Բանաստեղծություններ

Հրաչյա Բեյլերյան

***

Մահը բնակվում է մեր ոսկրածուծերում,

Այնտեղ գիշերային աստեղ կան ուշաթափ,

Որ մեզ այլաշխարհիկ ճառագում են բերում –

Խինդ հարբած հրեշտակի ու հայհոյանք սթափ:

Լուսնոտ քարանձավում մի արծաթե չղջիկ

Լափում է կտրված կաթը լիալուսնի:

Գամվում է գիշերով շան կաղկանձը խաչին –

Թե երբ պիտի լուսինն իր լրմանը հասնի:

Գամվում է գիշերով ճռինչը ճռիկի

Ծղխնուն դարպասների, որ փակ են մնացել:

Հողի արգանդի մեջ ձեռամբ ժամանակի –

Ոսկրեր են կուտակվել ու՝ մարմիններ անցել:

***

Նվիրում եմ Լևոն Խեչոյանին

Սառույցի տակից երկինք հոսում,-

Երկնակամարը ծերացել է,-

Երկնի ձկներն են անբառ բամբասում…

Ջրիմուռները մարգարտափշով

Խոցոտեն պիտի լյարդը դեղին,

Որ էլ չզորի մահվանից խորշող

Մարմինն ընծայել ծերուկ հողին…

Թող որ հալածեն երկնի ձկները

Օղակե բառով՝ սառույցի տակ,-

Բայց մինչ հատակ են ծալվում ծնկները,

Եթե երկինքը ունի հատակ…

***

Մրջյուններն իրենց թթու քամակով

Ու տոտիկներով իրենց ջանասեր –

Մրջնաթագուհու թևավոր կամքով –

Հողեմիսն ի վար ամրոց են հյուսել:

Այս ի՞նչ «հարեմ» է պահում թագուհին:

Մրջնաղջի՛կ, ինչու՞ թափանցիկ թևեր

Ճառագեցին քո մարմնի այն պահին,

Երբ կյանքդ հողի տակ պիտի տևեր:

Եվ քո թևերը փայլաթիթեղե

Ո՞ր ասորական աստծուն ես պարզում,

Որ մասնագետ է երբևէ եղել

Կենդանաթռչնի անհեթե մարզում:

Եվ աչքերի մեջ բյուր-հազար արև –

Մրջնաթագուհին պարզեց թևերն իր,

Սուրսայր սլացքով թիռ-թռավ վերև –

Ձուլվեց երկնքին՝ կապույտ ու կարմիր:

***

Հարցմունք

Մարմաներաշտս եթե վկայ եմ,

Քո առատության պարտեզում բերրի –

Ի՞նչ անթեղների կարոտով նայեմ

Աճյունափոշուն իմ կարոտների:

Կլինի՞ պահ մի, երբ այնքան լինեմ,

Որ կանթեղներիդ լույսի դեմ կենամ,

Առաքելաբար խոհիս այպանեմ,

Քանց նորալուսին՝ ի լրում գնամ:

Կլինի՞՝ անդին վայրկյան մի հայեմ –

Քո անձրևների բավիղը մտած,

Որ արագունք են անդրենավայել

Եվ ըստ ընթացից տեսության մտաց:

Չարի ու բարու Պտղից հագենամ

Ու աստանդական Ոգու մեջ գոյեմ:

Բաշխի՛չ սերմերի, չէ՞ որ պիտո է,

Որ մե՛ր մեջ աճի պտուղը Կենաց:

***

Ջրերի մեջտեղը հաստատություն լինի,

որ ջրերը բաժանի ջրերից:

/ծննդ., գլ. Ա, 6/

Գունաբանում ենք, – և մենք ենք վկա,-

Այն, ինչ գույն չուներ ու լույս էր մաքուր,

Եվ անվանում ենք գուներանգ հագած

Վաղանցիկ-սլկուն ընթացքը հոգու:

Նյութաբերված է ուշաթափ մի կավ,

Որ դարձյալ դեղին գույն է գուշակում,

Այնինչ գերագույն պահ մի կա, հարկավ,

Պտղաջրերի գոլ հիշատակում: –

Եվ գուցե հանգավ, հենց այնպես հանգավ

Պահն այդ՝ արարման թարթումի խորքում,

Ինչպես խարույկը՝ թվացյալ-հանգած –

Անթեղի ներսում մտնում է խոր քուն…

Պտղաջրեր է պտղել քրտինքս

Եվ սյուք է ճակտիս վրա սերմանել.

Նախարարական ջրերից ի՛նքս

Բազում մարմիններ զորու եմ հանել,

Գոյակերտումի կիրքը փարատել,

Քանց հապավումը մեր հիշողության,

Եվ հետո վերջին հայացք մի նետել

Պտղաջրերին Հավիտենության…

***

Անհուշ քո խեցուն հպվել է մի ձուկ.

Անմեկնելի է բառն ու թափանցիկ:

Պահն է տրոփել ընդերքում անձուկ,

Սևեռակվել է փայլը հպանցիկ:

Այլևս ի՞նչ է այստեղ հարկավոր.

Վարդն է արթնացել արյանդ ներսում,

Ու լողակավոր, ու թեփուկավոր

Լռությունների վտառն է հոսում…

Օ~, մնջությունդ բուստեր է սերում

Ու խեցիներ է հղանում բառի:

Ձկնահպումից՝ խեցեփեղկերում

Մահն է զրնգուն, որպես մարգարիտ: