Ստորև ներկայացնում ենք հռոմեացի փիլիսոփա, հռետոր և քաղաքան գործիչ Մարկուս Տուլիուս Կիկերոյի (Ք.ա. 106-43) «Տուսկուլանյան զրույցներ» գրքի ներածական մասը, որտեղ պարզաբանվում է հունական փիլիսոփայական ավանդույթը լատինական գրականություն ներբերելու հեղինակի նպատակը:
Աղբյուրը՝ Cicero, Tusculan Disputations, The Loeb Classical Library, LCL 141.
ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ
I. Վերջապես, երբ ամբողջովին կամ մեծ մասամբ ազատ եմ ջատագովական ճառերի հոգսից և սենատորական պարտքից, ո՛վ Բրուտուս, մանավանդ քո հորդորով վերադարձա այն զբաղմունքին, որ [թեև] տագնապների մեջ մի կողմ թողնված և երկար ժամանակով ընդհատված էր, մոռացության չէր մատնվել և ահա վերակոչվեց, և քանի որ հիմունքն ու հորինվածքը բոլոր այն գիտությունների, որոնք որոնում են կեցության ճշմարիտ ձևը, ամփոփված են այն իմաստության սերտողության մեջ, որ կոչվում է փիլիսոփայություն, ես հարկ համարեցի մեկնել սա լատինական գրությամբ, ոչ այն պատճառով, որ հնարավոր չէ փիլիսոփայություն սովորել հույներից՝ [նրանց] գրվածքներից և ուսուցիչներից, այլ քանի որ միշտ եղել եմ այն կարծիքին, որ մերոնք կա՛մ ինքնուրույն ամեն բան ստեղծել են ավելի մեծ իմաստությամբ, քան հույները, կա՛մ բարվոքել են նրանցից փոխառածը. գոնե այն, ինչ համարել են ջանադրության արժանի: Քանզի բարքերն ու սովորույթները, առտնին և ընտանեկան կենցաղը մեր մեջ անշուշտ պահվում են ավելի լավ ու պատշաճ կերպով, և պետությունն էլ հիրավի մեր նախնիք կազմակերպել են ավելի լավ կարգերով ու օրենքներով: Եվ ի՞նչ խոսեմ ռազմական գործի մասին, որի մեջ մերոնք հույժ զորավոր են թե՛ քաջությամբ, և թե՛ առավել ևս կարգապահությամբ: Արդ, այն ամենը, ինչ բնատուր է, ոչ՝ սովորովի, համեմատելի չէ ո՛չ Հունաստանի, ո՛չ մեկ այլ երկրի [ունեցածի] հետ: Քանզի ո՞ր [ազգն] է ունեցել այնպիսի վայելչություն, ո՞րը՝ այնպիսի տոկունություն, ոգու զորություն, առաքինություն, պարկեշտություն, ո՞րը՝ այնչափ սքանչելի արժանիք բոլոր գործերում և որևէ անձի մեջ, որ համեմատելի լինի մեր նախնիքի հետ: Հունաստանը գիտությամբ և ամեն տեսակի երկասիրությամբ գերազանցել է մեզ,- չդիմադրողներին հեշտ է հաղթելը։ Քանզի հույների մեջ պոետներն են ուսյալների հնագույն խավը, և եթե Հոմերոսը և Հեսիոդոսն ապրել են Հռոմի հիմնադրումից առաջ, Արքիլոքոսը՝ Հռոմուլուսի օրոք, ուրեմն մենք պոետական արվեստը ճանաչել ենք ավելի ուշ: Հռոմի հիմնադրումից մոտ 510 տարի հետո՝ Կեկուսի որդի Գ. Կլավդիուսի և Մ. Տուդիտանուսի կոնսուլության ժամանակ, մեկ տարի առաջ՝ նախքան Էննիուսի ծնունդը, որը տարիքով ավելի մեծ էր Պլավտուսից և Նևիուսից, Լիվիուսը բեմ է հանել իր դրաման:
