Պետեր Սլոտերդայկ. Զիգմունդ Ֆրոյդ և Դերրիդա

Ստորև ներկայացնում ենք մեկ գլուխ գերմանացի փիլիսոփա, Կալսռուեյի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Պետեր Սլոտերդայկի (ծնվ. 1947) «Դերրիդա. եգիպտացի» գրքից:

Աղբյուրը՝ Peter Sloterdijk, Derrida, ein Ägypter. Über das Problem der jüdischen Pyramide, Suhrkamp, Frankfurt am Main, 2007.

Հարցերը, որոնց ճշմարտությունը կապված է ինսպիրացիաների հետ, ստեղծում են երազային տրամադրություն: Դրանց ներքին խմորման մեջ, ասես զուգորդության ճնշմամբ, վերստին առաջ են գալիս դասական մետաֆիզիկայի մոտիվները: Այս տեսակ reverie-ների առնչությամբ ես ակամա հիշում եմ Զիգմունդ Ֆրոյդի ուշ շրջանի գործերը: Այդ թվում ես նկատի ունեմ «Այր Մովսեսը և մոնոթեիստական կրոնը» գրվածքը, որը հոգեբանը հեղինակել է արդեն մահվան ալիքով առնված և, որը 1937 թ.-ին առաջին տարբերակով և 1939 թ.-ին բարեփոխված գրքային տարբերակով հրատարակվելուց հետո շարունակում է մնայուն խոչընդոտ լինել՝ հրեաների համար որպես բարկության առիթ, իսկ եվրոպացիների՝ որպես ցնորք: Ինչպես հայտնի է «Մովսեսը, եգիպտացին» վերնագրով տրակտատի առաջին մասում Ֆրոյդը զարգացնում է այն «զարհուրելի պատկերացումը», թե «Այր Մովսեսը՝ հրեական ժողովրդի ազատարարը, օրենսդիրը և կրոնի հիմնադիրը», իրականում սերել է եգիպտական մշակույթից և ազգությունից: Երկրորդ մասում, որը կրում է «Եթե Մովսեսը եղել է եգիպտացի…» ճապաղ վերնագիրը, Ֆրոյդը միաժամանակ զգուշորեն և խրոխտ եղանակով զարգացնում է այն թեզը, թե նշանավոր եգիպտացի Մովսեսը պիտի եղած լինի մ.թ.ա. 14-րդ դարում Էքնաթոնի կողմից հիմնադրված արևային-մոնոթեիստական Աթոն-կրոնի հոտևորդ, որն իր հայրենիքում Ամոնի քրմերի ռեակցիայից հետո այլևս չտեսավ սեփական ժողովրդի մեջ ոչ պոպուլյար նոր հավատքը զարգացնելու հեռանկար: Ահա ինչու նա միացավ հպատակ հրեաներին, դուրս բերելու համար նրանց Եգիպտոսից, որպեսզի հետագայում ուրիշ վայրում և ուրիշ մարդկանց հետ կրկին նախաձեռնի մոնոթեիստական փորձը:

Նա ներմուծեց հրեաների մեջ թլպատման եգիպտական սովորույթը, կրոնական վեհության ավանդույթները, ինչպես նաև այն խստախնդրությունը իրենց իսկ նկատմամբ, որ պահանջում է ուղղադավան միակենտրոն կրոնը իր հետևորդներից, կամ՝ ավելի շուտ փորձին ենթարկվողներից: Ինքն իր նկատմամբ խիստ լինելու կարողությունը, մտավոր վերափոխումների աղբյուր է, որը Ֆրոյդը ամփոփում է «սուբլիմացիայի առաջընթաց» բանաձևի մեջ:

Reverie-ի շրջանակներում հարկավոր է մտապահել հրեական պատմության այս «զարհուրելի» ռևիզիան հրեա Ֆրոյդի կողմից, որովհետև սա որոշակի նախերգանքն է նրա, ինչն ավելի ուշ կնշանակվի Դերրիդայի differance բանալի հասկացությամբ: Այս «տեղաշարժը» կամ խեղաթյուրումը Ֆրոյդի խորհրդածության մեջ առնչվում է նախ և առաջ դերերի իրական փոփոխությանը մոնոթեիստական խաղի մեջ – բայց նաև այդ մասին եղած հաղորդումների խմբագրմանը, որոնք մշտապես ենթարկված են տեղի ունեցածը հնարավորինս անճանաչ դարձնելու հավակնոտ պայմաններին: Ֆրոյդն այդ մասին ասում է. 

