Ֆրիդրիխ Շիլլեր
Տիեզերքը Աստծո մտահղումն է:
Եվ իդեալական այդ ոգեպատկերի իրականություն մուտք գործելուց հետո, բոլոր մտածող էակների կոչումն է, առկա այդ ամբողջի մեջ վերագտնել նախնական ուրվապատկերը` Երևույթի մեջ փնտրել օրենքը:
Ամեն բան ինձնում սոսկ հիերոգլիֆն է ուժի, որ նմանակերպ է ինձ:
Ես խոսակցում եմ անսահմանության հետ բնության գործիքի միջոցով, համաշխարհային պատմության միջոցով:
Մարդկային հոգու յուրաքանչյուր իրավիճակ որևէ այլաբանություն ունի նյութական արարչության մեջ, որով էլ այն հատկանշվում է:
Կենսունակ գործունեությունը մենք անվանում ենք կրակ, Ժամանակը հոսք է, որ գլորվում է սրընթաց, Հավիտենականությունը շրջան է, Գաղտնիքը քողարկվում է կեսգիշերին:
Իսկ ճշմարտությունը բնակվում է Արեգակում:
Յուրաքանչյուր գարնանամուտ, որ հողի ընդերքից բույսեր է ծլարձակում, պարզաբանում է ինձ մահվան ահավոր առեղծվածը ու փարատում հավիտենական քնի իմ տագնապալի երկյուղը:
Մահացած թրթուրից վերակենդանացած թիթեռնիկի թևածելը օդում` դիպուկ խորհրդանշանն է մեր անմահության:
Սերը գեղեցկագույն Երևույթն է հոգեպարար արարչության, ամենազոր մագնիսն է Ոգեաշխարհում, ակունքը ակնածանքի ու վեհ առաքինության: Ես խոստովանում եմ անկեղծորեն` ես հավատում եմ անշահախնդիր սիրո իրականությանը: Այն ոգին, որ միայն իրեն է սիրում, լողացող ատոմ է անընդգրկելի դատարկ տարածություններում: Թող մենք գիտակցենք կատարելությունը և այն կլինի մերը:
Մերձենանք բարձր իդեալական միասնությանը և կմիաբանվենք եղբայրասիրությամբ: Թող պայծառամիտ լինենք և մենք կսիրենք կրակոտ:
Գերմաներենից թարգմանությունը`
Տիգրան Աբելյանի