II. Այն ժամանակ պոետներին մենք ուշացումով թե՛ ճանաչեցինք, և թե՛ ընդունեցինք: Չնայած «Ծնունդք»-ի մեջ ասվում է, որ խնջույքներում սեղանակիցները սովորություն ունեին սրնգահարի նվագածությամբ գովերգելու նշանավոր այրերի առաքինությունները, բայց որ [արվեստի] այս տեսակը հարգանք չի վայելել, վկայում է [հենց] Կատոնի խոսքը, որում նա կշտամբում է Մ. Նոբիլիորին այն բանի համար, որ պրովինցիա է տարել պոետների: Իսկ սա, ինչպես գիտենք, իր կոնսուլության ժամանակ Էննիուսին տարել էր Էտոլիա: Ուստի որքան քիչ էր հարգանքը պոետների հանդեպ, այնքան չնչին էին ջանքերը [պոետական արվեստում], և այդուհանդերձ եթե ոմանք այդ ասպարեզում աչքի ընկան մեծ տաղանդով, շատ չմոտեցան հույների փառքին: Կամ մի՞թե կարծում ենք, որ Ֆաբիուսը՝ ամենաերևելի այրերից մեկը, եթե դրվատանքի արժանացած լիներ նկարելու [ձիրքի] համար, մեր մեջ ևս չէին լինի բազում Պոլիկլետոսներ և Պառասիոսներ: Մեծարանքն է սնուցում արվեստները, և փառքն է բոլորի մեջ վառում տենչեր, իսկ այն, ինչ մշտապես անտեսվում է, ոչ մեկի չի հրապուրում: Հույները համարում էին, որ կրթությունն իր լրումը գտնում է լարերի ու ձայների հնչյունների մեջ. և ահա ասվում է, որ Էպամինոնդասը,- իմ կարծիքով՝ Հունաստանի մեծագույն այրը,- հիանալի նվագել է լարավոր նվագարան, իսկ [նրանից] ոչ շատ տարիներ առաջ Թեմիստոկլեսը բիրտ մարդու անուն էր հանել, քանի որ խնջույքներում հրաժարվում էր քնարից։ Այդպես Հունաստանում ծաղկեց երաժշտությունը. այն սովորում էին բոլորը, իսկ ով անհաղորդ էր մնում, չէր համարվում բավականաչափ կրթված: Նրանց մոտ բարձրագույն տեղում երկրաչափությունն էր, ուստի ոչ ոք չուներ ավելի մեծ պատիվ, քան մաթեմատիկոսները. մինչդեռ մենք այս գիտությունը սահմանափակել ենք չափումների և հաշվարկների օգտակարությամբ:
III. Սակայն հակառակ սրան՝ արագ սերտեցինք հռետորությունը, սկզբում՝ ոչ որպես գիտություն, այլ՝ պատշաճ խոսք ասելու համար, իսկ հետո՝ որպես գիտություն։ Քանզի Գալբան, Աֆրիկանուսը և Լելիուսը, ըստ ավանդության, եղել են ուսյալներ,- մինչդեռ Կատոնը՝ նա, որ ժամանակով առաջ էր՝ [սոսկ] ուսումնասեր,- հետո հիրավի՝ Լեպիդուսը, Կարբոնը, Գրակքուսները, այնուհետև մինչ մեր օրերը [ասպարեզ են եկել] այնքան հռչակավոր այրեր, որ գրեթե ոչնչով կամ բնավ չենք զիջել հույներին։ Փիլիսոփայությունը, ցայսօր անտեսված լինելով, երբեք իր վրա չի առել լատինական գրականության լույսը. մենք պետք է պայծառ կերպով երևացնենք և արծարծենք այն, որպեսզի, եթե զբաղված ժամանակ ինչ-որ չափով օգտակար եղանք մեր քաղաքացիներին, նույնպես նաև անզբաղության մեջ, հնարավորին չափ, օգտակար լինենք: Այստեղ մենք պետք է առավել ջանք դնենք, քանզի, ինչպես ասվում է, արդեն իսկ կան հապճեպորեն գրված բազում լատիներեն գրքեր՝ թեկուզև շատ առաքինի, բայց ոչ բավականաչափ գիտուն այրերի ձեռքով: Արդ, հնարավոր է՝ [մարդ] խելացի դատի և չկարողանա պերճ լեզվով պատմել իր իմացածը. սակայն մեկը, որ գրերին պահ է տալիս իր մտքերը և չի կարողանում ո՛չ հարդարել դրանք և ո՛չ վայելուչ ձև տալ կամ մի դուրեկան խոսքով գրավել ընթերցողին, նմանվում է մարդու, որն անխոհեմաբար ի չարն է գործածում թե՛ ժամանակը, թե՛ գիրը: Ի վերջո իրենք են կարդում իրենց գրքերը՝ յուրայինների հետ. ուրիշ ոչ ոք մոտ չի գալիս՝ բացառությամբ նրանց, ովքեր փափագում են, որ իրենց նույնպես կարելի լինի գրել ըստ իրենց քմահաճույքի: Ահա թե ինչու, եթե մեր ջանքերի շնորհիվ ինչ-որ չափով աճեցրել ենք հռետորության փառքը, ապա շատ ավելի մեծ եռանդով [լցված]՝ կբացենք փիլիսոփայության ակունքները, որոնցից և բխում էր այն [հռետորությունը]։
IV. Բայց ինչպես Արիստոտելը՝ արտակարգ ձիրքով, գիտելիքով, կարողությամբ այրը, որ Իսոկրատեսի հռետորության փառքից հորդորված, ինքն էլ սկսեց կրթել երիտասարդներին ճառ ասելու մեջ՝ միավորելով իմաստությունն ու պերճախոսությունը, նույնպես և մեզ հաճելի կլինի զանց չառնելով խոսքի հին ուսումը՝ զբաղվել այս առավել ընդարձակ և արգասավոր գիտությամբ։ Քանզի ես սա եմ միշտ համարել կատարյալ փիլիսոփայություն՝ [այն], որ կարող է լիովին և գեղեցիկ կերպով խոսել կարևորագույն հարցերի մասին. այդ զբաղմունքին մենք նվիրվեցինք այնպիսի նախանձախնդրությամբ, որ վերջապես համարձակվեինք բանավեճեր վարել հույների ոճով: Ուստի քո մեկնելուց շատ չանցած Տուսկուլանումի [իմ] կալվածքում, երբ կողքիս էին բազմաթիվ մերձավորներ, փորձեցի կարողությունս այդ ասպարեզում: Քանզի ինչպես նախկինում հաճախակի կրթում էի ինձ բարվոք արտասանելու դատական ճառեր,– ինչը ոչ ոք չի արել ավելի երկար, քան ես,– նույնպես և այժմ սա իմ ծերունական ջանքն է ճառախոսության մեջ: Ես առաջարկում էի որոշել, թե ով ինչ կցանկանա լսել. դրա վրա բանավիճում էի բազմած կամ ճեմելով: Եվ ահա, հինգ օրվա բանավեճերը,- ինչպես կոչում են հույները,- ամփոփեցի նույնքան գրքերի մեջ: Իսկ [դա] արվում էր այնպես, որ երբ նա, ով ցանկանում էր ունկնդիր լինել, ասում էր՝ ինչ է թվում իրեն, այնժամ ես առարկում էի: Սա է, ինչպես գիտես, խոսակցի կարծիքի դեմ վիճելու հին սոկրատյան եղանակը: Քանզի Սոկրատեսը խորհում էր, որ այդպես կարելի է ամենադյուրին ձևով պարզել, թե ինչն է ամենից ճշմարտանման: Բայց որպեսզի մեր զրույցներն ավելի մեծ օգտակարությամբ ծավալվեն, դրանք կներկայացնեմ այնպես, որ իբրև թե բանը կայանում է, ոչ թե պատմվում:
Թարգմանությունը լատիներենից՝ Տիգրան Սիրունյան: