Էմպեդոկլես Սիցիլիացին ապրել է Հարավային Իտալիայի Ակրագաս քաղաքում։ Հույն կենսագիրները նրա գործունեության «ակմեն» պայմանականորեն թվագրում են Ք․ ա. 444—441 թթ․-ով։ Եղել է փիլիսոփա, քաղաքական գործիչ, բժիշկ և բանաստեղծ, իսկ Պյութագորասին նմանակելով՝ ջանում էր ներկայանալ որպես մարգարե և կիսաստված, ինչի մասին բազմաթիվ լեգենդներ են պահպանվել: Գրել է երկու պոեմ՝ մոտ հինգ հազար տող ընդհանուր ծավալով (հնարավոր է՝ չափազանցված է)՝ «Բնության մասին», որտեղ շարադրված է աշխարհի կառուցվածքի վերաբերյալ իր սեփական ուսմունքը, և «Մաքրագործումներ», որտեղ շարադրված է հոգիների փոխակերպման, հատուցման ու քավության մասին պյութագորյան ուսմունքը: Էմպեդոկլեսը պատկերացնում էր Գոյությունը ոչ թե միասնական, այլ բաղկացած 4 տարրերից՝ Հուր (Արեգակ, Հեփեստոս), Օդ (Եթեր և այլն), Ջուր (Ծով և այլն) և Երկիր, որոնց վրա իշխում են երկու ուժեր՝ Սերը (Ֆիլոտես, Ափրոդիտե) և Գժտությունը (Նեյկոս): Սիրո ազդեցությամբ բոլոր տարրերը միաձուլվում են մեկ միասնական գնդի՝ Սֆերոսի մեջ (լիովին պարմենիդեսյան պատկեր), իսկ Գժտության ազդեցությամբ նորից բաժանվում են․ այս շրջապտույտն ունի պարբերական ու հավերժական բնույթ:
Բնության մասին
1
Պավսա´նիաս, խոհեմ Անքիտեսի որդի´, անսա´։
2
Սուղ են մարմնի անդամներում եղած ուժերը,
Բայց աղետները՝ միտք թմրեցնող, բազում։
Կենաց գոյի լոկ աննշան մասը տեսած՝
Ծխի պես չքանում են կարճակյաց մարդիկ,
Սոսկ այն ճանաչելով, ինչին մասամբ միայն բախտ
Ունեցան բախվել, բայց կարծելով, թե յուրացրին ամբողջը։
Քանզի ամբողջն անհաս է մեր աչք և ունկին,
Խելքին՝ անմատչելի։ Եվ դու՝ գալով այստեղ, չես իմանա
Ավել, լոկ այն, ինչին մտքով հասնել գիտե մահկանացուն։
3
Ուրեմն դուք այլոց մոլուցքը հեռացրեք լեզվիցս, դի´ք,
Եվ իմ բերանը բարեպաշտ աղբյուր սարքեք,
Քեզնից, Մո´ւսա, փառքով և անբասիր ձեռքերով կո´ւյս,
Ես աղերսում եմ այն, ինչը պատշաճ է վաղամեռիկի ունկին,
Լուրդ բարի ինձ առաքիր քո հնազանդ կառքով։
Եվ թող քեզ չստիպեն ո´չ փառքը, ո´չ էլ պսակները
Գովեստ քաղել անցավորից և բարեպաշտ խոսք զանցելով,
Հանդգնորեն իմաստության գագաթներին բազմել։
Քննիր ամբողջ ուժով, ինչպես է բացվում ամեն իր․
Ո´չ աչքդ ականջիդ գերադասիր, ո´չ էլ
Լեզվին ճշմարտախոս՝ աղմուկը ականջի։
Մյուս ուժերից ևս մի հրաժարվիր, խրթին է
Խոհը, դու միտք արա այնպես, որ իրը բացվի։
4
Զորեղ խոսքին չեն հավատում հոռի մարդիկ,
Բայց դու, ինչպես որ պատվիրում է արդար Մուսան,
Սիրտ արա ճիշտ փաստարկները ճանաչել։
5
․․․ և համր սրտի մեջ առնել, հանց ձուկը։
6
Լսիր նախ, թե որոնք են համայնի չորս տարերքները․
Զևսը պայծառ, կենսատու Հերան, Այդոնևսը
Եվ Նեստիսը՝ արցունք տվող մահկանացու աղբյուրներին։
7
Անծնունդ․ սրանք են տարրերը Էմպեդոկլեսի։
8
Ասեմ նաև, որ ոչ մի բան Համայնի մեջ
Չունի ծնունդ կամ կործանող վախճան․
Կան խառնուրդներ միայն և` մեծ բաժանումներ,
Հենց սրանք մարդիկ կոչեցին բնություն։
9
Եվ ինչ խառնուրդ էլ տեսնեն՝ մարդու
Կամ գազանի, թփի կամ թռչունի կերպարանով,
Կոչում են դա «ծնված», իսկ երբ խառնուրդը
Կլուծվի նորից, կոչում են «մահ չարաբաստիկ»։
Հարկ է այդպես․ ես ինքս հետևում եմ սույն կարգին։
11
Անմի՜տ մարդիկ։ Զի կարճ է միտքը նրանց,
Եթե կարծում են՝ գոյանալ գիտի չգոն,
Կամ լիովին տարրալուծված մեռնել։
12
Բնավ չի կարող չգոյից ծագել ոչինչ, և
Կործանումը գոյողի թե´ անհնար է, թե´ անմիտ․
Միշտ լինելու է, միշտ՝ իր տեղում, ուր էլ մղեն։
13
Չկա ամբողջի մեջ ո´չ պարապ տեղ, ո´չ ավելցուկ։
14
Չկա դատարկություն․ ուրկի՞ց ծագի։
15
Եվ այրն իմաստուն չի հորինի մտքով, թե
[Տարերքները] կան, քանի դեռ «կյանք» կոչվածի մեջ են,
Հիշյալ սահմաններում, բարու և չարի դեմ, իսկ
Վերջավորի մեջ հավաքվելուց առաջ, կամ ցրվելուց հետո՝ չկան։
16
Թևրևս կան, եղել են, կլինեն․ երբեք
Չի թոթափի դրանք անպատում հավերժությունը։
17
Ես երկակի կասեմ․ մե´րթ մեկն աճում է
Բազումից, մե´րթ այդ մեկից՝ բազումը։
Ունեն վերջավորները երկակի ծնունդ, երկակի մահ,
Քանզի համայնի կցումով ծնվում և կործանվում է մեկը
Եվ նրա բաժանումով մյուսն է ծնվում, կործանվում։
Այս փոխակերպությունը ոչ մի կերպ չի դադարում․
Մե´րթ Սերն է հավաքում, դարձնում համայնը մեկ,
Մե´րթ Գժտությունը կատաղի մեկից մյուսն է անջատում։
Այսպես բազումից սովորում է մեկը գոյանալ
Եվ մեկի քայքայումից ծագում է բազումը․
Ծագումը կա նրանց մեջ, բայց անշարժ դարը՝ ոչ։
Քանի որ հերթափոխն այդ անսահման է,
Շարժվում են հավիտյան շրջանի մեջ։ Բայց
Դու խոսքս լսիր։ Աճում է միտքը դասերից․
Չէ՞ որ ես խոսքիս սահման դնելով ասացի, որ
Խոսում եմ երկակի, քանզի մե´րթ մեկն աճում է
Բազումից, մե´րթ բազումի է լուծվում մեկը՝
Հրի, ջրի, հողի և բարձր ու անհաս օդի, որոնցից
Դուրս աղետաբեր, բայց նույնակշիռ Գժտությունն է,
Իսկ ներսում՝ Սերը, իր երկայնքն ու լայնքը հավասար։
Դու միտք դարձրու Նրան, մի´ մնա կույր աչքով։
Կարծում են, Նա սնում է անդամները վերջավոր,
Նրանով են սիրո փորձը մտածում և հանուր գործ անում,
Մե´րթ Գեթոսինե կոչելով, մե´րթ Ափրոդիտե։
Բայց այն, որ նա ամեն բան կապակցում է, դա չի տեսնում
Վերջավոր ոչ մի այր։ Լսիր ընթացքը իմ շիտակ խոսքի․
Տարրերը հավասար են և ծնունդով հասակակից։
Բոլորն իրենց պաշտոնն ունեն, իրենց բարքը,
Իշխանության բաժինը հավերժի շրջապտույտի մեջ։
Նրանց չի ավելանում ոչինչ, չի պակասում,
Քանզի եթե անվերջ վնաս կրեին, այլևս չէին լինի,
Ի՞նչը կոչվեր ուրեմն աճ Համայնի, ուրկի՞ց գար,
Եվ ո՞ւր կորչեր, եթե ոչինչ ազատ չէ նրանցից։
Ոչ, կան միայն նրանք։ Եվ թափանցում են իրար մեջ՝
Թե´ ուրիշ դառնալով, թե´ նույնը մնալով հավետ։
20
Դա երևում է վերջավոր մարմնի կազմվածքից․
Քանզի Սիրո շնորհիվ մերթ մի ամբողջ են դառնում
Կենաց ծաղկունքի մեջ մարմնին հասած մասերը,
Մերթ չարիքով պառակտումի տրոհված,
Մեկ-մեկ թափվում են կյանքի ափերին։
Նույնն է և´ բույսերի,´ և ձկների համար ջրաբնակ,
Ե´վ լեռնային գազաների, և´ հավքերի համար, որ թևածող նավեր են։
21
Բայց ահա´ քեզ խոսքիս այս նոր վկայությունը,-
Եթե նախորդի ձևը քեզ թվաց թերի,-
Որ դու տեսնես պայծառ, ամենուր ջերմ արևը,
Անմահ բաները, որ ունեն և տեսք, և փայլ,
Ամենուր մութ և ցուրտ բերող անձրևը, և թե
Ինչպես են հիմքն ու ամրությունը դուրս բխում երկրից։
Գժտության մեջ այլակերպ և առանձին են,
Բայց Սիրո մեջ՝ մեկտեղ և փափագում են միմյանց։
Քանզի սրանցից էլ ծագեցին բոլոր բաները, որ եղել են,
Կան և կլինեն՝ թե ծառ, թե այր ու կին, թե
Հավք, թե ջրասուն ձկներ, թե գազաններ, թե
Դիք, որ փառապանծ են ու երկարակյաց։
Նրանք այն են, ինչ կան՝ իրար մեջ հոսելով,
Բայց և այլանում են, որչափ նրանց խառնուրդը փոխվի։
22
Բոլորը համադաշն են բոլոր մասերում՝
Փայլակ, երկինք, ծով ու ցամաք, որքան էլ
Իրենց ծագման անցողիկը լքեն։
Այդպես նրանց, որ ենթակա են խառնման,
Սիրո մեջ նույնացնում է Փրփրածինը։
Իսկ ամենից շատ թշնամի են նրանք, որ իրարից
Հեռու են թե´ ծագմամբ, թե´ խառնուրդով, թե´ ձևերի
Զատմամբ, սովոր չեն միացման և մեծ է ցավը,
Որ ունեն իրենց սերած Գժտությունից։
23
Հանց նկարիչը սուրբ պատկերն է գույներով
Ներկում, այդպես այրերն իմաստուն՝ խելքով արվեստը
Յուրացրած, վերցնում են ներկը բազմագույն և
Ներդաշնակ խառնում՝ մի գույնը շատ, մյուսը քիչ,
Ստեղծելով համայնի բազումին նմանող ձևեր․
Այդպես մերթ ծառեր են ծնվում, մերթ կանայք, մերթ այրեր,
Գազաններ, թչուններ և ձկներ ջրասուն,
Անգամ դիք, որ փառապանծ են ու երկարակյաց։
Թող միտքդ չխաբվի, թե վերջավորների աղբյուրն
Ուրիշ է, նրանց, որ անթիվ են բազմությամբ․
Սա լավ իմացիր և անսա աստծո խոսքերին։
Ծանոթագրություններ
Դրվագ 1. Պավսանիաս – Էմպեդոկլեսի սիրեկանն է և նրա պոեմի հասցեատերը, այլ մանրամասներ հայտնի չեն։ Գերմանացի բանաստեղծ Ֆրիրիխ Հյոլդեռլինի «Էմպեդոկլեսի մահը» դրամայի գլխավոր կերպարներից է։
Դրվագ 6. Էմպեդոկլեսն այստեղ Զևս է կոչում Հուրը, Աիդոնևս՝ Երկիրը, Հերա՝ Օդը, Նեստիս (մութ դիցաբանական անուն)՝ Ջուրը։
Դրվագ 17. Երկակի է ծնունդը, և երկակի է կործանումը։ Սա կախված է նրանից, թե արդյոք աշխարհը գտնվում է Գժտության իշխանությունից դեպի Սիրո իշխանություն անցման փուլում, թե՞՝ Սիրո իշխանությունից դեպի Գժտության թագավորություն։
Դրվագներ 24—25. Ըստ երևույթին, սա Էմպեդոկլեսի մոտ հանդիպող մեծածավալ կրկնությունների արդարացումն է (օրինակ՝ 11-րդ և 21-րդ դրվագների միջև)։
Թարգմանությունը հունարենից՝ Սերգեյ Ստեփանյան