Թոմաս Հոբս. Պատկերացման մասին

Ներկայացնում ենք մեկ գլուխ անգլիացի փիլիսոփա, գրող, հասարակական դաշինքի տեսության հեղինակ Թոմաս Հոբսի (1588-1679) «Լևիաթան» գրքից:

Աղբյուրը՝ Thomas Hobbes, Leviathan or The Matter, Forme and Power of a Commonwealth Ecclesiasticall and Civil, 1651.

1.

Այն, որ դադարի մեջ գտնվող ցանկացած իր հավերժորեն կմնա դադարի մեջ, քանի դեռ մեկ ուրիշ իր չի շարժել նրան, ճշմարիտ է և կասկածի ենթակա չէ: Սակայն մենք չենք կարող ասել շարժվող իրի մասին, որ այն հավերժորեն կմնա շարժման մեջ, եթե մեկ ուրիշ իր չկանգնեցնի նրան՝ չնայած երկու դեպքերում էլ հիմքը նույնն է (այն է՝ ոչ մի իր չի կարող լինել իր փոփոխության պատճառը): Չէ՞ որ մարդիկ իրենցով են դատում ոչ միայն մյուս մարդկանց, այլև բոլոր մյուս առարկաների մասին, և քանի որ շարժումից հետո նրանք զգում են ցավ ու հոգնածություն, ենթադրում են, որ յուրաքանչյուր իր հոգնում է շարժումից և ինքնակամ փնտրում է հանգիստ, ընդ որում հազիվ թե կարծում են` իբր հանգստանալու այդպիսի ցանկությունը, որը հայտնաբերում են իրենց մեջ, գուցե իր հերթին շարժում է: Այստեղից է ծագում սխոլաստների այն կարծիքը, որ ծանր մարմինները ցած են ընկնում հանգստի և սեփական բնությունն իրենց համար ամենապատշաճ տեղում պահելու ցանկությունից՝ այդկերպ անհեթեթորեն անշունչ իրերին վերագրելով հակում և իմացություն առ այն, ինչը օգտակար է նրանց պահպանման համար (մի իմացություն, որը գերազանցում է մարդու իմացությունները):

2.

Եթե մարմինը սկսում է շարժվել, այն շարժման մեջ կլինի (մինչև որևէ այլ բան չխոչընդոտի նրան) հավերժորեն, և եթե որևէ բան խոչընդոտի նրան, այն դադար կառնի ոչ թե անմիջապես, այլ ժամանակի ընթացքում և աստիճանաբար: Եվ ինչպես ջրի ալիքները քամու հանդարտվելուց հետո շարունակում են երկար ժամանակ խաղալ, այնպես էլ շարժումը, որն առաջանում է մարդու ներքին օրգաններում, երբ վերջինս տեսնում է արթմնի, երբ երազ է տեսնում ևն, շարունակվում է նաև հետո: Քանզի, երբ առարկան հեռանում է կամ աչքը՝ փակվում, մենք դեռ մտապահում ենք տեսած առարկայի պատկերը՝ թեև ավելի աղոտ, քան երբ տեսնում ենք այն: Սա այն է, ինչ հռոմեացիները անվանում են պատկերացում (imagination)՝ տեսողության արդյունքում առաջացած պատկերից՝ կիրառելով այդ բառը, թեև ոչ ճիշտ, նաև բոլոր մյուս զգայությունների համար: Սակայն հույներն այն անվանում են պատրանք (fancy), որը նշանակում է երևույթ (appearance) և ճշգրտորեն համապատասխանում է բոլոր զգայություններին: Ուստի,ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄԸ ոչ այլ ինչ է, քան թուլացած զգայություն և բնորոշ է մարդկանց և ուրիշ շատ կենդանի էակներին թե՛ երազի, թե՛ արթմնի ժամանակ: 

3.

Արթուն վիճակում գտնվող մարդկանց մոտ զգայության թուլացումը ոչ թե զգայության մեջ առաջացած շարժման թուլացումն է, այլ դրա աղոտանալը, այդպես արևի լույսը խավարեցնում է աստղերի լույսը, մինչդեռ աստղերը գիշերվանից ոչ պակաս ցերեկը ևս գործադրում են իրենց այն հատկությունները, որոնց շնորհիվ տեսանելի են: Բայց, քանի որ բազմաթիվ գրգիռներից, որոնք մեր աչքերը, ականջները և մյուս օրգանները ստանում են արտաքին մարմիններից, զգայելի է միայն գերիշխողը, ուստի արևի լույսի՝ գերիշխող լինելու պատճառով աստղերի ազդեցությունը չենք զգում: Եվ այսկերպ, երբ որևէ առարկա հեռացվում է մեր տեսողության դաշտից, իսկ նրա՝ մեզ վրա թողած տպավորությունը մնում է, ապա մյուս՝ ավելի մոտ գտնվող և մեզ վրա ազդող առարկաների պատճառով, նախորդ առարկայի պատկերացումը աղոտանում և թուլանում է, ինչպես մարդու ձայնը՝ ցերեկվա աղմուկի մեջ: Այս ամենից հետևում է, որ ինչքան ձգվում է ժամանակը՝ սկսած այն պահից, երբ տեսել կամ զգացել ենք տվյալ առարկան, այնքան թուլանում է նրա պատկերացումը: Քանի որ մարդու մարմնի շարունակական փոփոխությունը ժամանակի ընթացքում քայքայում է զգայության մեջ շարժվող մասերը: Ուստի ժամանակի և տեղի հեռավորությունը միևնույն ազդեցությունն ունի մեզ վրա: Եվ ինչպես մեծ հեռավորության վրա դիտված իրերը մեզ երևում են կիսախավարում, և նրանց փոքրիկ դրվագները զանազանելի չեն, և ինչպես ձայներն են թուլանում և հնչում անհոդաբաշխ, այնպես էլ ժամանակի հետ անցյալի վերաբերյալ մեր պատկերացումը թուլանում է, և մենք մոռանում ենք (օրինակ) մեր տեսած քաղաքների շատ առանձին փողոցներ կամ իրադարձությունների շատ առանձին հանգամանքներ: Այս թուլացող զգայությունը բուն իրը (նկատի ունեմ հենց տեսիլքը) ներկայացնելիս մենք անվանում ենք, ինչպես արդեն նշեցի, պատկերացում: Սակայն, երբ ուզում ենք նշել թուլացման փաստը, և որ զգայությունը տկարացել, հնացել և դարձել է անցյալ, այն կոչվում է հիշողություն: Այսպիսով պատկերացումը և հիշողությունը ունեն նույն նշանակությունը, որը զանազան դիտարկումներից կախված ստանում է տարբեր անվանումներ:

4. Հիշողություն

Հարուստ հիշողությունը կամ շատ իրերի հիշողությունը կոչվում է փորձ: Քանի որ մենք պատկերացում ունենք զուտ նախկինում ամբողջապես կամ մաս-մաս տարբեր ժամանակամիջոցներում զգայությամբ ընկալված իրերի մասին, ապա առաջինը (որը ամբողջ առարկան մտապահելն է, ինչպես այն ներկայացած է զգայությանը) կոչվում է պարզ պատկերացում, այսպես օրինակ, երբ մեկը պատկերացնում է որևէ մարդ կամ ձի, որին տեսել էր նախկինում: Մյուս բարդ պատկերացումն այն է, երբ ինչ-որ ժամանակ տեսած մարդուն և մեկ ուրիշ ժամանակ տեսած ձիուն մեր մտքում պատկերացնում ենք իբրև Կենտավրոս: Այսպես, երբ մարդը համադրում է սեփական անձի պատկերը մեկ ուրիշ մարդու գործողությունների պատկերի հետ, օրինակ, երբ իրեն Հերակլես կամ Ալեքսանդր է պատկերացնում (ինչը հաճախ է պատահում վեպերով տարված ընթերցասեր մարդկանց հետ), մենք գործ ունենք բարդ պատկերացման հետ, որն ավելի ճշգրտորեն կարող ենք կոչել մտքի հնարանք: Մարդկանց մոտ առաջանում են նաև այլ բնույթի պատկերացումներ, (թեև արթմնի), որոնք նրանք ունենում են զգայության վրա գործած  մեծ տպավորություններից: Օրինակ, երբ ակնդետ նայում ենք արևին, արևի պատկերի տպավորությունը երկար ժամանակ մնում է մեր աչքի առաջ, նմանապես, երկար ժամանակ և ջանասիրաբար երկրաչափական մարմինների հետ աշխատող մարդը անգամ խավարում (թեև արթուն) մտապահում է գծերի և անկյունների պատկերները: Այս տեսակ տեսիլքը չունի հատուկ անվանում, քանի որ սա մի բան է, որը սովորաբար դուրս է մնում մարդկանց քննարկումների շրջանակից:

5. Երազներ

            Քնածների պատկերացումները կոչվում են երազներ: Սրանք ևս (ինչպես բոլոր մյուս պատկերացումները) նախկինում ամբողջապես կամ հատվածաբար եղել են զգայության մեջ: Զգայության մեջ ուղեղն ու նյարդերը՝ զգայության անհրաժեշտ օրգանները, քնի ժամանակ այնքան են ընդարմանում, որ դրանք հեշտ չէ շարժել արտաքին առարկաների գործողությամբ, ուստի քնի ժամանակ պատկերացումները, ինչպես նաև երազները հավանական են զուտ այնքանով, որքանով դրանք բխում են մարդու մարմնի ներքին մասերի գրգռումից: Այդ ներքին մասերը խռովվելիս, ուղեղի և այլ օրգանների հետ ունեցած իրենց կապի շնորհիվ, վերջիններիս պահում են շարժման մեջ, որի արդյունքում նախկինում այնտեղ առաջացած պատկերացումները հայտնվում են այնպես, ասես մարդն արթուն է: Եվ քանի որ զգայության օրգաններն այժմ այնքան ընդարմացած են, որ չկա որևէ նոր առարկա, որը կարող է տիրապետել և աղոտացնել այդ պատկերացումները ավելի ուժեղ տպավորությամբ, կարող ենք ենթադրել, որ երազները պետք է որ ավելի վառ լինեն զգայության այսպիսի անշարժության մեջ, քան մեր արթմնի պատկերացումները: Այստեղից հանգում ենք այն մտքին, որ դժվար, իսկ որոշ պատկերացումների դեպքում անհնար է ճշգրտորեն տարբերակել զգայությունն ու երազը: Ինչ վերաբերում է ինձ, ապա հաշվի առնելով, որ երազներում ես ո՛չ հաճախ, ո՛չ էլ պարբերաբար չեմ մտածում նույն անձանց, վայրերի, առարկաների ու գործողությունների մասին, որոնց մասին մտածում եմ արթուն ժամանակ և չեմ հիշում, որ երազում ունեցած լինեմ հետևողական մտքերի այդպիսի երկար շղթա, ինչպես ուրիշ ժամանակ և նաև հաշվի առնելով, որ արթուն ժամանակ հաճախ նկատում եմ երազներիս անհեթեթությունը, այն դեպքում, երբ երազում երբեք չեմ մտածում արթուն ժամանակ ունեցած մտքերիս անհեթեթ լինելու մասին, ուստի լիովին համոզված եմ, որ արթուն լինելով՝ գիտեմ՝ երազում չեմ, թեև երազում ինձ թվում է, թե արթուն եմ:

6.

            Հաշվի առնելով, որ երազների առաջացման պատճառը մարմնի որոշ ներքին մասերի գրգռումն է, ուստի տարբեր հուզումներ անհրաժեշտաբար պետք է որ առաջացնեն տարբեր երազներ: Ահա ինչու ցուրտ վայրում քնելը ահասարսուռ երազների պատճառ է դառնում և առաջացնում է միտք ինչ-որ ահարկու առարկայի մասին կամ դրա պատկերը (քանի որ ուղեղից դեպի ներքին մասերը և ներքին մասերից դեպի ուղեղ շարժումը փոխադարձ է), և քանի որ բարկությունը մարմնի որոշ մասերին  հաղորդում է տաքություն, երբ մենք արթուն ենք, քնած ժամանակ այդ նույն մասերի՝ չափից ավելի տաքանալը ևս առաջացնում է բարկություն և ուղեղում ստեղծում է թշնամու պատկեր: Նույն կերպ եթե բնական գեղեցկությունը առաջ է բերում ցանկություն արթուն վիճակում, իսկ ցանկությունը առաջացնում է ջերմություն մարմնի այլ մասերում, ապա չափազանց բարձր ջերմությունը տվյալ մասերում քնած ժամանակ ուղեղում առաջացնում է գեղեցիկի պատկերներ: Կարճ ասած, մեր երազները արթուն ժամանակ ունեցած պատկերացումների հակառակ կարգն են. շարժումը արթմնի ժամանակ սկսվում է մի ծայրից, իսկ երազի մեջ՝ մյուս:

7. Հայտնություն կամ տեսիլքներ

Ամենից դժվար է զանազանել մարդու երազը նրա արթմնի մտքերից այն ժամանակ, երբ ինչ-որ հանգամանքներով պայմանավորված չենք նկատել, որ քնած ենք եղել: Սա հաճախ պատահում է ահասարսուռ մտքերով պաշարված մարդու հետ, որին տանջում է խիղճը կամ նրա, ով անկողին է մտել առանց հագուստը հանելու, ինչպես օրինակ, երբ դանթում են բազկաթոռին նստած: Չէ՞ որ, եթե որևէ չափից դուրս անսովոր և արտառոց տեսիլք երևա այն մարդուն, որը ջանասիրաբար և հիմնավորապես պատրաստվել է քնելու, նա պարզապես կկարծի, որ դա ընդամենը երազ է: Մենք կարդում ենք Մարկուս Բրուտուսի մասին (ում կյանքը փրկել էր Հուլիուս Կեսարը և որը վերջինիս սիրելին էր և, այդուհանդերձ, սպանեց նրան), թե ինչպես Ֆիլիպիններում Ավգուստինուս Կայսեր տված ճակատամարտի նախորդ օրը նա մի սարսափելի հայտնություն ունեցավ, որը պատմաբանները սովորաբար անվանում են տեսիլք, սակայն նկատի առնելով հանգամանքները, կարող ենք կռահել, որ դա պարզապես մի կարճ երազ էր: Իսկապես իր վրանում նստած, լինելով մտազբաղ և ահաբեկված սեփական անխոհեմ գործունեությունից, նա հեշտությամբ կարող էր նիրհել ցուրտ տեղում՝ տեսնելով երազ այն մասին, ինչն ամենից շատ էր վախեցնում նրան այդ միջոցին. այդ վախը, երբ Բրուտուսը աստիճանաբար սկսում է արթնանալ, անհրաժեշտաբար պիտի ստիպեր աստիճանաբար անհետանալ նաև հայտնությանը: Եվ որևէ ապացույց չունենալով իր քնած լինելու մասին՝ նա պատճառ չուներ կարծելու, թե դա երազ է կամ մեկ ուրիշ բան, և ոչ տեսիլք: Այսպիսի դեպքերը հազվադեպ չեն, քանի որ անգամ կատարելապես արթուն վիճակում գտնվողները, եթե երկչոտ ու սնահավատ մարդիկ են և համակված են սարսափելի պատմություններով, մթության մեջ մենակ հայտնվելով, ենթակա են նմանատիպ պատրանքների և հավատում են, թե իբր տեսել են գերեզմանոցում քայլող մեռած մարդկանց ուրվականներ և հոգիներ, մինչդեռ դա զուտ նրանց երևակայությունն է կամ էլ որոշ մարդկանց խաբեությունները, նրանց, ովքեր օգտվում են նմանատիպ սնահավատ վախից, որպեսզի գիշերով ծպտված շրջեն այնպիսի վայրերում, որոնց այցելությունը կցանկանային գաղտնի պահել:

8.

Երազները և մյուս վառ պատրանքները արթուն ժամանակ տեսածից ու զգացածից տարբերելու միջոցների անիրազեկությունից էլ անցյալում ծագել են հեթանոսական կրոնների մեծ մասը, որոնք երկրպագել են սատիրներին, ֆավններին, հավերժահարսներին և մյուսներին. ներկայումս այդտեղից է ծագում անկիրթ մարդկանց կարծիքը ջրահարսների, ուրվականների, տնապայների և վհուկների ուժի մասին: Ինչ վերաբերում է կախարդներին, ապա չեմ կարծում, թե նրանց հմայությունն իրական ուժ է, և, այդուհանդերձ, գտնում եմ, որ նրանց արդարացիորեն են պատժում իրենց կեղծ համոզմունքի համար, թե իբր կարող են այդպիսի չարիք գործել, համոզմունք, որը միակցված է այդ չարիքը գործելու նրանց մտադրության հետ, եթե իհարկե ունակ լինեին գործել դա: Նրանց կախարդությունն ավելի մոտ է նոր կրոնին, քան որևէ արվեստի կամ գիտության: Իսկ փերիների և քայլող ուրվականների մասին կարծիքները, ըստ իս, տարածվել են կամ պարզապես չեն հերքվել չար ուժերին հալածելու միջոցների՝ խաչերի, սուրբ ջրի և հոգևորականների կողմից հնարված մյուս այդպիսի նորամուծությունների հանդեպ հավատ ներշնչելու համար: Իհարկե, կասկածից վեր է, որ Աստված կարող է ստեղծել գերբնական երևույթներ, բայց որ Նա անում է դա այնքան հաճախ, որ մարդիկ պետք է վախենան այդպիսի բաներից ավելի շատ, քան վախենում են բնության ընթացքի դադարից կամ փոփոխությունից, որը Աստված ևս կարող է իրագործել կամ առաջ բերել, քրիստոնեական հավատի հարց չէ: Սակայն չար մարդիկ, Աստծո ամենակարողությունը վկայակոչելով, համարձակորեն պնդում են իրենց շահերից բխող ցանկացած բան, անգամ, երբ իրենք էլ դա սխալ են համարում: Ողջամիտ մարդը նման բաներին պետք է հավատա ճիշտ այնքան, որքան դա թույլ է տալիս անել առողջ բանականությունը: Եթե հոգիների հանդեպ այս սնահավատ վախը հեռացվեր, իսկ դրա հետ միասին նաև երազների միջոցով գուշակություն անելը, կեղծ մարգարեությունները և դրանց հետ կապված շատ այլ բաներ, որոնց միջոցով խորամանկ, հավակնոտ մարդիկ խաբում են պարզ մարդկանց, վերջիններս շատ ավելի, քան հիմա, հակված կլինեին հնազանդվել քաղաքացիական իշխանությանը:

9.

Սա պետք է լինի դպրոցական ուսուցիչների աշխատանքը, բայց հազիվ թե նրանք դեմ դուրս գան նման ուսմունքին: Քանի որ (չիմանալով՝ ինչ է պատկերացումը կամ զգայությունը) նրանք ուսուցանում են ավանդաբար ստացածը, և նրանցից ոմանք ասում են, թե պատկերացումները առաջանում են ինքնըստինքյան՝ չունենալով որևէ պատճառ, իսկ մյուսները կարծում են, որ դրանք սովորաբար ծագում են կամքից, և որ լավ մտքերը ներշնչվում են մարդու մեջ Աստծո կողմից, իսկ չար մտքերը՝ սատանայի, կամ որ մարդը լցվում է լավ մտքերով Աստծո, իսկ չար մտքերով՝ սատանայի կողմից: Ոմանք էլ ասում են, թե զգայությունները ստանում են իրերի պատկերները և փոխանցում են դրանք ընդհանուր զգայությանը, իսկ վերջինս էլ հասցնում է դրանք երևակայությանը (fancy), երևակայությունը՝ հիշողությանը, իսկ հիշողությունը՝ դատողությանը, ինչպես իրերը, որոնք ձեռքից ձեռք են անցնում, և այս ամենը ուղեկցվում է բազմաթիվ բառերով, որոնք ամեն ինչ անհասկանալի են դարձնում:

 10. Ըմբռնում

Բառերի կամ այլ կամայական նշանների միջոցով մարդու մեջ առաջացած պատկերացումը (կամ ցանկացած այլ էակի, որը օժտված է պատկերացման ունակությամբ) այն է, ինչ մենք սովորաբար անվանում ենք ըմբռնում, և դա հատուկ է թե՛ մարկանց, թե՛ կենդանիներին: Քանի որ շունը, ինչպես նաև շատ այլ կենդանիներ, ըստ սովորույթի կհասկանան տիրոջ կանչը կամ նախատելը: Այն ըմբռնումը, որը բնորոշ է մարդուն, ոչ միայն մարդու կամքի, այլև նրա գաղափարների և մտքերի ըմբռնումն է, քանի որ դրանք ներկայացված են իրերի անվանումների հաջորդականությամբ և կապակցված  են պնդումների, ժխտումների և խոսքի այլ ձևերի մեջ: Ըմբռնման հենց այս տեսակի մասին ես կխոսեմ ստորև:

Թարգմանությունը անգլերենից՝ Անահիտ Վարդանյան

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *