Ստորև ներկայացնում ենք հատված Հուլիուս Կեսարի «Նոթեր Քաղաքացիական պատերազմի մասին» գրքից, որտեղ նկարագրված է Փարսալայի նշանավոր ճակատամարտը (Ք. ա․ 48 թ.)՝ Կեսարի և Պոմպեյուսի հակառակության վերջին ու վճռական դրվագը:
Աղբյուրը՝ Caesar, Commentarii de Bello Civili, The Loeb Classical Library, LCL 39.
Նախագրություն
Գիրք Գ., LXXXIV-XCIX. Փարսալայի ճակտամարտի նախապատրաստությունը: Պոմպեյուսի ծրագիրը և Սկիպիոնի ճառը. հաղթանակի ուխտը: Բանակների կազմը, դասավորությունը: Ճակատամարտի նկարագրությունը. Պոմպեյուսը ջախջախվում է և փախուստի դիմում, նրա զորքը անձնատուր է լինում: Կեսարի և Պոմպեյուսի կորուստները:
LXXXII. Պոմպեյուսը մի քանի օր անց հասավ Թեսսալիա և ճառ ասաց ամբողջ զորքի առաջ. նա երախտագիտություն հայտնեց իր զինվորներին և խրախուսեց Սկիպիոնի զինվորներին, թե երբ արդեն հաղթանակած լինեն, օրեն է, որ նրանք բաժին պահանջեն ավարից ու պարգևներից: Ապա բոլոր լեգեոնները հավաքեց մի ճամբարում, Սկիպիոնին դարձրեց իրեն համապատիվ, հրամայեց, որ փող հնչեցվի նրա դիմացից, և երկրորդ զորավարական վրանը խփվի նրա համար: Երբ երկու մեծ բանակների միանալով՝ Պոմպեյուսն առավել զորեղացավ, բոլորի կանխակալ կարծիքն ամրապնդվեց, և հաղթանակի հույսն այնքան աճեց, որ թվաց, թե ժամանակի ամեն կորուստ [միայն] ուշացնում է վերադարձն Իտալիա, և առհասարակ, եթե Պոմպեյուսն ինչ-որ բան դանդաղ կամ կշռադատելով աներ, ասում էին, թե դա մեկ օրվա գործ է, բայց նրան հաճելի է իշխանություն բանեցնելով՝ կոնսուլներին և պրետորներին ստրուկի տեղ պահել: Եվ ահա, իրար մեջ բացեիբաց վիճում էին պարգևների և քրմությունների համար, բաշխում կոնսուլությունն ըստ տարիների, մյուսները պահանջում էին նրանց տունն ու ինչքը, ովքեր Կեսարի ճամբարում էին: Իսկ խորհրդի ժամանակ նրանց մեջ խիստ հակառակություն ծագեց, թե պրետորության առաջիկա ընտրաժողովներին արդյո՞ք հարկ է հեռակայորեն հաշվի առնել Լուկիլիուս Հիրրուսի անձը,- քանզի սրան Պոմպեյուսն ուղարկել էր պարթևների մոտ. նրա մերձավորները աղաչում էին Պոմպեյուսին պահել խոստումը, որ տվել էր [Հիրրուսին] ճանապարհից առաջ, որպեսզի չթվար, թե սա խաբվել էր՝ [հավատալով] նրա հեղինակությանը, մյուսներն առարկում էին, թե հավասար ջանքի ու վտանգի մեջ չի կարող մեկը առավելություն ստանալ բոլորի նկատմամբ:
LXXXIII. Կեսարի քրմության վրա ամենօրյա վեճերի ժամանակ Դոմիտիուսը, Սկիպիոնը և Լենտուլուս Սպինտերը բացահայտ կերպով անցան ամենածանր վիրավորանքների. Լենտուլուսը ի ցույց էր դնում պատկառելի տարիքը, Դոմիտիուսը պարծենում էր Քաղաքում[i] ունեցած հեղինակությամբ ու դիրքով, Սկիպիոնը վստահացած էր Պոմպեյուսի հետ իր ազգակցությամբ: Նաև Ակուտիուս Ռուֆուսը Պոմպեյուսի առաջ ամբաստանեց Լ. Աֆրանիուսին՝ զորքին դավաճանելու համար. վկայում էր, թե դա տեղի է ունեցել Իսպանիայում: Լ. Դոմիտիուսը խորհրդի ժամանակ հայտարարեց, թե իր կարծիքով պատերազմից հետո պետք է երեք ցուցակ հանձնել նրանց դատին, ովքեր պատկանում են սենատորական դասին և պատերազմում եղել են իրենց կողքին, որպեսզի վճիռներ արձակեն որոշակի անձանց վրա, որոնք մնացել էին Հռոմում, կամ որոնք եղել էին Պոմպեյուսի զորքերում, բայց ջանք չէին դրել պատերազմում. առաջին ցուցակում կլինեն նրանք, ովքեր կճանաչվեն ազատ ամեն դատաստանից, երկրորդում՝ նրանք, ովքեր կդատապարտվեն մահվան, երրորդում՝ նրանք, որոնց վրա կդրվի տուգանք: Մի խոսքով, բոլորը խոսում էին կա՛մ իրենց արժան պատիվների, կա՛մ դրամական պարգևների, կա՛մ թշնամիների հալածանքի մասին, և չէին մտածում, թե ինչ միջոցներով պիտի կարողանան հաղթել, այլ՝ թե ինչպես պիտի օգուտ քաղեն հաղթանակից:
LXXXIV. Երբ պարենի պաշարը պատրաստ էր, զորքը՝ կազդուրված, և Դիրրաքիոնի մարտերից հետո[ii] բավականին երկար ժամանակ էր անցել, և կարծես, կարելի էր բավարար չափով պատկերացում ունենալ զինվորների արիության մասին, Կեսարը մտածեց, որ հարկ է հետազոտել, թե Պոմպեյուսը ինչ նպատակ ունի կամ արդյոք մտադիր է ճակատամարտ տալ: Եվ ահա, զորքը հանեց ճամբարից և ճակատ կազմեց, սկզբում՝ մի հարմար դիրքում, Պոմպեյուսի ճամբարից փոքր-ինչ հեռու, իսկ հետագա օրերին իր ճամբարից առաջ խաղալով՝ զորաշարքը հասցրեց պոմպեյականների [զբաղեցրած] բլուրներին: Այդպես զորքն օրեցօր լցվեց ավելի մեծ վստահությամբ: Բայց հեծելազորում պահպանվեց հիշածս նախկին կարգը[iii], և քանի որ թվով շատ անգամ զիջում էին [թշնամուն], առաջամարտիկներից[iv] արագոտն երիտասարդներին հրամայեց կռվել հեծյալների միջև. ընտրվել էին նրանք, որոնց զենքն արագազարկ էր, և որոնք ամենօրյա վարժությամբ ձեռք էին բերել նաև այդ տեսակ մարտի հմտություն: Սրա արդյունքը եղավ այն, որ երբ հարկ էր լինում, 1000 հեծյալներ նույնիսկ հարթ ու բաց վայրերում հանդգնում էին դիմագրավել 7000 պոմպեյականների գրոհին և մեծ ահ չէին զգում նրանց բազմությունից: Հիրավի այդ օրերին նա անգամ հաջող հեծելամարտ տվեց և այն երկու ալլոբրոգներից մեկին, որոնք, ինչպես վերևում ասացինք, փախել էին Պոմպեյուսի մոտ, սպանեց իր մի քանի զինակցի հետ[v]:
LXXXV. Պոմպեյուսը, որ ճամբար էր դրել բլրի վրա, ճակատ էր կազմում լեռան ցածրագույն ստորոտներում՝ ըստ երևույթին, շարունակ սպասելով, թե Կեսարը կմոտենա այդ դժվար տեղին: Կեսարը, տեսնելով, որ ոչ մի կերպ հնարավոր չէ Պոմպեյուսին դրդել ճակատամարտի, դատեց, թե իր համար պատերազմ վարելու ամենահարմար եղանակը կլինի այն, որ բանակը շարժի այդ տեղից և մշտապես լինի ճանապարհներին. նա հույս ուներ, որ ճամբարներ փոխելով և անցնելով բազում վայրերով՝ դյուրություն կունենա հայթայթելու պարեն, նաև ճանապարհին մարտի որևէ առիթ կներկայանա, կամ ամենօրյա երթերով կհյուծի Պոմպեյուսի զորքերին, որոնք սովոր չեն տքնության: Այս որոշումից հետո երբ արդեն մեկնման ազդանշան էր տրվել, և վրանները հավաքված էին, աչքի զարնեց, որ Պոմպեյուսի մարտաշարքը, հակառակ ամեն օրվա սովորության, այս կարճ միջոցին բավականին առաջացել է պատվարից. և ահա թվաց, թե կարելի է ճակատամարտ մղել ոչ աննպաստ դիրքում: Եվ այնժամ, երբ զորասյունն արդեն հասել էր դարպասներին, Կեսարն ասաց յուրայիններին. «Մենք առայժմ պետք է հետաձգենք երթը և խորհենք ճակատամարտի մասին՝ այն, ինչ մշտապես պահանջել ենք: Ոգով պատրաստ լինե՛նք ճակատամարտին. հետագայում հեշտ չենք պատահի հարմար առիթի». [այս ասելուց հետո] անմիջապես դուրս է բերում զինավառ զորքը:
LXXXVI. Պոմպեյուսը նույնպես, ինչպես հետո իմացվեց, բոլոր զինակիցների հորդորով վճռել էր ճակատամարտ տալ: Հիրավի, նա օրեր առաջ՝ խորհրդի ժամանակ, նույնիսկ հայտարարել էր, թե Կեսարի բանակը կջարդվի, մինչ մարտաշարքերը կբախվեն իրար: Երբ դրա վրա շատերը զարմացել էին, ասել էր. «Ես գիտեմ, որ գրեթե անհավատալի բան եմ խոստանում, բայց ըմբռնեցե՛ք իմ ծրագրի միտքը, որպեսզի ավելի սրտապնդված գնաք մարտի: Ես հավանության եմ բերել մեր հեծելազորին (և ինձ վստահեցրել են, որ կանեն դա), որ երբ [բանակները] ընդառաջ գան, նրանք անպաշտպան կողմից կհարձակվեն Կեսարի աջ թևի վրա և թիկունքից պաշարելով մարտաշարքը՝ փախուստի կմատնեն ժխորված զորքերին, նախքան մեր կողմից մի նետ կարձակվի թշնամու վրա: Այդպես, չվտանգելով լեգեոնները և գրեթե անարյուն՝ կավարտենք պատերազմը: Եվ դա դժվար չէ, քանզի հեծելազորով շատ ուժեղ ենք»: Նաև կոչ էր արել, որ ոգով պատրաստ լինեն հաջորդ օրվան, և քանի որ ներկայացել է ճակատամարտի առիթ, որին միշտ ձգտել են, չլինի, թե ի դերև հանեն իր կամ մյուսների հույսը:
LXXXVII. Նրան հաջորդեց Լաբիենուսը: Նա Կեսարի զորքի հասցեին քամահրանքով խոսեց, իսկ Պոմպեյուսի ծրագիրը անչափ դրվատեց. «Չկարծես, Պոմպեյո՛ւս,- ասաց նա,- թե սա այն բանակն է, որ նվաճեց Գալլիան և Գերմանիան: Ես մասնակցել եմ բոլոր այդ մարտերին և թեթևորեն չեմ հայտարարի չիմացած բաներ: Այն զորականներից շատ քչերն են ողջ մնացել. մեծ մասը զոհվեց, որ անխուսափելի էր այդքան բազում մարտերում, շատերին աշնանային ժանտախտը ճարակեց Իտալիայում, շատերը գնացին տուն, շատերը մնացին մայրցամաքում: Իսկ մի՞թե չեք լսել, որ նրանցից, ովքեր հիվանդության պատրվակով ետ էին մնացել, կոհորտներ են կազմվել Բրունդիսիումում: Այս բանակը, որ տեսնում եք, կազմվել է Մերձավոր Գալլիայում այս տարիների զորահավաքներից, և շատերը Անդրպադյան[vi] գաղութներից են: Բայց և նրանց լավագույնները զոհվել են դիրրաքիական երկու ճակատամարտերում»: Սա ասելուց հետո երդվեց, որ առանց հաղթանակի չի վերադառնա ճամբար, և նույնը հորդորեց անել մյուսներին: Պոմպեյուսը, գովելով այս [առաջարկը], նույն երդումը տվեց, և մյուսներից ևս չեղավ մեկը, որ վարաներ երդվել: Երբ այս ամենն ավարտվեց խորհրդում, բոլորը հեռացան մեծ հույսով ու հրճվանքով լի. նրանք արդեն մտովի վայելում էին հաղթանակը, քանզի չէին կարծում, թե զուր տեղն են քաջալերություն ստացել այդչափ կարևոր գործի առիթով և այդչափ փորձառու զորահրամանատարից:
LXXXVIII. Կեսարը երբ մոտեցավ Պոմպեյուսի ճամբարին, նկատեց, որ նրա մարտաշարքը կառուցված է այս ձևով: Ձախ թևում երկու լեգեոններ էին, որոնք երկպառակության սկզբում սենատական որոշման համաձայն փոխանցել էր Կեսարը. նրանցից մեկը կոչվում էր I, մյուսը՝ III: Այդ կողմում էր ինքը՝ Պոմպեյուսը: Մարտաշարքի կենտրոնը պահում էր Սկիպիոնը՝ սիրիական լեգեոններով: Կիլիկյան լեգեոնը՝ զորացված իսպանական կոհորտներով, որոնք, ինչպես ասացինք, բերել էր Աֆրանիուսը, դրված էր աջ թևում: Սրանց Պոմպեյուսը համարում էր իր ունեցած ուժեղագույն լեգեոնները: Մյուսներին տեղավորել էր զորաշարքի կենտրոնի ու թևերի միջև՝ կոհորտների թիվը հասցնելով 110-ի: [Ընդհանուր] նրանք 45000 էին, մոտ 2000 կամավոր վետերաններ[vii] էլ նրան միացել էին նախկին բանակի համհարզներից[viii]. սրանց ցրել էր ամբողջ մարտաշարքով մեկ: Մնացած յոթ կոհորտներին հանձնարարել էր ճամբարի և մոտակա բերդակների պահպանությունը: Նրա աջ թևը պատսպարում էր դժվար ափերով մի վտակ. ուստի բովանդակ հեծելազորը, բոլոր նետաձիգներին ու պարսավորներին հակադրել էր ձախ թևում:
LXXXIX. Կեսարը, հետևելով նախկին սովորությանը, X-ը լեգեոնը դրեց աջ թևում, IX-ը՝ ձախ թևում, թեև դիրրաքիական մարտերում այն խիստ նոսրացել էր. սրան խառնեց VIII-ը՝ այնպես, որ երկուսը համարյա մեկ դարձրեց, և հրամայեց, որ միմյանց սատար լինեն: Մարտաշարքերում ուներ 80 կոհորտ, ընդհանուր 20000 զինվոր. յոթ կոհորտ թողել էր ճամբարի պահպանության համար: Ձախ թևի հրամանատար նշանակեց Անտոնիուսին, աջի՝ Պ. Սուլլային, կենտրոնի՝ Գն. Դոմիտիուսին: Նա ինքը կանգնեց Պոմպեյուսի դիմաց: Միաժամանակ զննելով [հակառակորդի] հիշածս զորակարգը և զգուշանալով, թե իր աջ թևը կարող է պաշարվել մեծաթիվ հեծելազորով, երրորդ շարքից շտապ հանեց մեկական կոհորտ, սրանցից կազմեց չորրորդ շարք և հակադրեց հեծելազորին. բացատրեց, թե ինչ է կամենում, որ արվի, և խրատեց, որ այսօրվա հաղթանակը կախված է այդ կոհորտների քաջությունից: Ապա նաև երրորդ շարքին ու ամբողջ բանակին արգելեց յուրովի մտնել մարտի մեջ. ինքը երբ ցանկանա այդ, դրոշով նշան կտա:
XC. Երբ զորքին քաջալերում էր մարտի՝ ինչպես օրեն է պատերազմում, և հիշատակում իր մշտական բարերարությունները նրանց հանդեպ, մանավանդ հիշեցրեց [հետևյալը]. ինքը կարող է զինվորներին իսկ վկա բերել, թե որքան ջանք է դրել խաղաղության համար, թե ի՛նչ է բանակցել Վատինիուսի միջոցով, և ի՛նչ՝ Ավլուս Կլոդիուսի միջոցով Սկիպիոնի հետ, թե ինչպես էր Օրիկոնի մոտ Լիբոնի հետ վիճում դեսպաններ ուղարկելու վրա[ix]: Ինքը երբեք չի ցանկացել ո՛չ զուր տեղը զինվորների արյուն հեղել, ո՛չ էլ պետությունը զրկել այս կամ այն բանակից: Այս ճառից հետո զինվորների թախանձանքով, որոնք վառվում էին կռվի տենչով, փողով նշան տվեց:
XCI. Կեսարի բանակում կար մի կամավոր վետերան՝ Գ. Կրաստինուսը, որը նախորդ տարի նրա հրամանի տակ ծառայել էր որպես X լեգեոնի ավագ հարյուրապետ և արտակարգ քաջության տեր այր էր: Երբ այս նշանը տրվեց, նա ասաց. «Դո՛ւք, որ եղել եք իմ վաշտկականները[x], հետևեցե՛ք ինձ և ըստ պատշաճի՝ ծառայություն մատուցեցե՛ք ձեր զորավարին: Մնում է միայն այս ճակատամարտը, որից հետո նա կվերադարձնի իր դիրքը, մենք՝ մեր ազատությունը»: Ապա հայացքը դարձրեց Կեսարին՝ ասելով. «Այսօր, զորավա՛ր, ես կվաստակեմ քո երախտագիտությունը՝ ողջ լինեմ, թե մեռած»: Այս խոսքից հետո աջ թևից առաջինը նետվեց գրոհի, և նույն կոհորտից մոտ 120 ընտիր կամավորներ հետևեցին նրան:
XCII. Երկու մարտաշարքերի միջև այնքան տարածություն կար, որ բավարար էր երկուստեք գրոհի համար: Բայց Պոմպեյուսը յուրայիններին պատվիրել էր, որ սպասեն Կեսարի գրոհին, և որ տեղից չշարժվեն ու համբերեն, մինչև նրա մարտաշարքը ծավալվելով խախտվի. ասում են՝ այդ արել էր Գ. Տրիարիուսի խորհրդով, թե երբ զորքերի առաջին գրոհի ուժգնությունը կոտրվի, և մարտաշարքը սփռվի, իրենք, որ պահած կլինեն կուռ շարքերը, կհարձակվեն ցիրուցան խմբերի վրա: Եվ հույս ուներ, որ նիզակների անկման թափն ավելի թույլ կլինի, երբ զորքերը կանգնած լինեն տեղում, քան եթե վազելիս լինեն արկերին ընդառաջ. նաև, որ Կեսարի զինվորները կրկնակի վազքից հևասպառ կլինեն ու հոգնությունից տկարացած: Սակայն Պոմպեյուսի այդ ծրագիրը մեզ խելամիտ չթվաց, և այն պատճառով, որ ամենքի մեջ բնությունից սերմանված է ոգու ինչ-որ գրգիռ ու եռանդ, որոնք բորբոքվում են կռվի մղումից. զորավարները ոչ թե պետք է ճնշեն դրանք, այլ խթանեն. և իզուր չէ հնուց հաստատվել սովորություն, որ ամեն կողմից պիտի փողեր հնչեն, և ամենքը պիտի միահամուռ գոչյուն արձակեն: Այդպես մտածում էին, որ և՛ կահաբեկեն թշնամիներին, և՛ կոգևորեն յուրայիններին:
XCIII. Մեր զինվորները, ազդանշանի համաձայն, նիզակները պարզած՝ նետվեցին առաջ. բայց երբ տեսան, որ պոմպեյականները ընդառաջ չեն գալիս, բանեցնելով խելք ու հմտություն, [որ ձեռք էին բերել] նախորդ մարտերից, ինքնակամ դադարեցրին վազքը և կանգ առան մարտադաշտի գրեթե կենտրոնում, որ չլիներ, թե ուժերը սպառած՝ մոտենային [թշնամուն]. կարճ դադարից հետո կրկնելով վազքը՝ արձակեցին նիզակներն ու արագորեն, ինչպես հրամայել էր Կեսարը, մերկացրին սրերը: Պոմպեյականները հիրավի չթերացան մարտի մեջ: Քանզի նրանք ընդունեցին զենքերի տարափը, դիմացան լեգեոնների գրոհին և անխախտ պահեցին իրենց շարքերը, ապա իրենք նիզակներ արձակեցին ու ձեռքն առան սրերը: Այնժամ Պոմպեյուսի ձախ թևից հեծյալները, ըստ հրամանի, միահամուռ սլացան առաջ, և նետաձիգների ողջ բազմությունը վրա թափվեց: Նրանց գրոհին մեր հեծելազորը չդիմացավ և հետզհետե տեղի տալով՝ ետ քաշվեց, իսկ Պոմպեյուսի հեծելազորը, ճնշումը սաստկացնելով, սկսեց ջոկատ առ ջոկատ տարածվել և բաց թևից պաշարել մեր մարտաշարքը: Կեսարը, սա նկատելով, չորրորդ շարքին, որ կազմել էր վեց կոհորտից, նշան տվեց: Նրանք արագորեն առաջացան և զինանշանները վեր պահած՝ այնքան ուժգին գրոհ տվեցին Պոմպեյուսի հեծելազորին, որ սրանցից չեղավ մեկը, որ աներեր մնար. բոլորը շրջվելով ոչ միայն լքեցին մարտադաշտը, այլև անմիջապես փութացին դեպի բարձրաբերձ սարերը: Սրանց փախուստից հետո նետաձիգներն ու պարսավորները, որ մնացել էին անպաշտպան ու առանց սատարության, գլխովին ջարդվեցին: Նույն գրոհով կոհորտները շրջանցեցին ձախ թևը, և երբ պոմպեյականները դեռևս մարտնչում էին ու պահում մարտաշարքը, թիկունքից հարձակվեցին նրանց վրա:
XCIV. Այնժամ Կեսարը երրորդ մարտաշարքին, որ անզբաղ էր և մինչ այդ պահը իր տեղում էր մնացել, հրամայեց գրոհի գնալ: Եվ ահա, երբ հոգնած զինվորներին փոխարինեցին նոր և անխոնջ ուժեր, իսկ մյուսները գրոհում էին թիկունքից, պոմպեյականներն անկարող եղան դիմանալու, և բոլորն առհասարակ թիկունք դարձրին: Հիրավի, Կեսարը չէր սխալվել, որ հաղթանակի սկիզբը կծագի այն կոհորտներից, որոնք չորրորդ շարքում դրված էին հեծելազորի դեմ, ինչպես ինքն էր զինվորներին քաջալերելիս հայտարարել: Քանզի առաջինը նրանք սասանեցին հեծելազորը, հենց նրանք կոտորեցին նետաձիգներին և պարսավորներին և հենց նրանք, ձախ թևից պաշարելով Պոմպեյուսի մարտաշարքը, փախուստի սկիզբը դրեցին: Իսկ Պոմպեյուսը, երբ տեսավ, որ իր հեծելազորը վանվել է, և հայացք դարձրեց, որ այն զորագնդերը, որոնց մանավանդ ապավինում էր, զարհուրած են, հույսը կտրելով նաև մնացածից՝ թողեց մարտադաշտը և անմիջապես ձին շրջեց դեպի ճամբար. հարյուրապետներին, որոնց պահակության էր դրել պրետորական դարպասների առաջ, կանչեց բարձր ձայնով, որպեսզի զինվորներն էլ լսեն. «Հսկեցե՛ք ճամբարը, և եթե մի վատթար բան պատահի, ջանադրաբար պաշտպանեցե՛ք: Ես կշրջեմ մյուս դարպասներով և կքաջալերեմ ճամբարի կայազորին»: Այս ասելուց հետո գնաց զորավարական վրան` ամեն բանից վհատված և այնուամենայնիվ սպասելով ելքին:
XCV. Երբ պոմպեյականները փախուստ տալով լցվեցին պատվարից ներս, Կեսարը, խորհելով, թե զարհուրած թշնամուն չպետք է հանգիստ առնելու ժամանակ տալ, զինվորներին կոչ արեց օգտվել բախտի շնորհից և գրոհի գնալ ճամբարի վրա: Նրանք, թեև սաստիկ շոգից տանջված էին (քանզի մարտը ձգվել էր մինչև կեսօր), սակայն ոգով պատրաստ լինելով ամեն դժվարության՝ անսացին հրամանին: Ճամբարը եռանդուն պաշտպանում էին այն կոհորտները, որոնք այնտեղ թողնվել էին պահակության համար, և շատ ավելի սաստիկ ուժով՝ թրակացիների և բարբարոսների օժանդակ ջոկատները: Քանզի այն զինվորները, որ փախել էին մարտադաշտից, սրտներում ահ և հոգնությունից հյուծված, շատերն էլ մի կողմ նետած զենքերն ու զինանշանները, ավելի շուտ մտածում էին հետագա փախուստի մասին, քան թե ճամբարի պաշտպանության: Նրանք էլ, ովքեր կանգնած էին պատվարի վրա, չկարողացան երկար դիմանալ արկերի տարափին, այլ վերքերից նվաղած՝ թողեցին դիրքը, և ահա բոլորը հարյուրապետների և ռազմական տրիբունների առաջնորդությամբ անմիջապես փախան դեպի բարձրաբերձ սարերը, որոնք հարում էին ճամբարին:
XCVI. Պոմպեյուսի ճամբարում կարելի էր տեսնել հյուսածո հովանոցներ, [դրանց տակ] շարված արծաթեղենի մեծ քանակություն, վրաններ՝ հատակներին կանաչ ճիմեր փռած,- Լուկիուս Լենտուլուսի և մի քանիսի վրանները նույնիսկ պատված էին թավիշով,- նաև շատ այլ իրեր, որ նշան էին անչափ պերճանքի և հաղթանակի վստահության. սրանցից կարելի էր հեշտությամբ դատել, որ նրանք, ձգտելով ավելորդ վայելքների, բնավ երկյուղ չէին ունեցել այդ օրվա ելքի վրա: Եվ նրանք Կեսարի խիստ տանջված ու համբերող զորքին, որ հաճախ զուրկ է եղել ամեն անհրաժեշտ միջոցից, պարսավում էին ճոխությունների համար: Երբ մերոնք արդեն պատվարի ներսում էին, Պոմպեյուսը մի ձի ճարեց, զորավարական տարբերանշանները պոկեց վրայից և ճամբարի հետին դարպասներից դուրս նետվելով՝ անմիջապես ձին փութացրեց դեպի Լարիսսա: Այնտեղ էլ կանգ չառավ, այլ պատահելով փախստական մի քանի յուրայինների՝ նույն արագությամբ, գիշերը չընդմիջելով երթը, 30 հեծյալների շքախմբով հասավ ծով և բարձրացավ ցորեն փոխադրող մի նավ: Ասում են՝ նա հաճախ բողոքում էր, թե այն աստիճան է խաբվել իր հույսերում, որ հենց այն զորախմբից, որից հաղթանակ էր սպասում, փախուստի սկիզբը եղավ, և որ ինքը կարծես գրեթե դավաճանության զոհ է դարձել:
XCVII. Կեսարը, գրավելով ճամբարը, խիստ պահանջ դրեց զինվորների առաջ, որ չլինի, թե ավարով տարված՝ գործն ավարտին հասցնելու առիթը ձեռքներից բաց թողնեն: Լսելի լինելով՝ սկսեց ամրություններով շրջապատել սարը: Քանի որ այս սարը զուրկ էր ջրից, պոմպեյականները, հույսը կորցրած, թողեցին դիրքը և ամբողջ բազմությամբ բարձր դարավանդներով սկսեցին ետ քաշվել դեպի Լարիսսա: Կեսարը, նկատելով այդ, տրոհեց իր զորքերը, լեգեոնների մի մասին հրամայեց մնալ Պոմպեյուսի ճամբարում, մի մասին ետ դարձրեց իր ճամբար, իր հետ տարավ չորս լեգեոն և ավելի դյուրին ուղիներով ջանաց կտրել պոմպեյականների ճանապարհը. 6000 ոտնաչափ առաջանալով՝ ճակատ կազմեց: Տեսնելով այդ՝ պոմպեյականները կանգ առան մի սարի վրա: Այս սարի ստորոտով գետ էր հոսում: Կեսարը սրտապնդեց զինվորներին, և թեև նրանք ողջ օրվա անդուլ ջանքից ուժասպառ էին, և մութն արդեն ընկնում էր, այդուհանդերձ, գետը թումբով կտրեց սարից, որպեսզի պոմպեյականները չկարողանան գիշերով գնալ ջրի: Երբ այս գործն ավարտվեց, նրանք, դեսպաններ ուղարկեցին և սկսեցին բանակցել անձնատվության համար: Սենատորական դասից մի քանիսը, որ միացել էին նրանց, գիշերը փրկություն որոնեցին փախուստի մեջ:
XCVIII. Լուսաբացին Կեսարը բոլոր նրանց, ովքեր հաստատվել էին սարի վրա, հրամայեց բարձունքներից իջնել հարթավայր և զենքերը վայր դնել: Երբ նրանք առանց առարկության հնազանդվեցին, ձեռքերը տարածած՝ ընկան գետնին և արցունք թափելով՝ նրանից կյանք աղերսեցին, [Կեսարը] մխիթարելով ստիպեց վեր կենալ, մի քանի խոսք ասաց իր մեղմության մասին, որպեսզի պակասեցնի վախը, և ներեց բոլորին, իսկ իր զինվորներին պատվիրեց նրանցից ոչ մեկին վնաս չտալ և ոչ էլ աչք ունենալ նրանց իրերի վրա: Այս խնամքը ցուցաբերելուց հետո հրամայեց, որ ըստ հերթի՝ իր մոտ գան մյուս լեգեոնները, իսկ նրանք, որոնց առաջնորդել էր, հանգիստ առնեն ու վերադառնան ճամբար. նույն օրը հասավ Լարիսսա:
XCIX. Այդ ճակատամարտում նա զոհ տվեց ոչ ավելի, քան 200 զինվոր, բայց կորցրեց քաջ այրերի՝ մոտ 30 հարյուրապետի: Սպանվեց նաև հիշածս Կրաստինուսը, որ մարտնչեց մեծագույն խիզախությամբ և ընկավ՝ սրի զարկ ստանալով դեմքին: Եվ զուր խոսք չէր այն, ինչ նա ասել էր մարտի գնալիս: Քանզի Կեսարը այնպես էր կարծում, որ այդ ճակատամարտում Կրաստինուսը ցուցաբերեց արտակարգ արիություն, և դատում, որ նրա վաստակն իր առաջ եղավ լավագույնը: Պոմպեյական բանակից, ըստ երևույթին, զոհվել էր մոտ 15000 զինվոր, բայց ավելի քան 24000-ը եկել էր անձնատվության (քանզի նույնիսկ այն կոհորտները, որոնք պահպանում էին բերդակները, անձնատուր էին եղել Սուլլային), շատերն էլ փախել էին հարևան համայնքներ. ճակատամարտից Կեսարին բերվեցին 180 զինանշան և 9 արծիվ: Լ. Դոմիտիուսը ճամբարից դեպի սար փախչելիս, երբ հոգնությունից ուժերը լքել էին նրան, սպանվեց հեծյալների կողմից:
[i] Բնագրում Հռոմը հաճախ հիշատակվում է միայն որպես “urbs”՝ «քաղաք», պրովինցական քաղաքները հիմնականում տրված են հոմանիշ “oppidum” ձևով: Թարգմանության մեջ սրանք տարբերելու համար Հռոմի նշանակությամբ գործածված “urbs”-ը փոխադրել ենք մեծատառով՝ «Քաղաք»:
[ii] Դիրրաքիոնի մոտ Պոմպեյուսը երկու հաղթական մարտ է վարել, բայց զգուշանալով ծուղակից՝ վճռական գրոհ չի ձեռնարկել. կեսարական զորքերին իսպառ ջախջախումից փրկել է նրա այդ վարանումը (Գիրք Գ, LXII-LXXI):
[iii] Այս կարգը Կեսարը հաստատել էր Դիրրաքիոնի մոտ կրած պարտությունից հետո, երբ թողնում էր իր ճամբարը (Գիրք Գ, LXXV):
[iv] Բնագրում՝ “antesignani”, որ նշանակում է զինանշանից առաջ գտնվողներ. սրանք կանգնում էին լեգեոնի առաջին շարքերում՝ պաշտպանելու զինանշանը: Կեսարի բանակում »առաջամարտիկները« կազմում էին լեգեոնի ընտիր զորախումբը, որ ըստ անհրաժեշտության ուղարկվում էր սատարելու հեծալազորին, հետևակի թևերը ևն:
[v] Այս եղբայրները Կեսարի բանակում անօրենություններ էին գործել և լքել ճամբարը՝ խուսափելով դատաստանից, նրանց մատնությամբ Պոմպեիուսն իմացել էր հակառակորդի խոցելի կողմերը և կարողացել էր հաղթանակի հասնել Դիրրաքիոնի մոտ մղված մարտերում (Գիրք Գ, LIX-LXI):
[vi] Այսինքն՝ Պադուս գետից այն կողմ, այժմ՝ Պո:
[vii] Բնագրում՝ “evocati”. հռոմեական բանակի վետերաններ, որոնք զորավարի կոչին անսալով կամ նրա խոստումներով հորդորված՝ կամավոր վերադարձել էին ծառայության:
[viii] Բնագրում՝ “beneficiarii”. աստիճանավոր զորականներ, որոնք կատարում էին զորավարի համհարզի պարտականությունները և այդ պատճառով ազատված էին ծանր աշխատանքից. այս պաշտոնը նրանք ստանում էին՝ ի նշան զորավարի բարյացակամության, իբրև նրա շնորհ՝ “beneficium”:
[ix] Սրանց միջոցով Պոմպեյուսի հետ բանակցելու և հաշտության հասնելու փորձերը Կեսարը նկարագրել է այս գլխի XVII, XIX, LVII մասերում:
[x] Բնագրում՝ “manipularis”, զորական մանիպուլուսի, որը լեգեոնական զորատեսակ էր, կազմում էր լեգեոնի 1/30-ը կամ կոհորտի 1/3-ը, զինվորների քանակով հավասար էր 2 ցենտուրիայի՝ հարյուրյակի, որը սկզբնապես բաղկացած է եղել 100 զինվորից, ապա 60:
Լատիներենից թարգմանությունը և ծանոթագրությունները՝ Տիգրան Սիրունյան