«Որևէ տեքստի փոխարինումը նման է մահվան փոխարինմանը: Դժվարությունը ոչ թե արարքի կատարման, այլ դրա հետքերը վերացնելու մեջ է: Կցանկանայինք հաղորդել «խեղաթյուրում» բառին կրկնակի իմաստ, որի հավակնությունն այդ բառն ունի, չնայած որ այսօր այդպես չի օգտագործվում: Այն չպիտի նշանակի սոսկ փոփոխություն երևույթի մեջ, այլ նաև տեղափոխություն, տեղաշարժ»:

Ըստ այդմ differance-ը Ֆրոյդի այս նկատառման տեսանկյունից ոչ միայն և ոչ այնքան հարաբերության խզումն է տոտալ ներկայի (որպես ժամանակի մոդուսի) հետ, այլ նախ և առաջ տեղափոխություն տարածության և վերադասավորություն աստվածաբանական թատերախաղի դերերի մեջ: 

Ըստ Ֆրոյդի բուն եգիպտական դրաման այդ ժամանակից մինչև ներկա այլևս երբեք չի խաղացվել իրական եգիպտացիների կողմից: Մովսիսական ներխուժումից ի վեր Եգիպտոսը «տեղի» է ունենում մեկ ուրիշ վայրում, մինչդեռ անվանական Եգիպտոսը արտագաղթածների տեսանկյունից ընդամենը մեռյալ դիմակ է՝ ծառայող բացառապես նշանակելու համար այն տեղը, որից մեկնարկեց փախուստը դեպի սեփական այլություն: Բուն էքնաթոնյան իմաստով մոնոթեիստ նոր-եգիպտացի լինելու համար, եթե հավատարիմ ենք մնում Ֆրոյդի թեզին, պետք է ապագայում մասնակցել հրեականության կրոնական էքսպերիմենտին, ինչպես այն նախագծել է այր Մովսեսը: Որպես հետևանք տրավեստիին ներգրավված այս ժողովուրդը Ելքի օրվանից ստիպված էր գործ ունենալ իր անորոշ տարածականացման խնդրի հետ․ օգտվելով Դերրիդայի սիրելի արտահայտությունից՝ այդ խնդրի պատճառով այն մշտապես «տնափնտրտուքի» մեջ է։ Հանթոլոգիայի նախնական բովանդակությունը, եթե գիտությունը խոսում է «տնափնտրտուքի» մասին չհաղթահարված անցյալի միջոցով, ըստ այդմ ակնհայտ է (այս հանճարեղ բառախաղը կարելի է գտնել Դերրիդայի հավանաբար ամենակարևոր քաղաքագիտական աշխատության մեջ՝ «Մարքս՝ ուրվականներ», որտեղ կրկնակի խաղարկվում է «օնթոլոգիան» և Լականի հանթոլոգիան (hontologie)): Այդ բովանդակությունը կայանում է բացառապես հրեական-եգիպտական ամբիվալենցիաներով համակված հետքերում։ Դրանց ակունքը մնում է փնտրել այն հանգամանքի մեջ, որ Մովսեսը, ինչպես ասում է Ֆրոյդը, «կամեցավ դուրս առաջնորդել երկրից» հրեաներին և թլպատման միջոցով պարտադրեց նրանց մի սովորույթ, որը հայտնի չափով վերածեց նրանց եգիպտացիների։ Տնափնտրտուքի իր վերլուծության միջոցով Դերրիդան ֆորմալիզացնում է Ֆրոյդի լուսաբանած միտքը, ըստ որի անկարելի է լինել հրեա, առանց որոշակիորեն մարմնավորելու Եգիպտոսը կամ Եգիպտոսի ուրվականը։

Ֆրոյդի վերջին գործերում ուշագրավ է ոչ միայն «խեղաթյուրման» հասկացության ազդակը։ Դրանք տպավորում են ավելի շուտ անդրդվելի հետևությամբ, որի մեջ «ապակառուցում են» Ելքի միֆը։ Ֆրոյդյան սպեկուլյացիայի շրջանակներում ընթերցված Ելք արտահայտությունը նշանակում է այլևս ոչ թե եգիպտական օտարությունից հրեության հեռացում, այլ հրեական միջոցներով ավելի արմատական եգիպտականության իրագործում։ Գաղափարների պատմությունը այստեղից սկսած ընդունում է տեղաշարժման համատարած խաղի ձև, խաղ, որի մեջ եգիպտական ունիվերսալիզմի մոտիվները խաղարկվում են ոչ եգիպտացի խաղացողների կողմից։ 

Հոգեբանի համար այստեղ հատկապես ուշագրավ է, որ Ֆրոյդը իր վերջին հետազոտության մեջ գրեթե չի օգտվում անգիտակցականի իր հասկացությունից դրա սովորական սահմանման մեջ, այդ հասկացությունը «տեղաշարժի» ներմուծման արդյունքում ասես ավելորդ է դառնում։ Այր Մովսեսը որոշ իմաստով կարող է ընթերցվել որպես վերջին պահին հոգեվերլուծության ինքնասրբագրում։ Ուշ Ֆրոյդի պատգամն ըստ այդմ կհնչի այսպես․ վերջին ատյանում անգիտակցականը մարդկանց ճակատագրի համար նշանակալի չէ։ Իրապես նշանակալի է Ինկոգնիտոն, որը թաքցնում է իշխող գաղափարների աղբյուրները։ Քանի որ հաջող տեղաշարժը անցնում է ակտիվ տնափնտրտուքի սահմաններից, եգիպտական Ինկոգնիտոն դրա պայմաններում հաստատուն կերպով վերանում է, ինչպես որ դա կպատահեր որևէ դավադիր կառավարության օրոք։ Բնականաբար Մովսեսի կերպարը պիտի լինի առաջինը, որ համակված է տեղաշարժով։ Այն բանից հետո, երբ գործը գլուխ բերվեց, հրեականության առաջնորդն այլևս ի վիճակի չէ հստակորեն ասելու, թե ինչպես հանգեց ճշմարտությանը։ Այսպիսի դրության մեջ նախագծերն ավելի կարևոր են, քան ծագումները։ Ծագման ռետրոսպեկցիան իր տեղը զիջում է Ավետյաց Երկրի հեռանկարին։

Եթե մինչև վերջ պատկերացնենք Ֆրոյդի խորհրդածությունը որպես հրեական ինքնության անհատակ կառույց, ապա Ելքի անշրջելի հետևանքը կդառնա հասկանալի։ Փախուստը Եգիպտոսից ըստ Ֆրոյդի առաջ բերեց մովսիսական հրեաներին որպես հետերոեգիպտացիների, որոնք ոչ մի դեպքում չեն կարողանա վերադառնալ նախկին ինքնությանը, անգամ եթե կամենան դա։ Իրենց ինքնության ներսում անջնջելիորեն դաջվել է Ուրիշի հետքը՝ անկախ նրանից, կփորձեն արդյոք անճանաչ դարձնել այն կամ կոծկել նոր ծրագրերով։ Այդ դաջվածքը հասնում է այնքան խորը, որ անգամ սեփական ինքնության ամենայուրային նշանը փոխառված է օտարից։ Եթե իսկապես թլպատումը նշանակում է ընտրյալություն, ինչը Ֆրոյդը չի հոգնում կրկնել, ապա այդ նշանը փոխառված է նրանցից, որոնցից արտագաղթած ժողովուրդը ապագայում ամեն գնով ուզում է տարբերվել։

Թարգմանությունը գերմաներենից՝ Սերգեյ Ստեփանյան 

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *