստեղ է, որ կարող է նշանակալի ինչ-որ բան ի հայտ գալ։ Սպասում ենք անակնկալների»։

https://www.theguardian.com/world/2022/nov/29/manuscript-treasure-trove-may-offer-fresh-understanding-of-hegel?fbclid=IwAR2Eo8vzT95R9TOPOgyG_YyEx0PzdSa0pSJMxTyJGQwfGuGGzGQEQMJq53A

Նյութը պատրաստեց՝ Սերգեյ Ստեփանյան

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *