Ներկայացնում ենք հին հույն փիլիսոփա Պարմենիդես Էլեացու (Ք․ ա․ VI – V դդ․) «Բնության մասին» պոեմը։ Նկատի ունենալով, որ պոեմում հեղինակն իրեն «պատանի» է կոչում, երկը գրվել է հավանաբար Ք․ ա․ V դ․ սկզբին։ Ըստ Պարմենիդեսի ճշմարտապես գոյություն ունի միայն գոյությունը՝ անվերջ, անսկիզբ, անբաժան, ինքն իրեն հավասար և բացառապես մտահասու (մտքին նույնական)։ Այս որակումներին է նվիրված պոեմի առաջին մասը («Ճշմարտության ճանապարհը»)․ ամենայն հավանականությամբ այն հիմնականում պահպանված է։ Պոեմի երկրորդ մասում («Կարծիքի ճանապարհը»), որը կցկտուր դրվագներով պահպանվել է պակաս չափով, քննվում է լույսից և խավարից ծագած իրերի բազմակի աշխարհը։ Այստեղ ներկայացված են մարդկանց կեղծ կարծիքները, որոնց աղբյուրն է զգայական ճանաչողությունը։
Աղբյուրը՝ H. Diels, W. Kranz, Die Fragmente der Vorsokratiker, Sechste Auflage, Berlin, 1951–52. .
1
Ձիերը, որ տանում են ինձ, ուր միտքն է հասնում,
Սլացան ոգու բազմախոստում ճանապարհով
Դիցուհու մոտ, որ չի լքում իմացություն տենչացողին։
Այդ ճամփով մղվեցի, որ տանեն ինձ հմուտ նժույգները՝
Ձգելով երասանը, և կույսերն էին, որ ինձ ուղեվար եղան։
Սուլում էր առանցքը հանգույցի մեջ որպես սրինգ և առկայծում
Կառքի զույգ կողմերում շաչող անիվների թավալումից.
Քանզի շտապում էին արևածին կույսերն ինձ տեղ հասցնել՝
Հանուն լույսի հետևում թողած սև քողը գիշերվա
Եվ գլուխներից ձեռքով հանած սև ծածկոցները։
Ահա դարպասը, որ բաժանում է օրը գիշերից․
Այն վերևում բարավորին է ամրացված, իսկ ներքևում՝
Քարե շեմին․ Դրանք լինելով բաց եթերում՝ կցված են մեծ դռանը։
Զույգ բանալիները հատուցող Արդարության ձեռքին են։
Քնքուշ բառերով համոզեցին նրան ճարպիկ կույսերը
Շուտով բանալ դռան փականը և
Փեղկերը շրջելով մուտքն արձակեցին, ապա
Հերթով պտտվելով սեղմակներով ձգված
Պղնձափայլ առանցքների վրա, փեղկերի միջով
Կառքն ու ձիերին ուղորդեցին փշոտ ճանապարհով։
Դիցուհին բարեհաճ ընդունեց ինձ, նա աջս
Սեղմեց իր աջով և խոսեց՝ դիմելով ինձ այսպես․
– Ո´վ պատանի, որ ուղեկիցն ես անմահ կառապանաց,
Քեզ նժույգները բերեցին ահա մեր տուն,
Ցնծա´, քանզի չար բախտը չէր, որ
Ուղորդեց քեզ այս ճանապարհով՝ մարդկանց անհայտ։
Դա արեցին Օրենքը և Ճշմարտությունը: Արդ, հարկ է, որ դու
Ճանաչես և´ իսկության անթերի սիրտը, և´ կարծիքները
Մահկանացուների, որոնք չունեն արդար հավատ։
Դու պետք է սովորես քննել և´ այդ կարծիքները և´
Թե ինչպես դրանք բոլորին համակեցին։
2
Կխոսեմ ես, բայց դու անսա և ըմբռնիր իմ խոսքը․
Մտածել կարելի է քննության լոկ երկու ճանապարհ։
Առաջինն ասում է․ «Կա» և «Չկա չլինելը»։
Այս ճամփով համոզմունքն է շարժվում՝ իսկության ուղեկիցը։
Երկրորդն ասում է․ «Չկա» և «Կա չլինելը»։
Այս մեկն ըստ իս բերում է անպտուղ չիմացության,
Քանզի չես ճանաչի դու այն, ինչը չկա (դա անհնար է),
Եվ չես խոսի նրա մասին։
3
․․․ քանզի մտածելը նույնն է ինչ լինելը։
4
Նկատի առ ոչ թե ձեռնհասը, այլ այն, որ մտքում է
Քանզի գոյողը չի անջատվի գոյությունից,
Ո´չ ցրված լինելով ամբողջապես՝ կորցնելով իր կարգը,
Ո´չ էլ հավաքված։
5
Եվ միևնույն է ինձ, թե
Որտեղից սկսել, չէ՞ որ ի վերջո գալու եմ սկզբին։
6
Հարկ է ասել և մտածել լոկ այն, ինչը կա, քանզի
Կա «լինելը», բայց «ոչինչը»՝ ոչ, քննի´ր սա։
Առաջին ճանապարհը ես քեզ արգելում եմ,
Բայց արգելում եմ նաև այն մեկը, որով անգետներն են շրջում՝
Երկգլխանիները, որոնց մեջ պարապ խելքին տիրում է
Անհնարությունը, և նրանք ապշահար դես ու դեն ընկած
Կույր և խուլ ամբոխ են՝ անզոր դատելու։
Նրանց համար լինելն ու չլինելը մերթ նույնն է, մերթ
Նույնը չէ, և ամեն բան նահանջում է ինքը իրենից։
7
Ոչ, համոզիչ չէ այն, որ կա չլինելը։
Միտքդ հետ պահիր քննության այս ճամփից։
Եվ թող չբռնանա քեզ բազմափորձ սովորությունը,
Ստիպելով հայել կույր աչքով, անսալ աղմուկն ականջի
Կամ փուչ լեզվին տալ․ Դու մտքով դատիր վիճահարույց
Իմ խոսքը։
8
Իրոք որ, այս ճանապարհին հանդիպում է
Լոկ այն, ինչը կա և բազում են դրա նշանները,
Քանզի չլինելով ծնված այն նաև անկործան է,
Ամբողջական, համասեռ, անշարժ, կատարյալ։
Ուրեմն ոչ թե եղել է կամ լինելու է, այլ կա հիմա՝
Համայնական, միասնական, հավաք։
Ի՞նչ սկիզբ կգտնես նրա համար։
Որտեղի՞ց ծագի նա։ Մի՞թե նրանից, ինչը կա։ Թույլ չեմ տա
Ո´չ ասել դա, ո´չ էլ մտածել։ Չկա ո´չ միտք, ո´չ խոսք
Չգոյի մասին։ Եվ ո՞րն է կարիքը, որ կստիպեր
Նրան ուշ թե շուտ ոչնչից ծագել։
Ոչ, հարկ է, որ լինի նա հարատև, կամ չլինի բնավ։
Բայց ոչ էլ գոյից թույլ կտա ուժը համոզմունքի
Ծնվել գոյից տարբեր ինչ-որ բանի, քանզի Ճշմարտությունը
Ամուր շղթաներով կապած՝ նրան արգելել է և´ ծնվել, և´ կործանվել։
Ուրեմն կա լոկ մեկ լուծում հիշյալ հարցի․
Կա՞, թե՞ չկա։ Արդեն վճռված է, որ հարկ է թողնել
Անմիտ և անանուն այն ճանապարհը (որը կեղծ է),
Եվ ընդունել, որ գոյություն ունի մյուսը, որը ճիշտ է։
Իրոք, ինչպե՞ս ապագայում լինի այն, ինչը կա արդեն, ինչպես
Ծնված լինի, եթե այն, ինչ որ կար, այն չէ, որ կա, և այն ինչ կա,
Այն չէ, որ լինելու է։ Մարում է Ծնունդը և լռում Կործանումը,
Քանզի ամեն բան ինքն իրեն է նման, անբաժան է,
Ինքն իր մեջ ոչ մի տեղ առավել կամ պակաս չէ, այնպես, որ
Խախտվեր համալիրը։ Ամբողջովին լեցուն է գոյությամբ,
Որը նրա մեջ անտրոհելի է՝ գոյը գոյին ամփոփ կապված։
Հսկայական կապանքների մեջ անշարժ գոյում է նա,
Որ ինքն անսկիզբ է, չունի Ծնունդ և ոչ էլ Կործանում։
Դրանք արդեն մերժեց մեր արդար համոզմունքը։
Նա այդպես է հանգչում՝ ինքն իր մեջ և ինքն ըստ ինքյան,
Որ ընդմիշտ այդպես մնա։ Եվ հզոր Անանկեն
Նրան պահում է կապերի մեջ այն սահմանի, որով
Ամփոփված է, քանի որ չի լինում գոյը երբեք անավարտ։
Գոյը անկարիք է, այլապես Համայնը կլիներ նրա կարիքը։
Բայց միտքը և այն, ինչից որ այդ միտքը ծնվում է, միշտ նույնն են,
Եվ չես գտնի միտք, որը զուրկ է գոյից, որի շուրջ մտածում է,
Քանզի չկա և չի լինի երբեք ոչինչ բացի գոյից,
Որը Մոյրան սեղմ կապանքներով
Պահում է անշարժ և ամբողջական։ Իսկ ողջ մնացյալը,
Որ մարդիկ համարում են շիտակ, լոկ բառեր են․
«Ծնվել-չծնվել» կամ «լինել-չլինել»,
«Փոխել յուր տեղը», «զիլ գունափոխվել»։
Լինելով վերջին սահմանը գոյությունն ավարտուն է
Բոլոր կողմերից, ասես մարմինը կլոր այն գնդի,
Որ կենտրոնից դեպի մակերես լրիվ համասեռ է, կարիք չունի
Այստեղ ավել լինել, այնտեղ՝ պակաս, կամ՝ հակառակը։
Քանզի չգոն չկա և չի կարող զսպել գոյի ձգտումը
Լիահավասարության։ Չկա այն գոյը, որը լինելով այստեղ
Պակաս, հանկարծ այնտեղ ավել լինելը նախընտրեր։
Գոյությունն ամենուր անկործան է, ամենուր
Ինքն իրեն հավասար, իր սահմաններում համասեռ։
Ճշմարիտ մտքի մասին իմ խոսքը ես այստեղ
Ընդհատում եմ։ Հիմա ծանոթացիր մահկանացոց
Կարծիքներին և լսիր խոսքիս կեղծ շարադրանքը։
Նրանք՝ մահկանացուները, որոշել են անուն տալ
Երկու ձևերի, որոնցից մեկը չկա․ սա մոլորություն է։
Հակադիր դասելով ամեն բան և հատկանիշ վերագրելով
ամեն բանի,
Նրանք անջատել են մեկը մյուսից։ Մի տեղ եթերն է բոցկլտում՝
Թեթև, բարակ և ինքնանույնական ամբողջովին
(Իրենից դուրս եղածի նկատմամբ ուրիշ)։ Մի այլ տեղ՝ գիշերվա խավար,
Որ հակադիր է կրակին՝ իր ծանր, խիտ մարմնով։
Ես քեզ կբացատրեմ, ինչու է ճշմարիտ թվում այդ համակարգը,
Որ քեզ մահկանացուներից ոչ ոք մտքով չշրջանցի։
9
Եթե կոչվում է ամեն բան Լույս և Գիշեր, իսկ նրանց
Որակներից անուն ստացան իրերը այլևայլ, ապա
Համայնը, որը լիքն է թե՛ Լույսով, թե՛ Գիշերով աներևույթ՝
Երկուսից էլ ունի հավասար և ունայն չէ ոչ մեկը։
10
Կիմանաս եթերի բնությունը և բոլոր նշանները նրա,
Ե´վ արեգակի լուսափայլ ջահի մաքուր արարմունքն
Աներևույթ, և´ այն, ինչից ծնվել է այդ ամենը։
Ապա՝ կլորաչյա Լուսնի դեգերման ճամփաներն ու
Բնությունը։ Թե որտեղից երկինքն ամենագիրկ ծագեց,
Որին Անանկեն հարկադրեց եզերքը
Աստղային պահել․․․
11
․․․ Ինչպես եղավ, որ արեգակը, երկիրն ու լուսինը,
Եթերը, որ կցված է նրանց, Ծիր Կաթինը և
Ծայրագույն Օլիմպոսը, աստղերն իրենց ջերմության
Ուժով, ինչպես մղվեցին գոյացման։
12
Առավել նեղացող շրջանները լեցուն են անխառն հրով,
Նրանցից հետիններում Գիշեր է, թույլ է այնտեղ բոցը,
Իսկ մեջտեղում դիցուհին է՝ համայնին իշխող, նրանից
Ծագում է թե´ ամեն ցավոտ երկունք, թե´ ամեն խառնակում։
Նա է ուղարկում արուին իգականը և ապա հակառակը՝
Արականը՝ էգին։
13
Աստվածներից առաջինը ստեղծել է Էրոսին։
14
Գիշերափայլ լույսը, որ օտար շրջում է Երկրի շուրջ․․․
15
Մշտապես հայացքը հառած Արեգակի ճաճանչներին․․․
15ա
Ջրի մեջ արմատավորված Երկիրը․․․
16
Քանզի ինչպիսին էլ լինի ամեն անգամ խառնուրդը բազմամոլոր
Անդամների, այդպիսին է նաև խելքը մարդկանց, քանզի
մտածողը՝
Անդամների բնությունը, բոլոր մարդկանց և յուրաքանչյուր
Մարդու մեջ նույնն է․ միտքը՝ առավել։
17
․․․ Աջից տղաներին, ձախից աղջիկներին․․․
18
Երբ կինն ամուսնու հետ խառնում են Վեներայի սերմը,
Չափը պահելով միմյանց տարբեր արյունների, ապա
Նրանք համատեղ ուժով ծնում են բարեկազմ մարմին։
Բայց երբ այդ սերմը խառնելիս վիճում և պայքարում են
Նրանց ուժերը, ապա նորածին սեռը տառապում է երկակի սերմից։
19
Այսպես համաձայն կարծիքի գոյացել են և կան նաև այժմ,
Բայց, լինելով ծնված, հետագայում վախճանվելու են։
Յուրաքանչյուրին մարդիկ իր հատուկ անունով կոչեցին։
Ծանոթագրություններ
Դրվ․ 1․ Հեղինակը դիցուհիների՝ Արեգակի դուստրերի ուղեկցությամբ, կառքով, որը տանում են ձիերը, գալիս է դիցուհի Դիկեի մոտ և սա հայտնում է նրան ճշմարտության ուսմունքը։
Դրվ․ 6․ Երկգլխանիները․․․ – Ակնարկում է Հերակլիտոսին և նրա հետևորդներին, որոնք պաշտպանում էին հակադրությունների միասնության թեզը։
Դրվ․ 8․ Մոյրան Պարմենիդեսի դեպքում խորհրդանշում է բնության կարգը (ինչպես և Անանկեն 10-րդ դրվագում)։ Գունդը ինքն իրեն հավասար և կատարյալ գոյության խորհրդանիշն է։
Դրվ․ 10․ ․․․ արարմունքն աներևույթ․․․ – նկատի ունի Արեգակի մթագնումը։
Դրվ․ 11․ Ծայրագույն Օլիմպոս – երկնակամար։
Դրվ․17․ Նկատի ունի կնոջ արգանդում բեղմնավորումը։
Դրվ․ 18․ Դրվագը լատիներեն վերաշարադրմամբ պահպանել է հռոմեացի բժիշկ Ցելիուս Ավրելիանուսը (V դ․)։ Այստեղից է Վեներա լատիներեն անունը։
․․․տառապում է երկակի սերմից․․․ – Այսինքն՝ հերմաֆրոդիտ է։
Հին հունարենից թարգմանությունը և ծանոթագրությունները՝ Սերգեյ Ստեփանյան